▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նուռ. «Երևանի դիզայնին մի քիչ ժպիտ է պակասում»

Երևանի գարնանային դիզայնի հարցում բնությունն իր առաջնային գործն անում է` ծաղկում են ծաղիկներն ու ծառերը,  աճում է կանաչ խոտը և այն:  ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց    նկարիչ,  դիզայներ Նուռը: Ըստ նրա`դրան գումարած կատարվում են աշխատանքներ, ինչի արդյունքում այսօր Երևանը համեմատաբար բավականին մաքուր է և գեղեցիկ: «Շատ բաներ այսօր ճաշակով են, շատ բաներ էլ` ոչ: Բաներ կան, որոնք հավանում եմ, բաներ էլ կան, որ ոչ` չեմ հավանում: Կանաչապատման սկզբունքների որոշ դետալներ դուրս չեն գալիս: Հուսով եմ` դա ժամանակի խնդիր է և կամաց-կամաց կշտկվի: Դուր է գալիս այն, որ քաղաքում սկսել են ծաղիկներ աճեցնել, գազոնները խնամվում և մշակվում են»,- նշեց դիզայները:

Նա անդրադարձավ քաղաքում կանգնեցվող նոր աձաններին: Ըստ նրա, թեպետ դրանց մի մասը ոչ այնքան լավն են,  ամեն դեպքում` դրանց ի հայտ գալն արդեն իսկ ողջունելի է:

Իսկ ի՞նչ է պակասում երևանյան գարնանային դիզայնին: «Այսօր Երևանի դիզայնին մի քիչ ժպիտ է պակասում: Շատ ավելի հաճելի կլիներ, եթե քաղաքը ավելի ուրախ դառնար»,- նկատեց Նուռը:

Ըստ նրա` Երևանն այսօր անշուշտ ընդունակ է գրավել զբոսաշրջիկներին. այն  ունի իր յուրահատուկ տեսքը, համն ու հոտը, որը մենք, ցավոք, չենք նկատում, որովհետև դա մեր առօրյան է ու մեր աչքին սովորական է դարձել: «Միանշանակ Երևանն այսօր ավելի խնամված է, քան 5 տարի առաջ»,- նշեց նա` հավելելով, որ ոչ բոլոր երևանցիներն են բարեխիղճ  կանաչապատ տարածքների,  ծաղիկների և մնացածի նկատմամբ:

Անդրադառնալով ձմեռային դիզայնին` Նուռը նշեց, որ որոշ տեղերի գունավորումներըհաճելի էին, բայց հիմնականը` ոչ հաճելի: «Մասամբ տեղ-տեղ կարելի էր հավանություն տալ, բայց հիմնականում ես էլ չեմ հավանել քաղաքի Նոր տարվա դիզայնը: Տոնածառը վատը չէր, բայց շատրվանները չէի հավանում: Ձմեռ պապաիկները մի քիչ ուրախալի էին, բայց իրենք արտաքին տեսքով անորակ էին: Ամեն դեպում` դրանք ժպիտ էին առաջացնում. դա արդեն դրական է»,- հավելեց դիզայները:

Իսկ ինչ վերաբերում է գունավոր լուսավորված ծառերին, որոնք առաջին տարին է, որ քաղաքում այսքան շատ էին, դիզայները նշեց, որ  դրանք  վատը չէին: «Որովհետև ինչ-որ գույներ էին մտցնում ձմեռային գորշության մեջ, գունային շեշտադրումներ էին հաղորդում: Դրանք այնքան վատը չէին, որքան դրանց մասին խոսում էին»,- նկատեց Նուռը` ընդգծելով, որ  մի ամբողջ քաղաքի դիզայնով զբաղվելու ժամանակ հնարավոր չէ, որ չլինեն սխալներ կամ բացթողումներ:

«Պարզապես կուզեի, որ մարդիկ ավելի բարեհամբույր լինեին, ոչ թե չքննադատեին, այլ` ագրեսիվ և չար չտրամադրվեին»,- եզրափակեց Նուռը:

Իսկ ինչ են մտածում երևանցիներն իրենց քաղաքի գարանանային և ձմեռային դիզայնի մասին:

Օրինակ, Մարիաննան, ով ապրում է Շենգավիթ համայնքում, մեզ հետ զրույցում նշեց, որ իրեն հաճելի է, երբ առավոտյան աշխատանքի գնալիս հողի թարմ հոտն է զգում, ուրախանում է, երբ տեսնում է, որ տատիկներն ու պապիկները ծաղիկներ են տնկում, բայց, ցավոք, այս ամենը զգացվում է միայն կենտրոնական մասերում: «Ցավալի է, որ այդ վիճակը ամբողջ Երևանում չէ: Շենգավիթում, օրինակ, այդ ամենը չի արտահայտվում: Լավ է, որ կենտրոնը գեղեցիկ է, քանի որ դա մեր դեմքն է, մեր այցեքարտն է, բայց լավ կլինի, որ ծայրամասերում էլ այդպես լինի: Մեր բակը «գարաժապատ է», ոչ թե`  կանաչապատ»,- նշեց Մարիաննան:

Իսկ Երևանի մեկ այլ քաղաքացի` Հասմիկը, ով մասնագիտությամբ ազգագրագետ է, նշեց, որ քաղաքի ծաղիկներն ու կանաչապատ տարածքները որոշ ժամանակով մոռացնել են տալիս իրականությունը, սակայն ոչ բոլոր դիզայներական տարրերն ունեն այդ էֆֆեկտը: «Կարծում եմ` մեր հոգեկերտվածքին այնքան էլ սազական չեն որոշ բաներ: Օրինակ` պինգվինները, կարմիր ֆլամինգոները և այլն: Իմ աչքին հաճելի չէին նաև գորտերը»,- նշեց Հասմիկը:

Ինչևէ, կարծիքները տարբեր են. ինչպես ասում են` ճաշակին ընկեր չկա:

Հեղինակ` Սեդա Հերգնյան

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее