▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոսկու աշխարհի»-ի Վաղարշն անպատժելի է. «Ժողովուրդ»

 

Հայաստանում ձեւավորվել է կիսատ-պռատ բուրժուազիայի մի խավ, որն իրեն օլիգարխ ու օրվա տեր է կարծում, փողկապ է կապում ու երբեմն էլ մասնակցում էլիտար «կորպորատիվների», սակայն, ըստ էության, չի անցել միկիտանսաքոների ու բազազարտեմների մակարդակից եւ մնում է նույն չուխայավոր «փող թռցնողը»՝ առանց երեւակայության ու ներշնչանքի…

 

Այս խավի ամենավառ ներկայացուցիչներից մեկն էլ «Ոսկու շուկա»-ի Վաղարշն է՝ Վաղարշ Աբրահամյանը, որը մինչեւ 1990-ականները բոլորին անծանոթ մեկն էր, մինչդեռ անսպասելիորեն տեր կանգնեց «Մարքսի բաղնիքին» ու այն վերածելով ոսկու  տոնավաճառի՝ սկսեց աշխարհին նայել իր շքեղաշուք մեքենայի պատուհանից: Եթե գալիք դարերի պատմաբանները փորձեն անդրադառնալ մերօրյա իրադարձություններին եւ հայացք հառնել նաեւ Վաղարշին ու նրա բիզնեսին, ապա, առնվազն, պիտի հիշեն Իլֆի ու Պետրովի վեպն ու հարցնեն, թե ով էր Վաղարշը հեղափոխությունից առաջ:

Բայց այդ հարցն այլեւս ակտուալ չի լինի, որովհետեւ կարեւորն այն է, թե ով դարձավ նա հեղափոխությունից հետո եւ ինչպես բառացիորեն ջրի գնով ձեռք բերեց ահռելի տարածքը, որը մայրաքաղաքի պատմությունն ու կոլորիտը հարստացնող շինություններից մեկն էր: Վաղարշին, իհարկե, շինության պատմական ու մշակութային արժեքը չէր հետաքրքրում, այլ նրանից սպասվող եկամուտը: Ու մեծ, շա՜տ մեծ եկամուտներ ստանալու ակնկալիքով էլ նա սկսեց ամեն մի սանտիմետրի վրա վաճառասեղան տեղադրել՝ համոզված, որ գործազրկության մեր ժամանակներում ամեն ոք կուզենա մի փոքր աշխատատեղ ունենալ ու մեծագույն դժվարությամբ՝ հոգալ իր ընտանիքի մասին:

Հարստանալու մոլուցքով տարված՝ Վաղարշ Աբրահամյանն այստեղ «աննորմալ» գներ էր սահմանել՝ մարդիկ ընդամենը 20 քմ տարածքի համար 100 հազար դրամ վարձ էին տալիս, ինչը, սակայն,   քիչ էր համարում Վաղարշն ու   անընդհատ կամենում  բարձրացնել վարձավճարները՝ առանց որեւէ չափով բարելավելու տոնավաճառի աշխատակիցների աշխատանքային պայմանները: Նրան ամենեւին չէր հուզում այն, որ իր տոնավաճառը նմանվել էր մի մեծ աղբանոցի, որտեղ չկան տարրական պայմաններ` անգամ անհրաժեշտ թվով զուգարաններ եւ օդափոխություն, իսկ ճաշարան կոչվածն էլ այնքան կեղտոտ է, որ շատերը զզվանքով են անցնում դրա կողքով: Անցած տարեվերջին այստեղ Ֆինանսների նախարարությունը ստուգումներ կատարեց եւ Վաղարշ Աբրահամյանին տուգանեց 95 մլն դրամով՝ ոսկու հարգորոշումները խախտելու, հրդեհային եւ հակահրդեհային միջոցառումներ չիրականացնելու եւ այլնի համար: Դրանից հետո, իհարկե, Վաղարշն ամեն ինչ արեց, որպեսզի իր կորցրած 95 մլն դրամը վերականգնի վաճառողների հաշվին՝ բարձրացնելով վարձավճարները:

Վաղարշից զատ, այստեղ տեր ու տիրակալ է նաեւ  նրա կինը՝ Նունե Նալբանդյանը, ով հանդիսանում է տոնավաճառի  գործադիր տնօրենը: Թե ինչ կապ ունի տնօրեն բառն այդ տիկնոջ հետ՝ դժվար է ասել, բայց փաստն այն է, որ մերօրյա «ցեցերը» հայտնվել են այստեղ ու ոսկու վաճառքով զբաղվողների համար դարձել ահուսարսափ, իսկական պատուհաս...

Այս տարիների ընթացքում Վաղարշը հասցրել է 6-7 բնակարան գնել եւ  ահռելի հարստություն դիզել: Ու այնքան է դիզել, որ, ասենք, 400 հազար դոլարը նրա համար փող չէ: Այսպես. որոշ ժամանակ առաջ «Ոսկու շուկա»-ի փոխտնօրեն Արմեն Բաղդասարյանը 7 կգ ոսկի էր վերցրել բանկից ու «թռել» Մինվոդի: Երաշխավորն էլ հանդիսացել էր Վաղարշ Աբրահամյանը, ով շատ հանգիստ վճարեց այդ գումարը՝ առանձնապես չնեղվելով, որ մեծ կարողություն է կորցնում. «Քանի որ մենք պատասխանատու ենք դրա համար, այդ գումարը պիտի վճարենք: Ես պատասխանատու եմ նաեւ էն մարդկանց համար, որին գարանտ նամակ եմ տվել: Նրան երաշխավորել եմ, որ պիտի գնա բանկ ու բերի ոսկին: Հիմա չի բերել, ո՞վ պիտի պատասխան տա: Բնականաբար՝ երաշխավորողը: Ես էլ տվել եմ,- հանգիստ տոնով ասաց տնօրենը՝ ավելացնելով.- հիմա հիմնարկը նորմալ, բնականոն հունով աշխատում ա: Ճիշտ ա, ընկճված ենք, նեղված ենք, քանի որ ինքն առել-թռել ա, մենք պիտի պատասխան տանք իրա արածի համար: Գործ կհարուցեն, կբռնեն-չեն բռնի, կբերեն-չեն բերի, դրանք երկրորդական հարցեր են, կարեւորը մեր պատիվն է...  400 հազար դոլարի էղածն ի՞նչ ա, մի ավտոյի փող ա, էլի: Փորձանք ա՝ էղավ-անցավ, հիմա պիտի աշխատենք, մեծ հիմնարկ ա, պիտի մեր տրամադրությունները չփոխանցենք աշխատողներին, թե չէ գումարը խնդիր չի: Մի քանի հատ տուն կծախեմ, տեղը դուրս կգա»: Ահա այսպես: Կարծես մի բաժակ արեւածաղկի սերմի մասին է խոսում:

Ի դեպ, զարմանալի է, որ իրավապահ մարմինները չանհանգստացան Վաղարշի՝ այս չափից ավելի հանգիստ պատասխանից, չմտածեցին, թե ինչո՞ւ է ուրիշների կաշիները քերթող մարդը նման հոժարակամությամբ ու անփութությամբ պատրաստվում վճարել մեկ ուրիշի գողացածի դիմաց...

Իսկ ահա սեպտեմբերի 25-ին կատարվածն արդեն խոսում է այն մասին, որ Վաղարշը  ոչ միայն ապրում է ուրիշների հաշվին, այլեւ հասել է ցինիզմի   ու լկտիության գագաթնակետին: Դեռ օրեր առաջ «Շրջանառության հարկի» առթիվ խոստանալով աջակցել աշխատակիցներին, նա սեպտեմբերի 25-ին սկսեց կոտրել ցույցի գնացածների վաճառասեղանները, ցաքուցրիվ անել նրանց գույքն ու ոսկեղենը: Նման բան, բնականաբար, չէր կարող լինել, եթե նա չունենար  անպատժելիության հստակ երաշխիքներ` տրված բարձրաստիճան ոստիկանների եւ կառավարությունում հայտնված ամենաբարձր մակարդակի տանիքի կողմից: Հատկապես Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո, նա առավել քան վստահ է, որ իրավապահ համակարգում  իր առջեւ միշտ «կանաչ լույս» են վառելու, դրա համար էլ  լկտիաբար հայտարարում է, թե լավ է արել, որ ավերել է ուրիշների ունեցվածքը: Վաղարշը  համոզված է, որ ոչ ոք իր դեմ չի բողոքի, իսկ եթե  բողոքեն էլ,  Վաղարշը գիտի, ինչպես լուծել հարցերը...

 

Հեղինակ` ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее