Երեկ Ազգային ժողովում շարունակվեց «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Հարակից զեկուցմամբ հանդես եկավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ում ելույթին տեղից պարբերաբար արձագանքում էին պատգամավորները: Վերջիններս հարցեր ուղղեցին նաեւ հարակից զեկուցողին:
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր խոսքում ընդգծեց, որ փոքր եւ միջին ձեռներեցների հանդեպ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ այդ մարդիկ ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը: «Լավ օրից չէ, որ նրանք լքել են Հայաստանը, եւ, այո՛, անհամբեր սպասում են, թե երբ է Հայաստանում լինելու այնպիսի իշխանություն, որի գերխնդիրը փոքր եւ միջին բիզնեսի մեջքը կոտրելը չլինի, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ իրենց հայրենիք»,- նշեց Զոհրաբյանը:
Քննարկվող օրենքի մասին խոսեց նաեւ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: «Որեւէ մեկդ բլեֆ մի՛ արեք, թե պատրաստվում էիք օրենքի նախագիծը քննարկել: Եթե ժողովրդի ճնշումը չլիներ, օրենքը հոկտեմբերին ուժի մեջ կլիներ: Ընդվզումը եղավ, նահանջեցիք: 2 տարվա ընթացքում 7-8 ռեֆորմ եք արել, որոնք չեք հաջողել: Իսկ ռեֆորմները չեն հաջողվում, երբ լավ մատուցված չեն, երբ հասարակությունը չի հասկանում, երբ լավը չէ, կամ երբ լավ ռեֆորմի տակ վատ խութեր են հայտնվում: Ձեր վերջին ռեֆորմները դասվում են հենց այս շարքին», - ընդգծեց պատգամավորը:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ հայտարարեց, թե հարցն օրենքի հետաձգմամբ չի լուծվում: «Սոցիալապես ծանր վիճակում գտնվող քաղաքացիներն արդարացի նշում են, ասում են, թե, եղբա՛յր, այս նախագիծը դարձել է «Խաթաբալա» բարոյահոգեբանական ֆիլմի Մարգարիտը: Ինչքան ուզում եք պճնեք Մարգարիտին, միեւնույն է՝ էդ տղան Նատալյա էր ուզում: Հիմա մեր քաղաքացիները չեն ուզում, չեն ուզում փաստաթուղթ, ասում են՝ ինձ պրիմանկա մի՛ օգտագործեք, որ մեծին բռնեք»:
Այս հարցի վերաբերյալ իր ելույթում Վարդան Այվազյանը նշեց. «Եթե չի ուզում հարկ վճարել, ուրեմն ճիշտը ցույց չի տալիս: Այն դեպքը եղավ, էն որ ասում են՝ ի՞նչ ես կերե, ասում է՝ հեչ, մյուսն ասում է՝ վռիկ ապուր, չեղավ-չեղավ, քո վռիկի չա՞փ էլ չեղավ: Ուրեմն 0-ն ավելի վատ է, քան 3.5 տոկո՞սը: Մարդկանց ասում ենք՝ փող մի՛ տուր, ասում է՝ չէ, թողեք տամ»: Վարդան Այվազյանին սկսեց հակադարձել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ գոռալով, որ արդեն ուրիշ բաներ է խոսում: Այվազյանն էլ արձագանքեց. «Ոգեւորվել ես, չգիտեմ՝ ինչից ա, պարո՛ն Բագրատյան»: Վիճաբանությանը միջամտեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, որը հորդորեց Վարդան Այվազյանին, որ տեղից ռեպլիկներին չպատասխանի:
«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքից խոսելիս Հրանտ Բագրատյանն ասաց. «Պետք է մտածել շեմ, փոքր ու միջինից քիչ ուզել, դրանից ավելը շատ ուզել: Սա էր ձեզնից պահանջվում: Ընդ որում, այդ 58 մլն շեմը պետք է հարկվի նույն ձեւ, ոնց որ փոքրը: Պա՜րզ, հասարա՜կ, գեղեցի՜կ: Ընկերնե՛ր, ֆուտբոլային կոմբինացիա պետք չի, սա «պենալ» է: Պետք է «պենալը» խփեք, գնաք կառավարություն: Կոմբինացիա մի՛ մտածեք, պետք չի ունենալ կիսապաշտպան հենակետային, հասարակ լուծում է, ա՛յ մարդ: Ոչ մի դարպասապահ չկա, 7 մետր չի, 18 մետր է, 11 մետր հեռավորությունն է, 18 մետր դարպասն է, ոնց խփեք՝ մեջն ա մտնում, հասկանո՞ւմ եք: Սա է ձեզանից պահանջվում»: Դահլիճում սկսեցին ծափահարել Հրանտ Բագրատյանին այսպիսի պարզ բացատրության համար:
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթում