▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նույնիսկ ես Հայաստանում չդիմացա` պայքարող տեսակ լինելով

Արդեն մի քանի տարի է, ինչ ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանն իր բիզնեսի շուրջ ծագած խնդիրների պատճառով  հեռացել է Հայաստանից: Asekose.am-ի թղթակիցը զրուցել է գործարար կնոջ հետ` նրա ներկայիս կյանքի, Հայաստանից հիասթափվելու և այլ հարցերի շուրջ:

-Տիկին Գործունյան, Ձեր խոսքերով` տարիներ առաջ եկել էիք Հայաստան հայի շարունակության հետևից, սակայն հեռացաք հիասթափված: Այլևս պայքարելու ուժ չկա՞ր:

-Եկել էի Հայաստան հուսալով, որ կմասնակցենք նոր հայրենիքի կառուցմանը: Ամուսնացած էի հայաստանցու հետ, սակայն մենք շատ էինք տարբերվում մեր մշակույթով և ընտանեկան սկզբուքներով:

Ճիշտ է, որ շատ հիասթափված հետ վերադարձա, որովհետև ինձ հետ վատ բաներ էին տեղի ունեցել` խաբեություն, անարդարություն:

-Ի՞նչ եք կարծում բիզնեսի շուրջ ծագած անհաջողությունները պայմանավորված էին այն բանով, որ հայ գործարար աշխարհը, որտեղ հիմնականում տղամարդիկ են, չկարողացա՞վ ընկալել սփյուռքահայ կնոջը որպես գործարար:

-Ոչ, ուղղակի Հայաստանում պետք է կաշառք տաս, որ քեզ թողնեն հանգիստ, կամ էլ եթե մեծ անուն ես ձեռք բերել, ուրեմն պետությունն ամեն տեսակ ճնշում կգործադրի, որպեսզի քեզ ծնկի բերի: Այսինքն` պետք է կամ իրենց պես լինես, կամ էլ բիզնեսով հանդերձ լքես հայրենիքդ:

-Մեկ անգամ ասել եք, որ Ձեր տեսակով վախկոտ չեք, հետաքրքիր է, խաբեություն և անարդարություն տեսնելով, Հայաստանում ապրելու ընթացքում երբևէ վախի զգացում ունեցե՞լ եք:

-Ոչ, ի՞նչ վախ: Գիտեք վախեցա, երբ միամտորեն հավատում էի, որ մեր արդարադատությունն իսկապես արդար է, վախեցա, երբ հասկացա, որ Հայաստանում չկա արդարություն, որ  դատարանն ուղղակի թատրոն է, որտեղ որոշումները որովայնով,  ոչ թե օրենքով են կայացվում: Վախենում էի այն ժամանակ, երբ դատարան էի գնում` իմանալով, որ ամեն ինչ իմ դեմ պետք է լինի:  Շատ-շատ-շատ վատ է, որ  արդարություն չգտա Հայաստանում:

-Արդարություն չտեսնելով հեռացաք, սակայն վերադառնալու ակնկալիք ունե՞ք:

-Կգամ, որպես զբոսաշրջիկ,  բայց նոր ներդրումներ չեմ անի, մինչև որ պետությունը չփոխվի, չփոխվի օլիգարխիան` այսինքն մենաշնորհը: Ինչպե՞ս գանք ներդրումներ անելու, եթե արդարություն չլինի և երկիրը չլինի ազատ, անկախ ու անկաշառ: Սփյուռքն այս ամենը շատ լավ գիտի  և չի կարող նման պայմաններում ներդրումներ անել:

-Հայաստանից դուրս բնակվող հայերը հաճախ են ասում, որ իրենք, կարծես, հայրենիք չունենան, ինչն էլ բացատրում են նրանով, որ օտարի հողը երբեք էլ հարազատ չի դառնում, իսկ հայաստանցիները նրանց  միշտ էլ օտարի պես են ընդունում: Իսկ Ձեզ ինչպե՞ս էր ընդունել այստեղի հասարակությունը:

-Սփյուռքը պետք է ընդունի, որ մեր հայրենիքը Հայաստանն է: Ճիշտ է, մենք տարբեր մշակույթներ ունենք, տարբեր պատմություններ, բայց մենք ունենք հայրենիք: Ամեն մեկս էլ, անկախ մեր գտնվելու վայրից, ճիշտ պետականության արդար ուժով պետք է պայքարենք, որ այդ հայրենիքը ունենանք: Առանց ուժեղ  պետականության հայերը կմահանան, Սփյուռքն էլ կլուծվի: Բոլորս էլ պետք է աշխատենք միասին, որ մեր հայրենիքը դառնա ուժեղ և լեգիտիմ պետություն, իսկ հայ ազգն էլ ունենա ապագա և 21-րդ դարում շարունակի գոյություն ունենալ: Ուզում եմ լավատես լինել ու հավատալ, որ գնալով Սփյուռքը կարթնանա ու կսկսի պայքարել ուժեղ պետության ստեղծման համար:

-Իսկ այդ լավատեսությունը Ձեզ թեկուզ  որպես զբոսաշրջիկ ե՞րբ կբերի Հայաստան:

-Հուսամ այս գարուն կգամ:

-Իսկ Ձեր Ֆրանսիա նորից վերադառնալը տագնապ առաջացրե՞ց ֆրանսահայերի շրջանում:

-Անշուշտ:  Թե իմ ընտանիքը, թե ես ճանաչված ենք ֆրանսահայության շրջանում:  Այնտեղ գիտեին, որ Հայաստանում ներդրում էի  արել հայասիրությունից ելնելով:  Ես իմ տեսակով պայքարող մարդ եմ ու եթե ես էլ  չդիմացա, ուրեմն` Հայաստանի պայմանները շատ վատն են: Առանց մեծամտության կարող եմ ասել, որ ֆրանսահայության համար փաստ է, որ  իրենք  չեն կարող Հայաստանում ներդրումներ անել, եթե նույնիսկ ես չկարողացա:

-Իսկ այսօր ինչո՞վ եք զբաղվում Ֆրանսիայում: 17 տարի Հայաստանում ապրելուց հետո հարազատ Ֆրանսիան խորթ չէր դարձե՞լ:

-Սկիզբը մի փոքր  դժվար էր, հասարակությունները տարբեր են,  իմ ընկերները, իմ սովորությունները… Բայց Ֆրանսիան իմ ծննդավայրն է,  արդեն մտել եմ հին կյանքի մեջ: Կարոտում եմ իմ ընկերներին, որովհետև թե Հայաստանի և նրանց ճակատագիրն ինձ համար շատ կարևոր է: Հույս ունեմ, որ  Փարիզում «Փարիզյան սուրճի» նման գործ կունենամ: Աստված, եթե կամենա ամեն ինչ էլ լավ կլինի:

 -Բացի ընկերներից, էլ  ի՞նչ եք կարոտել:

-Կարոտել եմ իմ երկիրը, պետությունը: Ինձ համար շատ հարազատ էր «Փարիզյան սուրճի»  անձնակազմը, իրենք իմ ընտանիքն էին դարձել: «Փարիզյան սուրճի» նոր սեփականատերը պահել է այդ կազմը:

Կարոտել եմ Նորավանքի, Սաղմոսավանքի  գեղեցիկ տեսարանները,  կարոտել եմ այն հարազատությունը և այն  զգացողությունը, որ զգում ես, երբ հասնում ես մի երկիր, որտեղ բոլորը ինձ պես հայ են: Շատ եմ կարոտում այդ ամենը:

-Կնոջ համար կարոտը սփոփելու լավագույն միջոցներից մեկը սիրված լինելն է: Ձեր ֆեյսբուքյան էջից դատելով` այս պահին Ձեր կյանքում կա տղամարդ: Նա նույնպես հա՞յ է:

-Ոչ որևէ մեկը չկա, բայց  ես հարուստ եմ իմ կյանքով, իմ ընտանիքով և իմ ընկերներով:  

-Ի դեպ, հետաքրքիր է իմանալ`  ինչպես է ստացվել, որ Ձեր բոլոր նախկին ամուսիններն ազգությամբ հայեր էին: Կատակով եթե հարցնենք` սա հայրենասիրության ևս մեկ դրսևորո՞ւմ է, թե՞ պատահականություն:

-Պատահականություն չէ, այլազգի մարդը չի կարող հասկանալ իմ մտահոգությունները և հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ: Գուցե հայրենասիրությունս չի թողել, որ օտարի լուրջ սիրահարվեմ: Բախտս չբերեց և իմ 3 ամուսիններն էլ հայեր էին, իսկ բաժանվում էին նրանցից, որովհետև ճիշտ մարդկանց չէի հանդիպում, բայց կյանք է, կարող է պատահել:

-Ձեր նախկին ամուսին Արա Բաբաջանյանի (Առնո Բաբաջանյան որդին է) մասին մեկ անգամ ասել եք, որ, ցավոք սրտի, նա միշտ իր վրա զգում էր  հոր ազդեցությունը: Կարո՞ղ եք  մեկնաբանել Ձեր հնչեցրած միտքը:

 -Արան երիտասարդ դերասան ու երգիչ  էր ու  երգում էր Առնոյի գրած երգերը:  Իսկ Առնոն շատ խիստ էր և ուզում էր, որ Արան որպես կատարող շատ լավը լինի և դա առաջացնում էր լարվածություն: Դե պատկերացնում եք` ինչ հեղինակություն ուներ Առնոն. որևէ տեղ, որ միասին էինք գնում ամբողջ ուշադրությունը մեզ վրա էր: 

Առնոյին շատ էի սիրում և ինձ համար ավելի հեշտ էր նրա հետ շփվելը: Թեև նրանց ընտանիքում սեր կար, բայց, հաշվի առնելով Առնոյի հեղինակությունը, և Արայի ընտրած մասնագիտությունը, նախկին ամուսնուս համար իսկապես դժվար էր: Արան շատ զգայուն մարդ է: Ի դեպ,  Առնոյի հետ մեկ հարկի տակ ապրելու բախտ եմ ունեցել: Նա ասում էր, որ եթե  ինքը Հայաստանում մնար այդպիսի հաջողություն դժվար թե ունենար: Ստացվում է, որ այդ խնդիրը նախկինում էլ կար:

-Վերադառնալով Հայաստանին` կուզեի իմանալ, արդյո՞ք Ֆրանսիայում ապրելով հետևում եք Հայաստանի քաղաքական-հասարակական կյանքին: Եթե այո, Ձեզ համար հուսադրող բաներ տեսնո՞ւմ եք:

Օրվա մեջ մի քանի անգամ համացանցի միջոցով հետևում եմ քաղաքականությանը, ակտիվիստների շարժումներին, Հայաստանի հետ կապված ցանկացած իրադարձությանը: Ավելին` տարածում եմ այն տեղեկատվությունները, որոնք, իմ կարծիքով, պայքար են հիշեցնում և կարևոր են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее