▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մոստի տակի պուտանկեքին շպրտվող» 5000-անոցների քաղաքականության գինը...

Լուսինե Կեսոյան

լրագրող 

 

. Հայաստանի Հանրապետության ամենամեծ պարադոքսներից մեկը. մի կողմից իշխանությունները՝ նախագահից սկսած, ամեն ինչ անում են, որ բիզնեսը զարգանա, մյուս կողմից Հայաստանում բիզնես դնող՝ ի ծնե ձեռներեց, աշխատող, քարից հաց քամող, Հայաստանից դուրս ամեն տեղ ամենափոքր հնարավորության դեպքում հաջողություններ գրանցող հայ մարդն է ամեն ինչ անում, որ հաջողի գործի մեջ, ու ոչ մի արդյունք: Հայաստանում ոչ մի մանր ու միջին բիզնեսմեն չի կարողանում զարգանալ ու վերջ:

. Տեսնես Հայաստանում բիզնեսը ինչի՞ չի զարգանում…

. Ինչու՞: Շատ պարզ: Որովհետև իրականում Հայաստանում մանր ու միջին բիզնեսմենի գլխին ոչ թե պետությունն է, այլ տզրուկների մի շերտ, որ ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում հայտնվելով ինչ-ինչ տարածքներ ձեռք գցելուց հետո տրվեց տզրուկի պորտաբույծ կյանքի՝ այլևս ոչինչ չստեղծելով, փոխարենը հանգիստ ճարպակալելով ու վայելելով Հայաստանում բիզնես անողների վաստակած և որպես տարածքի վարձակալության գումար մուծած հարյուրհազարները:

. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունների կողմից ընդդիմադիր գործիչներին գնելու առաջին փորձից ծնված փորձանքը Բուռնաշ մականունով տզրուկի ի հայտ գալն էր: Լևոն Տեր-Պետրոսյանը հրավիրում է այն ժամանակվա ընդդիմադիր Աշոտ Նավասարդյանին՝ այսպես ասած, լեզու գտնելու համար, և ինչ-ինչ հարցերում լռության դիմաց առաջարկում «Հրազդան» մարզադաշտը: Բայց դե, Հանրապետական կուսակցության հիմնադիր Նավասարդյան Աշոտն` ու~ր, ստադիոնի գետինը «ոսկե ասֆալտ» սարքելն՝ ուր. Նավասարդյան Աշոտն էն ժամանակ եթե իր շուրջը պտտվող տղերքով՝ Տիգրան Թորոսյան, Անդրանիկ Մարգարյան, Գալուստ Սահակյան և այլք, գրպանները շուռ էին տալիս ու մի քանի կոպեկ գտնելով ներկայիս «Հին Էրիվան» ռեստորանի կողքը գտնվող գարեջրանոցում մի-մի շիշ գարեջուր խմել հաջողացնում, էդ օրը համարում էին խիստ հաջողված: Ըստ այդմ, Աշոտ Նավասարդյանը ստադիոնը առաջարկում է տալ նրան, ով գլուխ կդնի նման՝ ոչ քաղաքական հարցերի հետ և հենց այդ ժամանակ էլ արանքը ճղում է Սահակյան Գալուստի աներձագ, շուստրի բուֆետչիկ Աշոտը, որ հետո արդեն դարձավ մեծն պարոն պատգամավոր, միայն լուրջ քաղաքական թեմաներով հարցեր պահանջող ու դրանց շուրջ մտքեր արձակող Աշոտ Աղաբաբյան: 90-ականներն ու 2000-ականները վերջինիս ծաղկման ու միլիոնավոր դոլարանոց կապիտալի անզուսպ կուտակման ժամանակաշրջանն էր:

. 90-ականները կապիտալի բաշխման, 2000-ականները բաշխման ու վերաբաշխման շրջանն էին. իշխանական վերին օղակներում պատահականության սկզբունքով հայտնվածները աջ ու ձախ իրենցով ու իրենց յուրայիններով էին անում երկրի եղած-չեղածը: Առաջին նախագահի օրոք առաջին հորիզոնականներում վերջինիս եղբայրն էր՝ Թելման Տեր-Պետրոսյանը, Հայաստանի թիվ մեկ օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը, որ այսօր փորձում է ներկայանալ որպես ճիշտ բիզնես անող, ժողովրդավարություն սիրող ճիշտ տղա: Այս շրջանում տարբեր տրամաչափի տզրուկների ծննդաբերություն կազմակերպվեց նաև երկիրն իրենցով արած Վազգեն Սարգսյանի ու Վանո Սիրադեղյանի ձեռամբ: Սա անզուսպ բեզպրեդելի շրջանն էր, կապիտալն էլ բաշխվում էր նույն բեզպրեդելի՝ կանոն չճանաչող կանոններով: 2000-ականներին արդեն նախագահական ընտրություններին սպարտիվկա հագած ու տաբուրետկի վրա պարսկական պեչենիով կոֆե դնող կնոջով հայտ ներկայացրած ու Ղարաբաղից Երևան եկած Ռոբերտ Քոչարյանի մենիշխանության ժամանակներն էին: Բարձրյալը վերջինիս համար նախատեսել էր աֆրիկյան անտառներում առյուծների վրա սելֆիներ անող միլիարդատիրոջ ճակատագիր: Նախագահի կուտակած միլիարդներին համընթաց հայաստանյան տզրուկների թիմը համալրվեց ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում հայտնվածների ևս մի խմբաքանակով: Թե ինչ մնաց արդեն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ու իր անուն հանած եղբորը կամ արդյո՞ք ինչ-որ բան դեռ մնաց… եթե ճիշտ են 50 տոկոսանոց փայերի մասին խոսակցությունները, ըստ երևույթին երևի թե բան չէր էլ մնացել և խեղճ Սաշիկին իր նախորդներից հետ չմնալու համար մնացել էր միայն այս տարբերակը: Ինչևէ, այստեղ բոլորովին սա չէ էականը ու ոչ էլ այն, թե ով, ինչ, ինչքան գռփեց ու հափշտակեց, այլ այն, որ տզրուկների այս ահռելի, բայց իրականում փոքրաթիվ խումբը այսօր բռնել է Հայաստանի տնտեսության կոկորդից ու չի թողնում, որ դաշտում որևէ՝ իրենց հետ կապ չունեցող գործարար հաջողություն ունենա:

. Ինչպե՞ս է ստացվում, որ մանր ու միջին ձեռներեցները ամբողջ օրը աշխատում են, ինչ ասես անում, ինչ խոչընդոտ ասես հաղթահարում (իսկ հայաստանյան բիզնես դաշտին փոքրիշատե ծանոթները պետք է որ հասկանան, որ Հայաստանում բիզնես անելն արդեն իսկ հերոսության նման մի բան է), բայց այդպես էլ չեն կարողանում զարգանալ. լավագույն դեպքում, եթե չեն սնանկանում, իսկ իրականում մեծ մասը հենց սնանականում է, փոքրը մնում է փոքր, միջինը՝ միջին: Թե՞ հայի ստեղծարարության ու ձեռներեցնության մասին բոլոր հավաստիացումները միֆեր են և իրականում հայը ապաշնորհ է, ծույլ, անճար, իսկ բիզնեսով զբաղվողների մեջ գեներալ դառնալու ցանկություն ունեցող չկա. այստեղ բոլորը բավարարվում են բուռնաշների, գռզոների, ռադիկների, աբոների, չոռնիների, դոդերի գրպանները լցնելու համար բանողների կարգավիճակով:

. Տեսնես Հայաստանում բիզնեսը ինչի՞ չի զարգանում…

. Ինչու են մանր ու միջին բիզնեսները ամեն օր փակվու՞մ: Շատ պարզ: Որովհետև հոգնում են օր ու գիշեր աշխատել ու հազիվ ծախսեր փակելուց: Որովհետև հասկանում են, որ գործ ունեն իրենց վրա թքած ունեցող պետության հետ, որ ժամանակին երկիրը հանձնելով իքս քանակով տզրուկների կամ թեկուզ տզրուկների հանձնված երկիր ժառանգություն ստանալով՝ ինքն իրեն ու իրեն կերակրող ձեռներեցներին դնելով ապուշի տեղ՝ քաշվել է մի կողմ և ընդամենը հեռվից հետևում կամ ոչ էլ հետևում է, թե ինչպես են մեծ ու փոքր տրամաչափի տականքները կեղեքում դեռ չարտագաղթած ձեռներեցներին, ինչպես են տարեցտարի ու ամսեամիս իրենց ճարպակալած ուղեղում ընդամենը մեկ միտք առաջ բերում՝ վարձերը ավելացնենք, որ հանկարծ բիզնես անողները չթպրտան, հանկարծ տեղի փող ու հարկ մուծելուց բացի ուրիշ փող ձեռները չմնա:

. «Էդ ոնց ա, ….-ին (տզրուկի անունը չեմ գրում, քանի որ անձը էական չէ) ամիսը կես միլիոնից ավել տեղի փող կտաս, բայց մեզ չես ուզում մի քիչ ավել տաս». սա հարկայինի ասած խոսք է: Հարկային մարմինները՝ տեղի փողերը իրենց նորահայտ համակարգչային ծրագրերով ավտոմատ կերպով հաշվելուց ու ինֆարկտ ստանալուց առաջ ինչու՞ չեն հետաքրքրվում՝ տվյալ բիզնեսմենը շահագրգի՞ռ է արդյոք ոմն տզրուկի հաշվեհամարի ամսական հարյուրհազարներ փոխանցելու պարտադրանքում: Հարցրե՛ք ցանկացած ձեռնարկատիրոջ՝ բոլորն էլ կնախընտրեին այդ նույն հարյուրհազարները մուծել հենց պետական բյուջե, որտեղ գոնե սեփական անվան դիմաց տարիներ շարունակ գրված միլիոնները կերևային և, ո~վ գիտե, գուցե մի օր այնպիսի պետություն ունենայինք, որ գոնե մի շնորհակալագիր ուղարկեր տվյալ ձեռնարկատիրոջը՝ այդքան տարի այդքան գումար պետության օգտին աշխատելու համար:

. Իսկ ինչ ունենք այսօ՞ր: Պետությունից դժգոհ, իրենց թիկունքին հարազատ պետություն չզգացող, մի կերպ գոյատևող հազարավոր ձեռներեցներ, որոնց ամսական ծախսերի մեջ պետությանը վճարված հարկերը երևի թե հազիվ մի 10 տոկոսն են կազմում: Ո՞վ, ինչու՞ և ե՞րբ է որոշել, որ Հայաստանում բիզնեսով զբաղվողները սեփական բիզնեսն ու սեփական երկիրը զարգացնելու փոխարեն պետք է աշխատեն ու հազիվ հասցնեն բկներին նստած տզրուկների անաշխատ գոյությունն ու բարեկեցությունն ապահովել: Ո՞վ, ինչու՞ և ե՞րբ է որոշել, որ ինչ-որ կիսագրագետների մի փոքրիկ խմբակ իրենցից շատ ավելի աշխատող մարդկանց չոր ասֆալտ կամ ասֆալտի վրա սեփական ճաշակի ու մակարդակի գոմեր ու բուդկաներ տրամադրելու դիմաց պիտի միլիոններ կուտակի, իսկ էդ միլիոնները ապահովողները բավարարվեն հազիվ ծախսեր փակելու վազքի մեջ տան ապրուստը հոգալով և ոչ ավելին: Եթե ամեն ինչ այդքան հեշտ է և պահանջվածն ընդամենը ասֆալտն ու ասֆալտի վրայի գոմերն ու բուդկաներն են, իրականում ամենաապաշնորհը հենց աշխարհի ամենահարիֆ պետություն Հայաստանը չէ՞, որ չի բաշարում հենց իրեն պատկանող ասֆալտը անձամբ տալ վարձակալության կամ հենց ինքը երկու կոպեկ ծախսի ու մի երկու գոմ ու բուդկա դնի ու միլիոնները պետության՝ տարիներով չլուծվող հազար ու մի հարցերին ուղղի:

. Տեսնես Հայաստանում բիզնեսը ինչի՞ չի զարգանում…

. Մի օր առաջ հերթական անգամ համբերությունը կորցրած ու ոտքի ելած Բանգլադեշի տոնավաճառի աշխատակիցների գլխին այդ տարածքը ժամանակին ձեռք գցած տզրուկի կողմից կարգված տնօրենը հայտնեց, թե «820 առևտրական կա տոնավաճառում». լրատվական հոսքերում բողոքի պահանջը՝ ամսավճարը 150000 հազար դրամից իջեցնելու վերաբերյալ էր. եթե անգամ հաշվենք թե 820 հոգին ամսական վճարում է ընդամենը 100 հազար դրամ (ինչին դժվար է հավատալ. մի քանի տարի առաջ բացօթյա, ոչ մի հարմարություն չունեցող դախլ կոչվածի վրա առևտուր կազմակերպած մի կին ամսական 1000 դոլար թիվ հնչեցրեց), ստացվում է 82 մլն դրամ: Ամսական: Ոչինչ չանելու դիմաց. համաձայնեք, որ ավելի քան վատ չէ:

. Սակագները, խփած թվերը տարբեր են՝ ըստ շուկաների ու տոնավաճառների, տեղի փող կոչվածի սանդղակը բարձրանում է տարածքը զավթած «լավ տղու» կալիբրին ու լկտիությանը համապատասխան: Փեթակ (ի դեպ, «ամենագողականը», ըստ էության, «Փեթակն» է. մինչ ՀՀ-ում բոլոր տնտեսվարողները առևտուր են անում միմիայն ՀՀ դրամով, այստեղ ամսական վարձավճարները գանձվում են բացառապես քյաշ և բացառապես արտարժույթով՝ 2500 ԱՄՆ դոլար), Մալաթիա, Բանգլադեշ, օղորմածիկ ստադիոն, Ռոսիա, Տաշիր, Գնունի, Գում, Եռանկյունի. սկզբունքը մեկն է՝ զրո ներդրում, հազար տոկոսանոց գերգերշահույթ: Ընդ որում, բոլորովին տարբերություն չկա, թե ժամանակի իքս հատվածում որ տզրուկին՝ որ տզրուկը, որ տարածքին՝ որ տարածքը կարող է փոխարինել. Բուռնաշը «մեռավ», կեցցե՛ «Դոդի Գագոն», Լֆիկին էլ կհաջողվի՞ Բանգլադեշն ու Մալաթիան իրենով անել. միևնույն է՝ ոչինչ չի փոխվելու. ամենաշատը մի տարի փշի-փշի կանեն ու էլի կսկսեն «հագցնել» ողջ ուժով:

. Տեսնես Հայաստանում բիզնեսը ինչի՞ չի զարգանում… էս անտեր տնտեսությունը ինչի՞ մի կարգին չի շնչու~մ…

. Տոնավաճառներում կամ շուկաներում ամեն ինչ՝ հարմարությունների առումով կազմակերպվում է հենց իրենց՝ ձեռներեցների կողմից («Երևան Մոլ»-ի կամ «Դալմա»-ի հարմարություններ ոչ մի տեղ հնարավոր չէ տեսնել). խանութների վերանորոգում, կահավորում, տեսախցիկների տեղադրում, ջեռուցում, հովացում: Ամենահետաքրքիրն ու զավեշտալին հենց տզրուկների ու վերջիններիս ձրիակեր մանկլավիկների՝ տնտեսության ողնաշար համարվող տնտեսվարողների հետ տիրոջ կարգավիճակից հարաբերվելու կերպն է, այն դեպքում, երբ հակառակը պետք է լիներ, տարածքի վարձակալությամբ միլիոններ կուտակողները պիտի դողային իրենց տարածքում գործ դնել նախատեսող ցանկացած մեկով և ամեն ինչ անեին վերջինիս գոհացնելու համար, այլ ոչ թե կանչեին բունկեր ու աչք հանեին, ինչպես երջանկահիշատակ Բուռնաշը հաջողացրեց հերոսանալ սնանկանալուց առաջ: Փոխարենը Նոր տարվա նախաշեմին անգամ տզրուկի մանկլավիկ տնօրեն կոչվածը ամենավերջին ստահակի նման բռի կերպով հապճեպ փակել է տալիս խանութները՝ չբարեհաճելով գոնե բանավոր կերպով շնորհավորել կամ շնորհակալություն հայտնել տարվա ընթացքում մի քանի միլիոն վճարած ու իրենց ձրիակեր գոյությունն ապահոված ձեռներեցներին:

. Տզրուկներն իրենց միլիոններն ավելացնող տարածքների անցուդարձից ու իրենց կարգած տնօրեն կոչվող պորտաբույծների վարքուբարքից կարող են տեղյակ էլ չլինել: Սակայն դա էական չէ, որովհետև հարցերի հարցը իշխանությունների կողմից այս ամբողջ անարխիային ու անհեթեթությանը մատների արանքով նայելու, ավելի շուտ՝ չտեսնելու կամ ամեն ինչ ծածկադմփոց անելու արատավոր քաղաքականությունն է:


. Սերժ Սարգսյանը դեսպանների հետ հանդիպումներ կազմակերպելուց, օտարերկրյա տարբեր պատվիրակությունների Հայաստանում ներդրումներ անելու կոչերով դիմելուց առաջ նախ ա՛յս հարցերը պետք է լուծի: Օտարներին լավ պայմաններ առաջարկելուց առաջ լավ պայմաններ է հարկավոր ստեղծել նախ սեփական քաղաքացիների համար: Նախևառաջ սեփական տունն է հարկավոր մաքրել, նոր հյուրեր ընդունել, ոչ թե փնթի հարսների նման կեղտը գռշտել չերևացող անկյուններ ու մակիյաժված ընդունելություն կազմակերպել: Թե՞ «լավ տղեքի» ճիշտը՝ սեփական քաղաքացիներին ճորտատիրական կարգերում պահելն ու օտարների համար՝ տնտեսական էլդորադո սարքելն է:

. Տեսնես Հայաստանում բիզնեսը ինչի՞ չի զարգանում… Տեսնես նախագահը ինչի՞ ա յալվար ընգած մուշտարի կանչում, բայց մոտ էկող չկա ու չկա…

. Տեսնես ինչու՞ է Վրաստանից Եվրոպա ինքնաթիռի տոմսի արժեքը 50 դոլար, իսկ Հայաստանում տասնապատիկ ավելի: Ինչու՞ ենք «բաց երկնքի քաղաքականություն» երգում, բայց մեր երգին շաբաշ տվող չկա: Թե՞ Հայաստանում մարդ կա, որ չգիտի այս մասին: 
Հայաստանում մարդ կա՞, որ չգիտի, թե «Զվարթնոցի» տարածքը ո՞ր «լավ տղուն» փայ հասավ՝ էլի ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելու արդյունքում, Հայաստանում մարդ կա՞, որ չգիտի, թե էդ տարածքի՝ իրեն լավ տղու տեղ դրած տղեն ի~նչ թվեր խփեց տարածքում՝ էլի նստել-թռնելու համար տեղի փող տվող ինքնաթիռների վրա ու թե ինչպես «թռցրեց ու թռցրեց» ավիաընկերություններին ու «բաց երկինքը» դարձրեց «չորացած երկինք»:

Որովհետև տզրուկների գործը միայն անհագուրդ կերպով արյուն ծծելն ու փոխարենը ոչինչ չտալն է (իրական տզրուկները գոնե արյուն են մաքրում ու մի օգուտ տալիս. մարդկային կերպ հագած տզրուկները ոչ մի բանի պիտանի չեն, բացի իրենց հանձնվածը մինչև վերջ լափելուց ու ամայացնելուց ու փողերը դուրս տանելուց. սրա ամենավառ օրինակը՝ այս անգամ որպես գաստերբայտեր Հայաստանում հայտնված տզրուկ «Հայաստանի Էլեկտրական ցանցերն» էին. ռուսների գործած ավերի ու թալանի մասին պատմությունները ամենախայտառակների շարքից են. այստեղ նպաստավոր գործոն էր նաև օտարությունը. թալանել էին ինչքան հնարավոր էր, ինչքան կարողացել էին ու ինչ եղել էր. թալանելուց ու պարտքեր կուտակելուց հետո էլ հայտարարել. «դե ձեր մեռելն էկեք տարեք»):

. Հայաստանը որպես խոպան դիտարկող օտարներից հետ չեն մնում հայրենական տզրուկները: Բավական է այցելել հիշյալ տարածքներ և համոզվել ասվածի մեջ: Գոնե մոտավոր հաշիվ կա՞, թե այս տարիների ընթացքում Բանգլադեշի տոնավաճառից ու Մալաթիայի շուկայից ինչ կարգի գումար է հոսել դրանց տիրապետող ֆեոդալների գրպանը: Իսկ ինչ վիճակում են այդ տարածքներն այսօ՞ր: Հնարավո՞ր է գտնել գոնե 10 տարբերություն հիշյալ տարածքների ու 19-րդ դարի Բոմբեյի արվարձանների միջև: Գտնողին պարգև՝ պապիի ծախած մեջքորիչ (ով չգիտի դա ինչ է, թող մեկ-մեկ ոտքով ման գա, իրական Հայաստանն ուսումնասիրի, ոչ թե 5 տոկոսանոց էլիտայի օբյեկտներով ֆռֆռա, այլ 90 տոկոսանոց Հայաստանի ապրած վայրերով): Նողկանքից բացի այլ բան հնարավոր չէ զգալ հիշյալ տարածքներում. ֆեոդալներին հանձնված բոլոր զոնաներում խուլ միջնադար է՝ թե՛ վիզուալ (գուլագային գոմերով), թե՛ առևտրի կազմակերպման ձևերով (խեղճ առևտրականնները դեռ զարմանում են, թե ինչու մարդիկ չեն գալիս ու իրենք իրենց ապրանքների ու պարտքերի հետ մնացել են միայնակ), թե՛ այնտեղ գոյատևողների բարոյահոգեբանական նկարագրով ու միմյանց հետ հարաբերակցությամբ:

. Եթե աշխատանքային պայմանագրերը ինչ-որ տեղ որոշ՝ աշխատանքից անհիմն հեռացվածների հնարավորություն են ընձեռում դատական կարգով պաշտպանել ու վերականգնել սեփական իրավունքները, ապա տզրուկ-գործարար պայմանագիր կոչվածով բոլոր իրավունքները վերապահված է տզրուկին և ամենաաննշան առիթով մանր ու միջին բիզնեսով զբաղվողը, տարիներով տզրուկին միլիոններ վճարածը կարող է մի րոպեում հեռացվել տարածքից, եթե, իհարկե, մինչ այդ կարողանա պահպանել աչքը կամ մարմնի մեկ այլ հատվածը՝ անհնազանդի հետ հաշվեհարդար տեսնելու հրահանգ ստացածներից: Ավելի գունավոր տարբերակի պարագայում գործարարը պարզապես ինքն է թքում տարիներով իր ստեղծածի վրա, փակում ամեն ինչ ու լքում թե՛ տարածքը, թե՛ երկիրը՝ հոգնելով անշնորհակալ ու զարգացման հույս չներշնչող միջավայրից:

. Տեսնես Հայաստանում բիզնեսը ինչի՞ չի զարգանում…

. Այլ, բայց դարձյալ այս թեմայի հետ ամենասերտ առնչություն ունեցող հարց է բանկերի վարկերի տակ կքած ու տարիներով պարտքերի տակից դուրս չեկող գործարարների թեման: Ինչպե՞ս և ինչու՞ է, որ բոլոր զարգացած երկրներում բանկերը ամեն ինչ անում են, որ բիզնեսը զարգանա, իսկ Հայաստանում բանկերին միայն հաջողվում է բիզնես չորացնելը: Ինչու՞, ինչպե՞ս և ե՞րբ է որոշվել, որ հարկավոր է բանկերին ևս անպայման շնորհել տզրուկի կարգավիճակ և ապահովել նույն աչքկապոցին ու ծածկադմփոցը՝ վերջիններիս կազմակերպած թալանի նկատմամբ: Թե՞ Հայաստանում մարդ կա, որ չգիտի, որ բանկերի ու կառավարության ռեկլամ արած իբր ցածր տոկոսադրույքներով վարկերը ֆիկցիա են, որ բանկերը ոչ թե բանկեր են, այլ վաշխառուներ և ինչպես «տզրուկներ-ձեռներեցներ» հարաբերություններն են մնացել հին ու ոչ բարի «Ժայռ» ֆիլմի «վաշխառու-պարտապան գյուղացիներ» ֆորմատում, նույն ֆորմատը գործում է նաև բանկեր-վարկառուներ տիրույթում. անգամ եթե տվյալ բանկում ավանդ ունես, միևնույն է, քեզ վարկ չեն տալիս, տալուց էլ առաջարկում են միայն բարձր տոկոսադրույքով ոսկու գրավադրմամբ (փողը տուր՝ փողը տամ), գնում ես մի ուրիշ բանկ՝ այնտեղ էլ առաջարկում են միայն դոլարային՝ էլի բարձր տոկոսադրույքով վարկ՝ մի պայմանով, որ բերես A4 ֆորմատի թղթի 2 էջերը զբաղեցնող փաստաթղթերի ցանկի տրցակը, որտեղ երևի միայն մեռած տատիկիդ կոշիկի համարը չկա, ընդ որում՝ անպայման անշարժ գույքի գրավով, որի գնահատման, հարկայինի տեղեկանքների, միջնորդավճարի (ևս մի աբսուրդ. իքս գումար է պետք, վարկ ես վերցնում ու հենց վերցնելուց 3 տոկոսը թողնում բանկին) վրա արդեն մի 1000 դոլար ծախսում ես: Ու ինչքան էլ արագ կարգով գումարի կարիք ունենաս, միևնույն է, իրենք հազիվ մի 3 շաբաթում միայն կկարողանան քեզ ինչ-որ բան տալ: Գումարած՝ բանկերի՝ ամենավերջին դիշովկայությունները՝ կանխիկացման համար ինչ-որ չեկի գրքույկ առ 5000-ով, քեզ պետք չի, ուրեմն մի թերթիկը առ 2000-ով և այսպես շարունակ… մինչև վարկի վերջնական մարումը ամսեամիս հատուկ ամսվա առաջին կեսին դիտավորյալ բարձրացվող դոլարի փոխարժեքի պատճառով վարկիդ տոկոսադրույքն անցնում է 30 տոկոսից… Եվ սա դեռ կայուն եկամուտ ու իդեալական վարկային պատմություն ունեցողի դեպքում… Հայաստանում կա՞ մարդ, որ չգիտի այս ամենի մասին, կամ կա օր, որ չի խոսվում այս ամենի մասին: Իսկ աշխարհում կա՞ մարդ, որ 30-40 տոկոսանոց վարկ վերցնի ու հաջողացնի բիզնես զարգացնել…

. Տեսնես Հայաստանում ինչի բիզնեսը չի զարգանու՞մ…

. Սերժ Սարգսյանը ի՞նչ է ուզում՝ պատմության մեջ մնալ որպես դժգույն, Մարտի 1 շալակած նախագա՞հ, ընդամենը որպես իրենից առաջ եղած նախագահների բախշիշների անվտանգության երաշխավո՞ր, հերթական տեղապա՞հ՝ իշխանությունը ոմն՝ նույն սկզբունքով ընտրված մեկին փոխանցո՞ղ, ում վրա արդեն դրված կլինի նախկին + նախկին դարձած Սերժ Սարգսյանի կուտակած հարստության անսասանության գարանտի ծանր վեղարը:

. Եվ այդպես ծանրացնել ամեն հաջորդ նախագահի վրա դրվելիք քարը…

. Հնարավո՞ր է պատկերացնել ՀՀ 10-րդ նախագահի քարի ծանրությունը… ընդհանրապես այդ ժամանակ տեսնես էլ տարածք, տեղ մնացած կլինի՞, կամ ընդհանրապես այդ ժամանակ Հայաստան պետություն մնացած կլինի՞, որ դեռ մի բան էլ ազատ տարածք մնացած լինի մեջ-մեջ անելու համար. հաստատապես ոչ. նման՝ վայրենաբարո շահագործումից դժվար թե ինչ-որ բան մնա մոտ ապագայում:

. Տեսնես Հայաստանում բիզնեսը ինչի՞ չի զարգանում…

Հայաստանը հաստատ Հայլուրի (անունը փոխելուց բովանդակությունը չի փոխվում, հայլուրությունից ոչ մի տեղ չես փախնի, քանի դեռ իրական փոփոխություններ չեն եղել) Հայաստանը չէ, Հայաստանի ժողովուրդը զզվում է Հայլուրի Հայաստանից, կեղծիքից, աչքփակոցիից, թոզփչոցիից: Արտագաղթել չցանկացող ու սեփական երկրում հարազատ ու գնահատված քաղաքացի լինել ձգտողները հոգնել են գեղեցիկ ճառերից, վաղուց հասկացել կոսմետիկ փոփոխությունների, ալո-ին բլո-ով փոխելու ու ամեն ինչ նույն շրջապտույտում թողնելու, ՄՈՍՏԻ ՏԱԿԻ ՊՈՒՏԱՆԿԵՔԻՆ ՇՊՐՏՎՈՂ ՀԻՆԳՀԱԶԱՐԱՆՈՑՆԵՐՈՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՄՏԱԾՆԵՐԻ ձեռքով երկիրն ու քաղաքական դաշտը ապականելու ու սեփական կերպին հարմարեցնելու գինը: Ո՛չ մի զինվոր չի ուզում զինվոր մնալ, ո՛չ մի մանր գործարար չի ուզում մանր մնալ կամ ավելի մանրանալ, միջինը ձգտում է խոշոր դառնալ ու հաստատ ինչպես մարդ անպայմանորեն սիրում է հորն ու մորը, նույն կերպ էլ Հայաստանում ծնվածի համար Հայաստանը իր հարազատն է ու ոչ մի՝ Հայաստանում ծնված ու Հայաստանում աշխատող գործարար չի խորշում իր երկրին իր աշխատածից փայ տալուց, բայց հաստատ էդ փայը պիտի լինի տրամաբանական, արդար (եթե նույնիսկ դեռ քաղաքական կամք չկա տզրուկներից հիմնահատակ ազատվելու հարցում, կարելի է գոնե պետական մակարդակով ինչ-որ թիվ սահմանել՝ զսպելու վերջիններիս ախորժակը՝ ենթադրենք 20-50 հազար դրամ, և ոչ մի դեպքում թույլ չտալ տզրուկներին՝ մանիպուլյացիայի ենթարկել գործարարներին, ինչպես Բանգլադեշի տնօրեն կոչվածը հաթաթա էր տալիս, թե՝ «20 հազարով իջացնեմ, բայց հաշվապահություն, հարկային, բան, դուք արեք»: Թե՞ Հայաստանում մարդ կա, որ չգիտի, որ մերօրյա հարկայիններն ու տզրուկները նույն դավադիրների ակումբի անդամներն են ու հիշյալ տեքստի ենթատեքստը հետևյալն էր. «Հեսա հարկայինին քսի կտամ վրեքներդ, նոր կհայտնաբերեք խեցգետիններին»): Ու նույն գործարարը ցանկանում է, որ ոչ մի համբալ չհամարձակվի իրեն համբալի տեղ դնել, որ իր աշխատածից մուծվածը մուծվի հիմնականում պետությանը, որ պետությունը դառնա էնպիսի պետություն, որի անունով երդվես, վստահ լինես, որ մուծածդ ամեն կոպեկը գնում է քո ծնողի թոշակին, քո երեխայի կրթությանը, քո՝ արժանապատիվ ոստիկանի ու մյուս՝ արժանապատվորեն իրենց տեղում գտնվող ծառայողների աշխատավարձին ու ոչ թե ծանոթներով խցկված ու կոֆե խմելով օր սպանող մեծ ու փոքր ձրիակեր չինովնիկների հսկայական բանակ պահելուն (մտեք թաղապետարաններ ու տեսեք, թե ինչ դեմքեր կան ու ինչով են զբաղված):

. Ինչի՞ համար ընդունվեց նոր Սահմանադրությունը: Փոփոխություններ, նոր երկիր, ավելի լուսավոր ու պայծառ պետություն կառուցելու տեսլականո՞վ, թե՞ ծառ տնկելու, տղա ունենալու ավանդույթով ամեն նախագահ էլ մի հատ սահմանադրություն պիտի ընդունած լինի… Կարելի է չէ՞ օրերից մի օր կանչել երկիրը փակուղու առաջ կանգնեցրածներին ու հանգիստ տոնով, ամեն ինչ տեսած մարդու աչքերի սերժսարգսյանական հայացքով ասել, թե գիտե՞ք ինչ, պարոնայք երդվյալ տզրուկներ, լա՛վ, ձեզ չե՛նք կախում, ամնիստիա ենք հայտարարում, ինչ արել-արել եք, բայց հերիք է՝ ինչքան ծծեցիք, աշխարհը վաղուց փոխվել է, ժամանակն է, որ մենք էլ փոխվենք, այսօրվանից սկսում ենք դեռատիզացիա և անհաշտ պայքար կրծողների ու ծծողների դեմ. ձեր ժամկետը վաղուց սպառվել է:

. Տեսնես էդ ժամանակ է՞լ Հայաստանի տնտեսությունը չի զարգանա: Ա՛յ, սա շատ հետաքրքիր է: Տեսնես՝ կգա՞ էդ օրը... Հայկը ի վերջո կհաղթի՞ Բելին…

 

 

Լուսինե Կեսոյանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее