Ավարտվեց «Օսկար» 88-րդ մրցանակաբաշխությունը… Ինչպիսի՞ն այն կհիշեն… Շքեղ, զուսպ և լի սևամորթ դերասաններին վերաբերող սարկազմով: Թերևս այս մի քանի բնորոշումը կարող են տալ բոլոր նրանք, ովքեր լուսադեմին հետևում էին մրցանակաբաշխության ընթացքին՝ հավատով, որ «Լավագույն դերասան» անվանակարգում երեք անգամ հայտնված Դի Կապրիոն վերջապես կստանա ցանկալի արձանիկը («Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում ևս առաջադրվել է 1994 թ.-ին):
«Ողջ մնացածը», «Խենթ Մաքսը. զայրութի ճանապարհը», «Լրտեսների կամուրջը», «Մարսիացին», «Ուշադրության կենտրոնում», «Աղջիկը Դանիայից» ֆիլմեր, որոնք անկասկած, հուզել, զարմացրել և լուրջ հարցեր են բարձրացրել՝ առաջարկելով հետաքրքիր ռեժիսորական, դերասանական և նկարչական լուծումներ: Խոսելով նկարչական լուծումների մասին՝ միանշանակ կառանձնացնենք Ջորջ Միլլերի «Խենթ Մաքսը. զայրութի ճանապարհը» ֆիլմը, որը, առաջադրվելով 10 անվանակարգերում, ստացավ 6 արձանիկներ՝ «Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք», «Լավագույն հագուստներ», «Լավագույն գրիմ և սանրվածք», «Լավագույն մոնտաժ», «Լավագույն հնչունային ձևավորում», «Լավագույն հնչունային մոնտաժ» անվանակարգերում: Այն ամենն, ինչ կատարվում է այս ֆիլմում պարզապես խենթություն է: Գրոտեսկային, սարսափազդու, բայց և շքեղ ու խելահեղ: Այսպիսին են Միլլերի հերոսներն ու հենց ինքը՝ ռեժիսորը, արարողն ու երևակայության անսպառ հորիզոններ ունեցող մարդը: «Հիշեք ինձ»… մեծ նշամակություն ունեցող արտահայտություն, որը մի քանի անգամ հնչում է ֆիլմում: Մնում է ավելացնել՝ հիշեք Մաքսին, Միլլերը խոստանում է շարունակություն…
Եվ վերջապես Ալեհանդրո Գոնսալես Ինյարիտու՝ «Ողջ մնացածը»…Մեքսիկացի կինոռեժիսոր, որի հաղթանակն այս տարի քիչ հավանական էր՝ հաշվի առնելով 2015թ.ին «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում Օսկարի արժանանալը («Բյորդմեն» ֆիլմի համար): Երբ 2014 թ.-ին «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում Օսկարի արժանացավ Ալֆոնսո Կուարոնը՝ «Գրավիտացիա» ֆիլմի համար, 2015թ.-ին զարմանում էին, որ Օսկար արձանիկը նույն անվանակարգում կրկին հեռանում է Մեքսիկա: Եվ ահա 2016թ. … Կրկին Մեքսիկա…Եվ արժանի…
Ինյարիտուի սառը, թաց, բայց միևնույն ժամանակ լի արդարության տաքությամբ և եռացող վրեժի իրականության գլխավոր հերոսը Դի Կապրիոն՝ մրցանակաբաշխության առաջնային, եթե ոչ գլխավոր, ինտրիգն է: Առաջին անգամ Դի Կապրիոն «Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրվել է 2005թ. («Ավիոտոր» ֆիլմ), ապա 2007-ին («Արյունոտ ադամանդ» ֆիլմ) և 2014-ին («Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմ): Բայց ամեն անգամ ապարդյուն: Թվում էր, թե այս անգամ էլ, այս աշխատանքն էլ աննկատ կմնա ակադեմիկների աչքից: Ահա և մրցանակաբաշխության վերջին րոպեները, վերջին և գլխավոր անվանակարգերը: Լեո Դի Կապրիո…Եվ դահլիճը հոտնկայս ծափահարում է… Ահա և տարիների աշխատանքի իրական գնահատականն ու անգնահատելի մրցանակը, որին երեկոյի ընթացքում արժանացել էր միայն լեգենդար կոմպոզիտոր Էնիո Մարիկոնեն: Յուրատեսակ հպարտությամբ (կամ մեծամտությամբ) կանգնած է տարվա Լավագույն դերասան Դի Կապրիոն՝ ոչ մի կերպ չքողարկվող հուզմունքն աչքերում: Ծափահարություններ, արցունքներ, ժպիտներ, շնորհակալական խոսքեր…
Ինչևէ… Սա է Օսկարը …Որքան էլ սկանդալներ, բոյկոտներ և չարախոսություններ լինեն, մեկ է՝ մրցանակաբաշխությունը վաղուց ձեռք է բերել այն հեղինակությունն ու ճանաչումը, որին ձգտում են կինոաշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ:
«Օսկար» 88-րդ մրցանակաբաշխության հաղթողները
«Լավագույն դերասան»-Լեոնարդո Դի Կապրիո
«Լավագույն դերասանուհի»-Բրի Լարսոն
«Լավագույն ռեժիսոր»- Ալեհանդրո Գ. Ինյարիտու
«Երկրորդ պլանի լավագույն դերասան»-Մարկ Րայլենս
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»-Ալիսիյա Վիքանդեր
«Լավագույն սցենար»- «Ուշադրության կենտրոնում»
«Լավագույն ադապտացված սցենար»- «Իջեցման խաղ»
« Օպերատորի լավագույն աշխատանք»- «Ողջ մնացածը»
«Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք»- «Խենթ Մաքսը. զայրութի ճանապարհը»
«Օտարալեզու լավագույն ֆիլմ»- «Սավուղի որդին» / Հունգարիա/
«Լավագույն անիմացիոն ֆիլմ»- «Գլուխկոտրուկ»
«Լավագույն հագուստներ»- «Խենթ Մաքսը. զայրութի ճանապարհը»
«Լավագույն մոնտաժ»-«Խենթ Մաքսը. զայրութի ճանապարհը»
«Լավագույն երգ»- «007. Սպեկտոր»
«Լավագույն սաունդթրեկ»- «Ատելի ութնյակը»
«Լավագույն գրիմ և սանրվածք»- «Խենթ Մաքսը. զայրութի ճանապարհը»
«Լավագույն հնչունային ձևավորում»- «Խենթ Մաքսը. զայրութի ճանապարհը»
««Լավագույն հնչունային մոնտաժ»- «Խենթ Մաքսը. զայրութի ճանապարհը»
«Լավագույն վավերագրական ֆիլմ»- «Էմի»
«Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ»- «Աղջիկը գետում. Ներման գինը»
«Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ»- «Կակազողը»
«Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ»- «Արջի պատմությունը»
Գ.Ա.