▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է զբաղվում հայտնի հայ երգիչ-երգչուհիների սոցցանցի էջերի մարկետինգով. որքա՞ն գումար կարող են վաստակել YouTube-ից հայ օգտատերերը. Արմեն Ասրյանը բացահայտում է

Վերջին տարիներին համացանցի, մասնավորապես՝ Youtube-ի տարածման շնորհիվ հաճախ կարող ենք լսել, որ դրա շնորհիվ հնարավոր է հսկայական գումարներ աշխատել: Արդյո՞ք սա միֆ է, թե՞ ժամանակակից միլիոնատերերը հենց համացանցից են, Asekose.am-ը պարզել է SMM մասնագետ Արմեն Ասրյանից:

«Իհարկե, YouTube-ի շնորհիվ հնարավոր է գումար աշխատել, սակայն դա պայմանավորված է մի քանի գործոնով», -ասաց Արմեն Ասրյանը: Նրա խոսքով՝ այնպես չէ, որ դա բոլոր ալիքների եւ տեսանյութերի դեպքում է գործում.

«Առաջին հերթին ալիքը պետք է Youtube գործընկերոջ ծրագրում հաստատված լինի եւ երկրորդ` օգտատերը պետք է ունենա յուրահատուկ եւ հետաքրքիր տեսանյութեր: Այստեղ, իհարկե, շատ նրբություններ կան, թե որ դեպքերում է տեսանյութը շատ կամ քիչ գումար աշխատում, սակայն դրանք թվարկելը եւ բացատրելը երկար կտեւի: Նշեմ միայն որ, կարեւոր է, թե որ երկրից են լինում դիտումները, քանակը եւ ամենակարեւորը, թե ինչքանով է հետաքրքիր տեսանյութը մարդկանց համար։ Գովազդատունները նախընտրում են իրենց արտադրանքը գովազդել թրենդային եւ նոր տարածում գտնող տեսանյութերի վրա եւ վճարում են բավականին մեծ գումարներ դրանց համար։ Այնպես որ կարեւոր է, որ ձեր տեսանյութը լինի հետաքրքիր եւ տարածում գտնի այն երկրներում, որտեղ բարձր է գնահատվում 1000 դիտումը եւ ժամաքանակը, թե ինչքան երկար են այն դիտել»։

Նշենք, որ Արմեն Ասրյանի անուն-ազգանունը կարող ենք հանդիպել հայկական երգարվեստի ամենամեծ պահանջարկ ունեցող արտիստների տեսահոլովակներում: Հենց նրան են վստահում իրենց տեսոհոլովակի SMM աշխատանքները Արամեն, Քրիստինե Պեպելյանը, Արամ MP3-ը, Սոնան, Կարեն Բոկսյանը, Իվետա Մուկուչյանը, եւ այլք։ Ինչ խոսք, այսօր արտիստների գրանցած միլիոնավոր դիտումները ոչ միայն խոսում են նրանց հայտնիության, պահանջարկի, այլեւ փաստում են դրանց շնորհիվ վաստակած գումարները.

«Իհարկե, հայ արտիստները Youtube-ի միջոցով գումար կարողանում են աշխատել, սակայն այստեղ էլ կրկին ամեն բան կախված է մի քանի գործոններից: Հնարավոր է, որ արտիստն ունենա 100.000 դիտում, սակայն վաստակի 500 դոլար այդքան դիտումից եւ հակառակը ունենա 1,000,000 դիտում եւ վաստակի 100 դոլար»։

Ըստ Արմեն Ասրյանի՝ լավ եկամտի ցուցանիշներ գրանցելու համար պարտադիր չէ լինել մեծ պահանջարկ ունեցող արտիստ.

«Youtube-ում բոլորի համար էլ գործում են նույն սկզբունքները, այսինքն՝ այնպես չէ, որ եթե հայտնի երգիչ կամ երգչուհի չես, ապա լավ արդյունք չես կարող գրանցել: Ամեն բան, ինչպես արդեն նշեցի, պայմանավորված է երկրով, գովազդով եւ YouTube-ի եկամտի այլ միջոցներով: Իհարկե, նեղ մասնագիտական մի շարք տվյալներ կարող եմ նշել, սակայն լսարանին դա կարող է բարդ թվալ: Ամենակարեվորը դա ունենալ հետաքրքիր եւ թրենդային տեսանյութ, որը տարածում կգտնի ոչ միայն հայաստանում, այլ նաեւ արտերկրում։

Թեպետ Արմեն Ասրյանի աշխատանքային ցանկում են ամենամասսայական արտիստներն ու նրանց միլիոնավոր դիտումները, Արմենը նշում է, որ իրեն դիմելու

համար պարտադիր չէ հայտնի լինելը.

«Երբ նկատում եմ, որ տվյալ անձը հետաքրքիր է, հնարավոր է՝ ինքս էլ առաջարկեմ օգնությունս: Այսօր կարեւորը, որ հիմքում հետաքրքիր աշխատանք լինի: Ինչո՞ւ են այսօր բլոգերներն այդքան պահանջված, քանի որ ակտիվ են, շատերը նաեւ հետաքրքիր կոնտենտ են մատուցում, արդյունքում դառնում են հայտնի եւ կարողանում են գումար վաստակել: Պետք է կարողանալ գտնել քո ուժեղ կողմը, որ հատուկ է քեզ, որ խոսակցական լեզվով ասած՝ համ ու հոտ է տալիս քեզ»:

Արմեն Ասրյանը անդրադարձավ նաեւ կեղծ դիտումներին՝ նշելով, որ այսպես ասած՝ սեւ շուկան հիմա էլ կա, սակայն նախկինի պես ակտիվ չէ:

«Շատերին թվում է, թե կեղծ դիտումները եւ կեղծ հետեւորդներն իրենց կարող են լրջություն եւ ստատուս հաղորդել, սակայն դա սխալ մոտեցում է, որը հաջողություն չի կարող ապահովել»:

Հավելենք նաեւ, Արմեն Ասրյանն արդեն 10 տարի է, ինչ աշխատում է որպես SMM մասնագետ, մասնագիտությամբ դիզայներ է, ինչն էլ երբեմն էլ օգնում է իրեն այս աշխատանքի մեջ.

«Դիզայներ լինելս շատ է օգնում, մասնագիտական հմտություններս կիրառում եմ տեսահոլովակների cover-ներ եւ ինֆորմացիոն պոստեռներ պատրաստելիս, քանի որ մանրակրկիտ աշխատանք է տարվում եւ տեսահոլովակը պետք է ներկայացնել վիզուալ առումով հասկանալի եւ ճիշտ: Արդեն երկար ժամանակ է, ինչ ոլորտում եմ, ինչ խոսք, այսօր շատերն են իրենց SMM մասնագետ համարում, սակայն լավ մասնագետը չպետք է կարիք ունենա ինքնագովազդի, այլ իրեն պետք է գովազդեն իր կատարած աշխատանքի արդյունքով , եւ մարդիք, ում հետ նա աշխատել է։ Որքան էլ տվյալ աշխատանքը լավը լինի, առանց գրագետ եւ ճիշտ կարգավորումների ու գործողությունների, հնարավոր չէ հասնել լավ արդյունքների», -եզրափակեց Արմեն Ասրյանը:

 

Հեղինակ՝ Լիլիթ Հակոբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее