Մարտի 17-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Գեղարքունիքի մարզի Սեւանի բժշկական ուսումնարանը, որ գործում է 1999-ից, փակվել է, ինչի արդյունքում փակվել է նաեւ Վարդենիսի մասնաճյուղը, եւ ուսանողները հայտնվել էին «դրսում»: Հայտնել էինք, որ առողջապահության նախարարության հսկողությունից կրթության նախարարության վերահսկողության տակ անցած ուսումնարանում ԿԳՆ-ն ստուգումներ էր իրականացրել եւ պարզել, որ նշված ուսումնական հաստատություններն ապօրինի են գործել: «Այնտեղ կրթություն չկա, խաբեբայություն է եղել: Անունը դրել են քոլեջ, երեխաներից փող են հավաքել»,- մեզ հետ զրույցում ասել էր ՀՀ կրթության եւ գիտության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանը:
Այսպիսով՝ ՀՀ ԿԳՆ-ն կոնկրետ հանցագործություն է բացահայտել, որը չպետք է անհետեւանք մնա: Հետեւաբար հարց է առաջանում՝ ո՞վ է պատասխանատվություն կրելու ուսումնական հաստատությունը ավարտած կամ, առհասարակ, դեռ ուսանողի կարգավիճակ ունեցողների ճակատագրի հետ խաղալու համար: Բնական է՝ լիցենզիայի պայմաններին չբավարարելու պայմաններում բուհ «պահելն» ու ուսանող կրթելը չէր կարող կազմակերպվել, օրինակ, մի վարչության աշխատակցի կամ թեկուզ պետի մակարդակով. գործն ավելի «բարձր մակարդակով» է գլուխ բերվել:
Թերեւս արժի հիշեցնել, որ 1998-2000թթ ՀՀ առողջապահության նախարարը եղել է Հայկ Նիկողոսյան, ու հենց նրա օրոք՝ 1999-ին է բացվել նշված ուսումնարանը: Այնուհետեւ 2000-2003-ին Արարատ Մկրտչյանն է նստել այդ աթոռին, ապա՝ 2003-2007-ը՝ Նորայր Դավիդյանը, 2007-2012՝ Հարություն Քուշկյանը, 2012-2014՝ Դերենիկ Դումանյանը: Նրանցից ով կամ ինչ դրդապատճառներով է տարիներ շարունակ թաքցրել ուսումնական հաստատությունում տիրող իրավիճակը, թերեւս ցույց կտա ժամանակը: Ու նրանցից որեւէ մեկը չի փորձել այդ խաբեության դեմն առնել: Հուսանք, որ գոնե այս գործով ճաղերի հետեւում չեն հայտնվի «մանր ձկները», օրինակ՝ լիցենզավորման բաժնի ինչ-որ պատասխանատու, այլ խոշորները` ի դեմս թվարկված նախարարներից մի քանիսի:
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթում