▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պահենք որոշ արժեքներ և վեր դասենք դրանք քաղաքական ու անձնական շահարկումներից

Ս.թ. հունիսի 25-ին  որոշ լրատվական կայքերում տեղ է  գտել  անանուն հեղինակի կողմից գրված  Օրրան բարեգործական հասարակական կազմակերպության վերաբերյալ հոդված,որն ամբողջությամբ ապատեղեկատվություն և զրպարտիչ լուրեր է տարածում կազմակերպության մասին:  

Մենք հարկ ենք համարում անդրադառնալ հոդվածի ստահոդ տեղեկատվությանը, լավ հասկանալով, որ այդ հոդվածի նպատակն ամենևին էլ Օրրանի մասին անաչառ տեղեկատվություն տրամադրելը  չէր:

 

  1. Հոդվածի սկզբում «անանուն հեղինակը» գրում է. «Ր. Հովհաննիսյանը «Օրրան Գրիգորյան կենտրոնի» ղեկավարին հրահանգել է, որպեսզի բարեգործական կազմակերպության գործունեությունը ներկայացնելիս դրա անվան մեջ չնշվի «Գրիգորյան կենտրոն» անունը: Սրանով Ր. Հովհաննիսյանը նպատակ ունի կազմակերպության կողմից իրականացվող բարեգործությունը վերագրել միմիայն իր ղեկավարած «Օրրան» հիմնադրամին և «Ժառանգություն» կուսակցությանը՝ ի դեմս իրեն»:

 

Ինչպես ասում են` ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան տասն անգամ լսել: Լուսանկարում պատկերված է Վանաձորի Օրրան Գրիգորյան կենտրոնի  շենքը, որի  համար Գրիգորյաննների առատաձեռն ընտանիքը նվիրաբերել է  շենքի արժեքի 20 տոկոսը: Ինչպես երևում է նկարում` Գրիգորյան ազգանունը տեղադրված է շենքի ճակատային մասում` հենց ամենատեսանելի հատվածում:

Ես եմ հանդիսանում «Օրրան» բարեգործական կազմակերպության տնօրենը և ես եմ  զբաղվում կազմակերպության կառավարչական աշխատանքներով, իսկ ամուսինս` Րաֆֆին, չնայած լինելով հիմնադիր, չի մասնակցում կազմակերպության կառավարչական աշխատանքներին և չի միջամտում կազմակերպության գործունեությանը:

 

  1. Այնուհետև «անանուն հոդվածագիրը»  շարունակում է. «Նույն աղբյուրի փոխանցմամբ, Ր. Հովհաննիսյանը փորձում է «Ժառանգություն» կուսակցությանը վերագրել նաև հայազգի ռոք երաժիշտ Թանկյանի ֆինանսավորմամբ «Օրրան. Գրիգորյան կենտրոնում» Վանաձորի անապահով տարեցների համար իրականացվող «Տաք սնունդ» ծրագիրը» :

 

Մեզ համար մեծ պատիվ է, որ աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, որն իր տիկնոջ` Անժելայի հետ,   իր աջակցությունն է բերում   հայրենիքի և սփյուռքի հազարավոր կազմակերպություններից մի քանիսին, իր ցանկի մեջ ներառել է նաև «Օրրանը», որի համար մենք երախտապարտ ենք նրան:
Չնայած որ երաժիշտը համեստորեն նշել է չընդգծել այդ օգնությունը, այնուամենայնիվ ստորև ներկայացնում ենք  հղումներից մի քանիսը, որոնցում իմ կողմից տրված հարցազրույցներում  անդրադարձ է կատարվել Սերժ Թանկյանի  կողմից տրամադրված օգնությանը:

1.civilnet.am

2.armenpress.am
3.aravot.am
4. yerkir.am
5.panorama.am
6.lrahos.com
7.slaq.am
8. asbarez.com

9.asekose.am

 

  1. «Անանուն հեղինակը» շարունակում է.  «Պարզվում է , որ վերջերս «Օրրան. Գրիգորյան կենտրոնի» տնօրենը անապահով ընտանիքների երեխաների մկրտությունը կազմակերպելու համար դիմել է Լոռու մարզի պետական պաշտոնյաներին ու գործարարներին, ինչի արդյունքում հավաքվել է մոտ 2 մլն դրամ գումար: Սակայն արդյունքում «Օրրանը» երեխաների մկրտության արարողության համար ծախսել է ընդամենը 300.000 դրամ, իսկ մնացածը անձամբ Արմենուհի Հովհաննիսյանի ցուցումով ուղարկվել է իրեն՝ Երևան»:

 

«Օրրանը»   ոչ միայն օրինակելի բարեգործական կազմակերպություն է, այլ այն նաև նոր մշակույթ է ձևավորում բարեգործության բնագավառում, որի առանցքային կողմերից  մեկը բարեգործության համար դրամական միջոցներ հայթհայթելն է: Ոչ միայն սփյուռքի, այլ նաև հայաստանաբնակ մեր հայրենակիցները նույնպես պետք է մասնակցություն ունենան բարեգործական ձեռնարկներին: Վանաձորի քաղաքապետարանի և Լոռու մարզպետարանի հետ Օրրանի համագործակցությունը միակողմանի չէ: Օրրանը բազմաթիվ անգամներ է անհատույց հարմարավետ տարածքներ տրամադրել մարզպետարանին`  միջոցառումներ կազմակերպելու համար: Իսկ ինչ վերաբերվում է այն տեղեկատվությանը , որ այդ միջոցառման արդյունքում  հավաքվել է 2 մլն դրամ, իսկ ծախսվել է ընդամենը` 300 000 դրամ, ապա այն  նույնպես չի համապատասխանում իրականությանը: Տեղեկացնում ենք, որ այդ միջոցառումից հավաքվել է ընդամենը  540 000 դրամ, որից մկրտության համար ծախսվել է  300 000  դրամը, իսկ մնացածը`  որպես ֆինանսական օժանդակություն  կուղղվի այդ երեխաների դպրոցական ծախսերը հոգալուն:

  1. Այնուհետև «անանուն հեղինակը» շարունակում է իր ապատեղեկատվությունը Օրրանի սաների մկրտության արարողությունից ստացված եկամուտների տնօրինման վերաբերյալ այսպես. « իսկ մնացածը անձամբ Արմենուհի Հովհաննիսյանի ցուցումով ուղարկվել է իրեն՝ Երևան»:

 

Ինչպես բոլոր այն կազմակերպությունները, որոնք ունեն մասնաճյուղեր մարզերում, «Օրրանն» էլ իր բոլոր ֆինանսական գործարքները, դրամական մուտքերը և ելքերը իրականացնում է կենտրոնական գրասենյակից, որը գտնվում է Երևանում: Վանաձորի Օրրանին ուղղված դրամական միջոցները մտնում են Երևանի գրասենյակ  և  ծախսերը նույնպես կատարվում են Երևանի գրասենյակից:

 

  1. Նույն կերպ «անանուն հեղինակը» շարունակում է.  «Արմենուհի Հովհաննիսյանին է ուղարկվել նաև «Օրրանի» սաներին Ուռեկի տանելու նպատակով հավաքված գումարի մի մասը»:

 

Մեզ Ուռեկի անունը ծանոթ է այնքանով, որքանով որ  անցյալ տարի «Օրրանի» 5 սաներ  «Բաց հասարակայնության ինստիտուտի» ֆինանսավորմամբ հրավիրվել էին այդ հանգստավայր` իրենց ամառային հանգիստն անցկացնելու համար: Օրրանի սաներն Ուռեկիում եղել են հյուրի կարգավիճակով, իսկ  «Օրրան» կազմակերպությունը ընդհանրապես չի մասնակցել այդ կապակցությամբ ոչ մի ֆինանսկան գործարքի:

 

 

  1. Իր հաջորդ միտքը «անանուն հեղինակը» ձևակերպվում է այսպես. «Հովհաննիսյանների կողմից բարեգործական կազմակերպությունը նման կերպով ղեկավարելու գործելաոճը խիստ դժգոհություն է առաջացրել Վանաձորի «Օրրան. Գրիգորյան կենտրոնի» ղեկավարության ու աշխատակիցների շրջանում:
    Այդ դժգոհությունը կրկնապատկվել է նաև այն պատճառով, որ կենտրոնի աշխատակիցներն իրենց կատարած աշխատանքի դիմաց «Օրրան» հիմնադրամից ստանում են անհամեմատ ցածր աշխատավարձ, այն էլ՝ ուշացումներով:

 

Մենք ուրախ ենք, որ բացի այն օգնությունից, որը «Օրրանը» տրամադրում է Վանաձորի շուրջ 83 երեխաներին և 31 տարեցներին , միաժամանակ մենք կարողացել ենք նաև հարմարավետ աշխատատեղեր ստեղծել ավելի քան 17 վանաձորցիների համար, որոնք ստանում են պատշաճ աշխատավարձ` ըստ իրենց հաստիքների և առանց ժամկետային ուշացումների:

 

«Օրրան» բարեգործական կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Օրենսդրության շրջանակներում: Կազմակերպությունը յուրաքանչյուր տարի աուդիտորական ստուգումներ է անցնում աշխարհում հայտնի և հեղինակավոր Grant Tհornton  աուդիտորական կազմակերպության կողմից: Իսկ այդ ստուգումների  համառոտ  հաշվետվությունները տեղադրվրում են կազմակերպության վեբ կայքում` www.orran.am:

Ցավալի է, որ այսօր վերացել են բոլոր արժեքները և անանուն հեղինակերն իրենց ապրուստը պետք է հայթհայթեն ապատեղեկատվություն տարածելով: Լավ կլիներ, որ մեր այս փոքրիկ հայրենիքում պահեինք  գոնե որոշ արժեքներ և վեր դասեինք դրանք  քաղաքական և  անձնական շահարկումներից:

 

Արմինե Հովհաննիսյան
Օրրան բարեգործական հասարակական կազմակերպության
հիմնադիր տնօրեն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее