Որքա՞ն հաճախ է խորհուրդ տրվում լվանալ գլուխը , և ի՞նչ միջոցների նախապատվությունը տալ. պարզաբանում է Ավանտա էսթետիկ բժշկության կենտրոնների ցանցի մաշկաբան-տրիխոլոգ Տաթևիկ Մուրադյանը:
- Որքա՞ն հաճախ է անհրաժեշտ լվանալ գլուխը, և մազերի ճիշտ խնամքի իրականացման համար ի՞նչ են խորհուրդ տալիս տրիխոլոգները:
- Նախ ասեմ, որ գլուխը պետք է լվանալ մաշկի կեղտոտվելուն պես: Կարելի է նույնիսկ հասարակ թեստ անել. մատներով շոշափեք գլխամաշկը, իսկ հետո՝ թղթե անձեռոցիկը: Եթե անձեռոցիկի վրա մնան յուղոտ մատնահետքեր, ուրեմն գլուխը լվանալու ժամանակն է: Գլխի լվանալու անհրաժեշտության մասին կարող է հուշել նաև գլխամաշկի քորը: Որպես լվացման միջոց ցանկալի է գլուխը լվանալ շամպունով, որի ընտրությունը սովորաբար կատարվում է հաշվի առնելով գլխամաշկի տեսակը: Եթե մարդն ունի յուղոտ գլխամաշկ, խորհուրդ կտամ կիրառել այնպիսի շամպուններ, որոնք լվանում են ճարպային արտազատուկը, քանի որ ճարպային արտազատուկը կուտակվում է մաշկի վրա և միկրոբային ֆլորայի դիսբալանսի համար դառնում է նպաստավոր գործոն: Այստեղից էլ առաջանում են քրոնիկական թեփը և բորբոքումը, որոնք կարող են մազաթափության պատճառ հանդիսանալ: Ասեմ, որ այս հարցում պակաս կարևոր չէ շամպունի ընտրությունը, որը պետք է ընտրել ըստ մազերի և գլխամաշկի տեսակի: Ամենաօպտիմալ տարբերակ է համարվում երկու անգամ լվանալը: Հիշեք, երբ մանկության տարիներին մայրիկը լվանում էր ձեր մազերը, դրանք ճռռում էին: Այնպես էլ հիմա: Գլուխը պետք է լինի մաքուր, լվացված, այդ պատճառով ցանկալի է լվանալ երկու անգամ, առաջին անգամ մենք լվանում ենք կեղտն ու ճարպը, իակ երկրորդ անգամ գլխի վրա կիրառում ենք հավելյալ միջոցներ: Շամպունով լվանալուց հետո պարտադիր պետք է օգտագործել կա՛մ կոնդիցիոներ, կա՛մ դիմակ, կա՛մ բալզամ՝ չեզոքացնելու այն հիմնային միջավայրը, որը մնացել է շամպունից հետո: Այդ դեպքում մեր մազերը չեն էլեկտրականանա, քանի որ մենք կփակենք մազերի արտաքին շերտի թեփիկները և կթեթևացնենք նրանց սանրելու գործընթացը: Շամպունից և կոնդիցիոներից հետո ցանկալի է օգտագործել մազերի հիմքը չլվացող միջոցներ (յուղեր, գելեր, շիճուկներ), որոնք ժամանակավորապես թաղանթապատում են մազերը, պահպանում և վերականգնում նրանց: Դա հատկապես անհրաժեշտ է այն կանանց, որոնք ունեն երկար, գանգուր (փարթամ) մազեր, նաև նրանց, ովքեր հաճախակի ներկում կամ գունաթափում են մազերը:
-Իսկ տղամարդկանց դեպքում նույնպե՞ս կոնդիցիոների կիրառումն անհրաժեշտ է:
-Կոնդիցիոներներն օգտագոծվում են ըստ մազերի երկարության: Եթե տղամարդու մազերը միջին երկարության են, ապա իհարկե անհրաժեշտ է, որպեսզի նա նույնպես կոնդիցիոներ օգտագործի, այլապես դրանք կխճճվեն և կէլեկտրականանան: Կարճ մազեր ունեցողները կարող են չօգտագործել:
- Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք մազերը սանրելու վերաբերյալ՝ օրվա մեջ մեկ անգամը բավարար է, թե՞ անհրաժեշտ է առավոտյան և երեկոյան, սանրել մազերը :
- Ինչքան էլ որ դա կարող է պարադոքսալ թվալ, բայց անգամ մենք՝ տրիխոլոգներս խորհուրդ ենք տալիս հատկապես մազաթափության ժամանակ հաճախակի սանրվել, անկենդան մազերը հեռացնելու համար: Դա վերաբերում է նաև առողջ մազերին, սանրվել անհրաժեշտ է ինչպես առավոտյան, այնպես էլ երեկոյան: Շատ կարևոր է նաև հատկապես երկար մազերի դեպքում սանրվել բնական ցցամազերով մերսող սանրով, այնպես, որ այն 100 անգամ հպվի մազերին:
- Ի՞նչ կարծիք ունեք մեր ջրի մասին:
- Ցավոք չեմ կարող ասել, որ մեր ջուրը չի պարունակում քլոր, վնասակար մանրէներ կամ ծանր մետաղներ և հարուստ է օրգանիզմի համար կենսական կարևոր միկրոտարրերով, բայց ի տարբերություն այլ երկրների մեր ջուրը այդքան էլ կոշտ չէ, և նրա մեջ շատ աղեր չկան: Հայաստանի ջուրը մազերի համար հաճելի է, այն կարղ է նպաստել մազերի փայլին, և ի ուրախություն մեզ այն լուրջ խնդիրներ չի կարող առաջացնել մեր մազերի համար: Ցանկության դեպքում այն կարելի է նույնիսկ փափկեցնել, օրինակ, լիմոնի աղով կամ էլ ֆիլտրել: