Իրենց խոստման համաձայն, երեկ ՀՀ կառավարության շենքի առջեւ էին հավաքվել ինչպես երեւանյան տոնավաճառների, այնպես էլ Երեւանի ոսկու շուկայի առեւտրականները. նրանք կրկին դժգոհում էին շրջանառության հարկից: Ակցիան նորից արդյունք չտվեց, որովհետեւ երկար սպասելուց հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չբարեհաճեց հանդիպել քաղաքացիներին: «Ժողովուրդ»-ը իր լավատեղյակ աղբյուրներից պարզեց, որ կառավարության նիստից անմիջապես հետո Հովիկ Աբրահամյանը ծառայողական մուտքով հեռացել էր՝ բողոքավոր զանգվածին թողնելով այնտեղ:
Ահաբեկել էին մարդկանց
Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ Երեւանի տոնավաճառների եւ ոսկու շուկայի մի շարք աշխատակիցների արգելվել է մասնակցել բողոքի ակցիային: Սակայն ինչպես եւ նախորդ անգամ, կառավարության շենքի առջեւ կայացած բողոքի ակցիան բազմամարդ էր: Նրանք պահանջում էին կասեցնել հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ փոփոխված օրենքը:
Այս պատճառով մենք առավոտյան նախ գնացինք ոսկու շուկա, որտեղ տհաճ միջադեպի ականատեսը եղանք: Վարդագույն կոստյում հագած ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը ջարդուփշուր էր անում աշխատակիցների վաճառասեղանները: Եվ այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ անհարմար դրության մեջ հայտնված վաճառողները կարծես Վաղարշի ստրուկները լինեին. լուռ, վախեցած այս ու այն կողմ էին նայում:
Վաղարշի անօրինական գործողությունները ֆիքսել է armlur.am-ի տեսախցիկը: Սակայն երեկվա դրությամբ ո՛չ ՀՀ ոստիկանությունը, ո՛չ դատախազությունը, ո՛չ էլ ՀՀ քննչական պետական կոմիտեն Վաղարշ Աբրահամյանի լկտի պահվածքին իրավական գնահատական չեն տվել: Մինչդեռ նորմալ իրավական պետություններում այս արարքը չէր ներվի, եւ եթե Հայաստանը փոքր-ինչ նման լիներ այդ պետություններին, ապա Վաղարշ Աբրահամյանը վաղուց պետք է ճաղերի հետեւում լիներ: Նա խուլիգանություն է արել եւ բռնի կերպով տիրացել մարդկանց ունեցվածքին, քանի որ այդ կոտրված սեղանների մեջ կային ոսկյա զարդեր: Իսկ վաճառական կինն աղերսում էր չտանել իր վաճառասեղանը՝ նշելով, որ սեղանի դարակների բանալիներն իր որդու մոտ են, իսկ որդին քիչ անց կմոտենա: Այնուհետեւ կինը սկսեց իրեն վատ զգալ եւ արտասվեց: Սակայն Վ. Աբրահամյանը շրջում էր շուկայով եւ գոռում՝ «սեղանները լուսամուտից դուրս շպրտեք»:
Վաղարշն ու իր թիկնապահները. որտե՞ղ է ՀՀ ոստիկանապետը
«Ժողովուրդ»-ը փորձեց «գազազած» Վաղարշ Աբրահամյանից հետաքրքրվել, թե ինչու է նման կերպ վարվում աշխատակիցների հետ: Ի պատասխան տնօրենը բացատրեց, թե որոշել է աշխատակիցներին կարգի հրավիրել: «Մեր իշխանությունները շատ լավ օրենք են ընդունել, ժողովրդի համար շատ պիտանի: Այո, ես հրահանգել եմ, ճիշտ եմ արել եւ էլի պետք է շարունակեմ»,- հայտարարեց Վ. Աբրահամյանը: Մեր այն հարցին, թե ի՞նչ է սպասվում կառավարության առջեւ բողոքի մասնակցած վաճառականներին, Աբրահամյանը պատասխանեց. «Միջոցներ եմ ձեռնարկում, որ հետ գան. համոզում ենք, խնդրում, հորդորում: Եթե չգան՝ մենք իրենց տեղերը կտանք ուրիշին: Բա ի՞նչ անենք, թողնե՞նք գնան... անօրինական... Չգիտեմ, թե ինչ հոսանքների տակ են ընկնում, ուզում են ապօրինի աշխատել: Բա կլինի՞ նման բան: Թող փաստաթղթավորեն ամեն ինչ, որ պարզ լինի, թե ումից են ոսկի ստանում: Հիմա շրջում եմ շուկայով, որպեսզի տեսնեմ, թե ով չի եկել աշխատանքի, իրեն կարգի հրավիրեմ»: Վարդագույն կոստյում հագած Վաղարշ Աբրահամյանը հավանաբար տեղյակ չէ, որ ՀՀ Սահմանադրության մեջ սեւով սպիտակի վրա նշված է, որ «յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ, ժողովներ, ցույցեր անցկացնելու իրավունք»:
Հուսանք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը կամ ոստիկանությունը այս հրապարակումը կընդունեն որպես հաղորդում հանցագործության մասին:
Ուղարկեցին Գալուստ
Սահակյանի մոտ
Դառնանք կառավարության առջեւ հավաքված մարդկանց դժգոհությանը: Մի քանի հարյուրավոր առեւտրականներ սուլում էին եւ վանկարկում՝ «ամոթ, ամոթ», «վարչապետ, իջիր»: Սակայն արձագանք չկար: Տեսնելով, որ վաճառականները չեն հեռանում, կառավարության նամակների եւ բողոքների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը դուրս եկավ շենքից եւ փորձեց նրանց «համոզել», որպեսզի հեռանան: Սակայն ակցիայի մասնակիցները նրան հետ ուղարկեցին: Նրանցից մեկը, ով Մալաթիայի ոսկու շուկայում է աշխատում, զայրացած բացականչեց. «Ես իմ էրեխու մի կտոր հացի համար եմ պայքարում: Ձեր կինը հիմա բազկաթոռի վրա նստած հաճույք է ստանում: Ես իմ էրեխու համար ձեր բոլորի աչքերը կհանեմ, գնա վարչապետիդ ուղարկի: Դու ոչ մի հարցի պատասխան չգիտես»: Ղազարյանը, չկարողանալով առեւտրականներին համոզել, լուռ հեռացավ:
Որոշ ժամանակ անց վաճառականներից մեկի միջոցով վարչապետը նրանց հորդորեց գնալ ՀՀ Ազգային ժողով եւ այնտեղ դժգոհել, քանի որ օրենքն այնտեղ է ընդունվել: Հավանաբար այստեղ էլ ՀՀ վարչապետն էր մոռացել, որ 2012-2014 թթ. ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի նախագահը հենց ինքն է եղել եւ օրենքը ընդունվել է իր պաշտոնավարման տարիներին: Այնպես որ, անիմաստ քայլ էր հնչած քննադատության ուղղությունը փոխելը: Թեեւ այն իր ազդեցությունն ունեցավ. այս հայտարարությունից հետո առեւտրականները սկսեցին հեռանալ: Այդ ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման վարչության պետ Ռաֆայել Պողոսյանը բնակիչներին օգնեց դիմում-բողոք գրել, որն էլ պետք է ուղղեն պաշտպան Կարեն Անդրեասյանին:
Վատ օր՝ նախարարի համար
Իսկ ահա կառավարության ներսում գործադիրը փոփոխության ենթարկեց նվազագույն աշխատավարձի չափը սահմանող օրենքը: Նոր որոշման համաձայն` նվազագույն աշխատավարձը նախկին` 50.000 դրամի փոխարեն՝ սահմանվեց 55. 000 դրամ: Եվ պետք է նկատել, որ երեկ թեժ էր ոչ միայն կառավարության բակում, այլեւ ներսում:
Մասնավորապես ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի «բախտը չբերեց». նախ՝ Հովիկ Աբրահամյանը նկատողություն արեց՝ հարցը երկար-բարակ մատուցելու համար, ապա ձախողվեց նրա մամլո ասուլիսը: Լրագրողները ցանկացան Մանուկյանից իմանալ իր կարծիքը Սուրեն Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելու մասին, ինչից նախարարը հրաժարվեց եւ լքեց ասուլիսների սրահը:
Այսպիսով, պետք է արձանագրել, որ ով ՀՀ կառավարության շենք է մտնում՝ իբրեւ վարչապետ, դրսեւորում է քրոնիկ ատելություն՝ փոքր եւ միջին բիզնեսի նկատմամբ: Օրինականությանն ուղղված նրանց բոլոր փորձերը արվում են հենց փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների գլխին: Որքան էլ գործադիրից վստահեցնեն, որ իրենց նպատակը խոշորների ստվերային գործունեությունը բացահայտելն է, այնուամենայնիվ, իրականությունն այլ է:
Հեղինակ`
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում