Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցում կնքահայրը պետք է լինի`
արական սեռի,
Հայոց Եկեղեցու զավակ, այսինքն` մեր Եկեղեցում մկրտված և դրոշմված կամ այլ Եկեղեցում մկրտված, բայց Հայոց Եկեղեցուն անդամագրված: Այս մասին երջանկահիշատակ Շնորհք արք. Գալուստյանը (1913-1990) շատ հստակ բացատրում է. «Հայ Եկեղեցիի անդամ պէտք է ըլլայ կնքահայրը, որովհետև ան երախան կը ներկայացնէ, որպէսզի անդամ դառնայ Հայ Եկեղեցիին: Եթէ ինք անդամ չէ` իրաւասու չէ առաջարկելու որևէ երախայ Հայ Եկեղեցիի անդամակցութեան. ո´չ իրաւունք և ո´չ ալ ոևէ հանգամանք ունի Հայ Եկեղեցիի անդամ չեղող մը միջնորդ հանդիսանալու մէկու մը Հայ Եկեղեցիի զաւակ դառնալուն: Երկրորդ` Հայ Եկեղեցիի հաղորդական անդամ պէտք է ըլլայ, որովհետև կնքահայրն է, որ տակաւ առ տակաւ պիտի վարժեցնէ և սորվեցնէ մկրտեալ իր սանին Հայ Եկեղեցիի տարրական կրօնական սովորութիւնները և կարգ կանոնը, որոնց մէջ առաջին հերթին կուգայ պարբերաբար Ս. Հաղորդութիւն առնելը: Եթէ կնքահայրը ինք չի հաղորդուիր, ինչպե՞ս կրնայ իր սանը առաջնորդել Ս. Հաղորդութեան»:
չափահաս: Նախընտրելի է, որ մանկան պարագային կնքահայրը գոնե շուրջ 20 տարեկան լինի, իսկ չափահասի դեպքում` մկրտվողից մի քանի տարի մեծ` ստանձնելու համար հոգևոր դաստիարակի իր պարտականությունները:
ուղղափառ հավատքի տեր, առաքինի և պարկեշտ կյանքով ապրող մարդ, ով քաջատեղյակ է քրիստոնեությանը, հավատքի կարևոր սկզբունքներին, Հայոց Եկեղեցու սրբազան խորհուրդներին և այլն, որպեսզի իր կենդանի օրինակով կարողանա վկայել, երաշխավոր ու հոգևոր խնամակալ դառնալ մկրտվողի համար: Եվ ամենակարևորը` նա պետք է նոր մկրտվածին դաստիարակի այն Եկեղեցու ոգով, որի անդամն է ինքը: Եթե կնքահայրն ամուսնացած է, ապա պետք է լավ ընտանիքի հայր և օրինակ լինի մյուսների համար: Իսկ եթե ամուրի է, ապա նրա բարոյական նկարագրի մասին պիտի վկայեն ուրիշները: Այլ խոսքով` կնքահայրն իր ընտանիքով և նկարագրով տիպար օրինակ պետք է լինի:
Հատված Զաքարիա վրդ. Բաղումյանի` «200 հարց Ս. Մկրտության մասին» գրքից
Աղբյուրը`armchurchinfo