Երիտասարդ դիզայներ Լիլիթ Հարությունյանն արդեն 4 տարի է, ինչ զբաղվում է նաև «doodle art»-ով: Ըստ դիզայների` «doodle art» ասվածը նախ ենթադրում է որոշակի ազատություն.
«Doodle art»-ն ազատ ոճ է: Եթե բառացի թարգմանենք, ապա նշանակում է իրավիճակ, երբ նկարում ես «ձեռքի հետ»: Օրինակ` նմանատիպ իրավիճակ հաճախ ենք հանդիպում, երբ մարդիկ հեռախոսով խոսելիս նկարում են: Պետք է նշեմ, որ շատ դժվար է բացատրել, թե, ի վերջո, ինչ է իրենից ներկայացնում դուդլը: Թերևս, նկարչություն է, որով զբաղվում ես այն ժամանակ, երբ ինչպես ժողովուրդն է ասում` «ուշք ու միտքդ» այլ տեղ է: Այն մեծ կապ ունի նաև հոգեբանության հետ, որովհետև գաղտնիք չէ, որ առանց հատուկ նպատակի արված նկարները պատմում են, թե ինչ է կատարվում մեր ներաշխարհում: Հավելեմ, որ Հայաստանում միայն վերջերս են հայտնվել մարդիկ, ովքեր դուդլով են զբաղվում, այդ պատճառով էլ բարդ է այն ամբողջությամբ բացատրելը: Ես ինքս վերջին շրջանում այս ամենով զբաղվում եմ ոչ թե ուղղակի` առանց կենտրոնանալու, այլ`ավելի հիմնովին»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց Լիլիթ Հարությունյանը:
Ավելի ուշ դիզայների մոտ միտք առաջացավ «doodle art»-ը միացնել որևէ հայկական առարկայի կամ երևույթի հետ, քանի որ այդ ամենն ավելի խորապես ուսումնասիրելուց հետո հասկացավ, որ նմանատիպ միաձուլումը դեռևս չէր եղել:
«Որոշեցի հայկական տառերն օգտագործել: Քանի որ «doodle art»-ն ազատ ոճ է, օգտագործեցի տարբեր տառատեսակներ, որպեսզի բոլորը նույն ոճով չլինեն: Մի շրջան կար, որ մտածում էի զարդանախշեր օգտագործել, սակայն մտափոխվեցի, որովհետև այդ ազատությունը ցանկանում էի պահել, հակառակ դեպքում` ստեղծածս կլիներ շատ հայկական ոճի և կկորցներ դուդլին հատուկ ազատությունը: Ես ցանկանում էի ամեն տառի վրա անել այն, ինչ ցանկանում էի: Առհասարակ, դուդլի շնորհիվ անում ես այն ամենը, ինչ ուզում ես և երբ ուզում ես»:
Ի վերջո` Լիլիթ Հարությունյանին հաջողվեց իրագործել իր վաղեմի ցանկությունը.
«Ստեղծվեց նախագիծ, որը հայկական այբուբենի և doodle արվեստի միաձուլման արդյունք է: Ամեն ստեղծածս դուդլն առանձին պատմություն է: Արձագանքների համաձայն` ամեն մեկը ստեղծել եմ միմյանցից տարբերվող դուդլներ: Նշեմ, որ ինձ հաճախ են հարցնում` արդյոք չկա ստեղծածս դուդլի համապատասխան ֆոնտը, որպեսզի կարողանան այն օգտագործել, ինչին պատասխանում եմ, որ նման ցանկություն էլ չկա, որովհետև չեմ պատկերացնում, որ հնարավոր է գրել այնպիսի մի տառատեսակով, որի բոլոր տառերը տարբեր կլինեն (ժպտում է): Ինքս այս նախագիծը դիզայնի մեջ օգտագործելու նպատակներ ունեմ, որը պետք է կիրառվի յուրահատուկ ձևով, ցանկացողներն էլ կարող են ինձ հետ կապվել: Ցանկանում եմ` այս ամենն օգտագործել գրաֆիկ և ֆեշն դիզայնի մեջ, ինչը, կարծում եմ, մոտ ապագայում կլինի: Արդեն որոշակի համագործակցություններ արվում են` շապիկներ, բաժակներ, հեռախոսի պատյաններ և այլն…»,-ասաց դիզայները:
Լիլիթ Հարությունյանի խոսքով` այս նախագծի տարածումն ինքն ավելի շատ պատկերացնում է Հայաստանի սահմաններից դուրս.
«Կարծում եմ, որ Հայաստանում մեր հասարակությունը շատ ավելի ձգտում է այն ամենին, ինչը որ դրսից է եկած: Մեզ մոտ ստեղծածը շատերը հաճախ չեն ընկալում: Ինչպես նաև դրսում մարդկանց շատ ավելի հետաքրքիր է նման նախագծերը, քան սովորական դիզայն ցուցադրելը: Սա, բնականաբար, կհետաքրքրի հատկապես այն մարդկանց, ովքեր տեղեկացված են Հայաստանի մասին, ինչպես նաև սփյուռքահայերին»:
Միաժամանակ` դիզայները նաև խոստովանեց, որ համացանցում տեղադրելուց անմիջապես հետո շատ դրական արձագանքներ է լսել և տեսել, թե ինչպես են մարդիկ իրենց անվան տառերն օգտագործել ֆեյսբուքում որպես հիմնական լուսանկար:
«Ընդհանուր առմամբ գոհ եմ նախագծից, սակայն շատ ավելի ուրախ եմ, որ այն գոհացրել է նաև մյուսներին»,-իր խոսքը եզրափակեց Լիլիթ Հարությունյանը:
Նախագծին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ` այստեղ
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան