▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մետաքսի ճանապարհով մենք չինացիների հետ միայն առևտուր չէ, որ արել ենք...

Չինական  մշակույթի  ինքնատիպ  շերտերը  բացահայտող  ևս  երկու  գիրք  հայ  ընթերցողի  սեղանին  է: Երեկ  Հայաստանի  ազգային  գրադարանում  տեղի  ունեցավ  «Իմաստության  արկղիկ»  և  «Չինական  ճեպանկարներ»  գրքերի  շնորհանդեսը:  

«Իմաստության  արկղիկ»  ժողովածուն  հին  չինական  առակների  հավաքածու  է, որտեղ  ներկայացված  առակները  կարելի  է  ոչ  միայն  կարդալ, այլև  դրանց  ասելիքն  ընկալել  նկարազարդումների  միջոցով: ՀՀ վաստակավոր  նկարիչ  Արմեն  Վահրամյանը  փորձել  է  յուրաքանչյուր  պատկերազարդման  մեջ  խտացնել  առակի  իմաստն  ու  փիլիսոփայական  ուղերձը: Նկարիչը  մեծ  հետաքրքրությամբ  ու  կլանված  ընթերցել տպագրության  պատրաստվող  գիրքը և նկարազարդել: «Անկախ  ինձանից  ժամանակ  առ  ժամանակ  նայում ինձ մոտ գտնվող  նկարչական  թղթերին  ու  ներկերին: Հետո  կարծես  թե  ինձ  բռնեցի: Մի՞թե  ես  արդեն  մտովի  նկարում  եմ  իմ  ընթերցած  առակների  հերոսներին  և  դրանց  կերպարային  դրսևորումները»,-գրքում  նշում  է  նկարիչը:

«Գրքում  ներառված  38  առակները  շուրջ  2000  տարվա  պատմություն  ունեն և սերնդեսերունդ փոխանցվելով սերունդներ են դաստիարակել: «Չինական  այս  հին  առակները  լավագույն  արժեքներ  են  բերում։ Դրանցում, անկասկած, և’  ժողովրդի  ոգին  է, և’  էությունը, և’  փիլիսոփայությունը, լավն  ու  բարին, գեղեցիկն  ու  ուսանելին, մարդկային  կարևորագույն  արժեքները»,- իր ելույթում ընդգծեց  գրքի  խմբագիր, բանասիրական  գիտությունների  դոկտոր, պրոֆեսոր  Սերգո  Երիցյանը` կարևորելով  այսօրինակ  գրքերի  հրատարակությունը  բարեկամ  երկու  ժողովուրդների  հարաբերությունների  խորացման  գործում: Ըստ  նրա` չինական  առակների  ընթերցումը` սկսած  փոքր  տարիքից  մինչև  խոր  ծերություն, շատ  կարևոր  է և ուսանելի: Խոսելով  նաև  իր  հեղինակած  «Չինական  ճեպանկարներ»  գրքի մասին, Սերգո Երիցյանն ընդգծեց, որ այն Չինաստան կատարած ստեղծագործական ուղևորությունը ներկայացնող պատմությունների շարք է: Այդտեղ  չինական  մշակույթն  ու  պատմությունը, ճարտարապետությունն  ու  մարդկանց  կենսակերպը  ներկայացված  են դիտարկումների տեսքով` որպես  ճամփորդական  նոթեր: Չինաստանն  այդ  գրքում «Այնքա՜ն հեռու և այնքա՜ն մոտիկ»  է: «Կարծիք» ստեղծագործական խումբը պատրաստել է նաև այդ վերնագրով տեսաֆիլմ։

Ազգային  ժողովի  փոխնախագահ, հայ-չինական  խորհրդարանական  խմբի  ղեկավար  Հերմինե  Նաղդալյանը  կարծում  է, որ  մենք  մի  մեծ  քայլ  ենք  անում  առաջ` դեպի  հայ-չինական  բարեկամության  խորացում: «Չինական  հազարամյա  իմաստությունը օգնել է չին  ժողովրդին  հաղթահարելու  պատմական  զարգացման  ընթացքում  իր  առջև  եղած  խոչընդոտները։ Այն մեզ ևս  կօգնի շատ հարցերի այլ  տեսանկյունից  նայել»,- ասաց նա։  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Շատ  ուրախ  ենք, որ  հատկապես  թարգմանական  գրականություն  է  ներկայացվում  այսօր, որովհետև  թարգմանական  գրականության  յուրաքանչյուր  հրատարակություն  նշանակում  է  ևս  մեկ  քայլ  դեպի նոր աշխարհ, հատկապես,  երբ  այդ  գրականությունը  չինական  է: Երբ  ընթերցում  էի  այս  38  առակները, հասկացա, որ  մենք  շատ  ընդհանուր  բաներ  ունենք մեր չինացի բարեկամների հետ: Մետաքսի  ճանապարհով  մենք  ոչ  միայն  առևտուր  ենք  արել, այլև  փոխանցել մեր մշակութային  գիտելիքները, աշխարհաճանաչողությունը, ազգային  իմաստությունը», -նշեց  ՀՀ մշակույթի  նախարար  Արմեն  Ամիրյանը:  

Ելույթ ունեցավ նաև Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, ով ասաց, որ շարունակում են անցած տարի սկիզբ դրած նախաձեռնությունը և ներկայացվող գրքերը՝ առակների «Իմաստության արկղիկը» ժողովածուն և «Չինական ճեպանկարները» նվեր կտրվեն Հայաստանի բոլոր դպրոցներին, նախակրթարաններին և գրադարաններն։ «Մենք այսպես ուզում ենք օգնել լրացնելու գրադարանների ֆոնդերը,- իր խոսքը եզրափակեց Թիան Էրլունը,- ընդհանրապես, շատ կարևոր ենք համարում, որ չինական գրականությունը թարգմանաբար հրատարակվի Հայաստանում, հայկականն էլ՝ Չինաստանում։ Չէ՞ որ նման քայլեր արվել են 50-ական թվականներին և այդ ամենը շարունակել է պետք»։

Իր ելույթում ՀՀ ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանն ասաց, որ իրենց ֆոնդերում չինարեն լեզվով ունեն «Սասունցի Դավիթ» էպոսը և գուցե ավելի քան կես դար հետո կարիք կա այն վերահրատարակել։ Նա ողջունելով երկու գրքերի ծնունդը, ընթերցեց որոշումը Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին գրադարանային գործին ցուցաբերած աջակցության համար պարգևատրել Հայ գրականության հիմնադիր՝ «Հակոբ Մեղապարտի» անվան հուշամեդալով։

Բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանը ևս բարձր գնահատեց Հայաստանում Չինաստանի դեսպանատան այս քայլերը, որի նպատակն է ոչ միայն Չինաստանը ներկայացնել Հայաստանում, այլև համալրելու Հայաստանի գրադարանները և գրապահոցները նոր ինքնատիպ գրքերով։  

Շնորհանդեսի  ավարտին  Երևանի Գագիկ  Ստեփանյանի  անվան  համար  135  դպրոցի  աշակերտները  հանդիսատեսին  ներկայացրին  չինական  մի քանի առակների  բեմադրությունները  և  ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին, ՀՀ մշակույթի նախարար Արմեն  Ամիրյանին, Հայաստանում  Չինաստանի  Ժողովրդական  Հանրապետության  դեսպան  Թիան  Էրլունին, ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո  Երիցյանին, ՀՀ Ազգային  գրադարանի  տնօրեն  Տիգրան  Զարգարյանին  հանձնեցին  իրենց  ձեռքերով   պատրաստած  խորհրդանշական  նվերներ:

Այս միջոցառումը սկսելուց առաջ բացվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Արմեն Վահրամյանի ստեղծած 38 ձևավորումների ցուցադրումը։ Դրանցից ամեն մեկը ներկայացնում է մի առակի էությունն ու բովանդակությունը։ Իսկական տոն ստացվեց՝ ոչ միայն բարեկամության, այլև գրականության և արվեստի։

 

 

Մերի  Աղաջանյան

Լուսանկարները` հեղինակի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее