Դիտեք նաև՝
Սահմանապահ Տավուշ աշխարհից Արման Նավասարդյանը հայտնի դերասան է, ռեժիսոր, դասախոս։ «Հայացք» հաղորդաշարն իր եթերի զրույցում անդրադարձել էր Արմանի զինվորական ծառայությանը, մանկության հուշերին, արածին և մեծ անելիքներին։
Դերասանը հաղորդման սկզբում հուզվել էր.
«Մեզ միշտ սովորեցրել են, որ եթե լարվում ես, ուրեմն նորմալ է, բայց իմ դեպքում խանգարում է։ Ներկայացումներից, նկարահանումներից առաջ հուզվում եմ, որովհետև չգիտես` ինչ դուրս կգա։ Լինում են դեպքեր, որ դժվար եմ հաղթահարում ու դա ինձ խանգարում է»։
Սովորել և կերտվել է Սոս Սարգսյանի արվեստանոցում, դերասանի դիմագիծ ստացել է հենց այդ տարիներին.
«Սոս Սարգսյանը մինչև հիմա ինձ հետ է, մնացել է իմ ներսում` թեպետ ֆիզիկական ներկայությունը չենք տեսնում։ Հիմա ավելի շատ եմ հետը զրույցներ ունենում և ավելի շատ ոչ մասնագիտական թեմաներով՝ ցավոք սրտի։Նա իմ ճանաչած լավագույն մտավորականն էր։ Մեծ մտավորական էր։ Ինքը որ հիմա ողջ լիներ, վստահ եմ ասում, չէր ապրի…»:
Խոսելով մտավորականության մասին` ասաց.
«Ծախված մտավորական»,«վաճառված արվեստագետ» և այլն, և այլն. փորձեցին ցեխ շպրտել մտավորականության վրա և այնպես անել, որ իսկապես մտավորականություն չձևավորվի՝ այսօր արդեն պետականորեն»։
Արամ Նավասարդյանը կարոտում է մանկության և հին ու բարի ժամանակների ջերմությունը.
«Հիմա մնացել ենք մենակ, և դա սոսկալի բան է։ Այն ժամանակ չէինք գիտակցում։ Հիմա եմ հասկանում, որ այն պակաս, վտանգավոր, պատերազմական տարիների մեջ մենք երջանիկ էինք ու չէինք գիտակցում, որ իսկապես երջանիկ ենք։ Երջանիկ էինք իրարով, այսօր ամեն ինչ կա, բայց մենք այլևս չունենք իրար»։
Ամեն անգամ, երբ կա փոքր ինչ լարվածություն սահմանին, նկատելի է Արման Նավասարդյանի ներկայությունն այնտեղ։ Ինչպես է կայացնում որոշումը գնալու.
«Առաջին անգամ, երբ խրամատում էի մենակ, ինձանից մի քանի մետր այն կողմ` մի ուրիշ զինվոր, դիմացդ` ինչ-որ լույսեր Ադրբեջանական գյուղի կամ քաղաքի, գիշերը երկուսն էր, երեքը, մի զգացողություն ունեցա,որը չեմ մոռանում՝ ոտքերս գետնից կտրվեց, հասկացա, որ այս երկրի առաջին մարդն եմ՝ ամենաառաջինը։ Երանի նրանց, ովքեր ունեցել են այս զգացողությունը։ Սա ամեն մեկի խելքի բանը չէ՝ զգալ այդ ամեն ինչը…»:
Աղբյուրն՝ այստեղ