ԼԵԶՎԻ ՏԵՍՈ՞ՒՉ, ԹԵ՞ ՈՍՏԻԿԱՆ
«Յան» վերջավորությամբ փողոցի կամ հրապարակի անունը ասում-գրում ենք ուղիղ ձևով` Աբովյան փողոց, Նալբանդյան փողոց, Դեմիրճյան, Տերյան, Մելիք-Ադամյան փողոցներ:
Իսկ եթե վերջավորությունը «յան»-ով չէ` անպայման նշում ենք պատկանելությունը` ՄաշտոցԻ պողոտա, ԿոմիտասԻ պողոտա, ԱրշակուՅԱՑ պողոտա, ՉարենցԻ, ԱդոնցԻ, ՓարպեցՈՒ, ԱգաթանգեղոսԻ, ԽորենացՈՒ փողոցներ:
Հասարակ բան է, չէ՞:
Իհարկե, «խելագարված ամբոխի» երթի ժամանակ «Խո-րե-նա-ցի» վանկարկելն արդարացված է և ճիշտ:
Բայց մի՞թե լրագրողները պարտավոր են առանց խորամուխ լինելու այդ բառը տեղափոխել մամուլի էջեր, հեռուստառադիոեթեր և բազմապատկել աչք ու ականջ ծակող սխալը:
Կասեք` երկրորդական բան է, երկրում բախտորոշ հարցեր են լուծվում դուք էլ բանի հետևից եք ընկել:
Ընկել եմ: Երկրորդական չի: Սա էլ է բախտորոշ:
Օրենքները, որոշումները, կանոնները ստեղծվել են, որպեսզի կանոնակարգեն մարդկանց վարքուբարքը, նաև խոսքը:
Եթե դրանց առկայությամբ ամենուրեք անտերություն է, ի՞նչ կարող է լինել բացակայության դեպքում:
Թեև մեզանում յուրաքանչյուր 100 հազար բնակչին բաժին ընկնող լրագրողների թիվը հասել է վտանգավոր սահմանագծի, նրանց թերուս մեծամասնությունը միմյանց կապկելով ասպարեզ է հանում սխալ, մերժելի բառաձևեր ու բառակապակցություններ` նեղություն չքաշելով դիմել բառարանի կամ տեղեկատուի, հեռախոսով` Լեզվի պետական տեսչության օգնությանը. միևնույնն է, այսպես էլ կլինի` այնպես էլ, բողոքողն ո՞վ է, կամ բողոքը լսողը:
Մեզ ավելի շատ լեզվի տեսուչ է պետք, քան ոստիկան: