▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր քաղաքի տուն սրճարանները

Զբոսաշրջության ու սպասարկման ոլորտին անդրադարձող հայկական կայքը` yvn.reservin.am-ն այս անգամ անդրադարձել է Երևանի տուն սրճարաններին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Jean-Paul Existential Cafe

Արամի 42/1 հասցեում գտնվող Ժան Պոլը Երևանում բացված առաջին տուն-սրճարանն է: Անկեղծ ասած, ինձ երբեք չի հետաքրքրել ինչո՞ւ Ժան Պոլ կամ ինչո՞ւ էքզիստենցիալ: Առաջին բանը, որն ինձ գրավեց այս տուն-սրճարանում՝ ինտերիերն էր: Մի տեսակ տարօրինակ էր հայտնվել ինչ-որ մեկի տանը, որտեղ իսկական սրճարան է՝ մենյուով և մատուցողներով: Նստելով Ժան Պոլի հնամենի բազմոց-բազկաթոռին՝ տեղափոխվում եք 90-ականներ, երբ գորգերը ոչ միայն հատակին էին, այլև՝ պատերին, իսկ հնամաշ մանրահատակն ու մագնիտոֆոնի փոշոտված ձայնարկիչները հիշեցնում են «Руки Вверх» -ի ձայներիզները, սակայն մի տարբերությամբ, որ Ժան Պոլում «Руки Вверх» չեն լսում: Բայց դա չի խանգրում, որ մարդիկ շարունակեն գալ այս տուն, տուն` որտեղ կա բուխարի, որի շուրջ ամբողջ ձմեռ տաքացան բազմաթիվ մարդիկ, բուխարի, որի շուրջ վերջին շրջանում կարելի էր տեսնել հիմնականում Արամ Հարությունյանին, իսկ պատերի տակ՝ պարբերաբար լսել դժգոհ այցելուների փսփսոցները, թե ե՞րբ է նա տեղն ազատելու, չէ՞ որ բազմաթիվ մարդիկ հենց բուխարիի համար էին ձմռանն այցելում Ժան Պոլ: Այս տան մենյուն առաջարկում է ինչպես խմելու, այդպես էլ ծամելու բաներ՝ Բայկալ լիմոնադով ռոմից մինչև պասուց տոլմա: Սա Ժան Պոլն է, այստեղ ամեն ինչ «փախած» է: Մատուցումը լավն է, իհարկե պարբերաբար թարմացվող անձնակազմին դժվար է մտապահել, բայց հիշվող դեմքեր կան, օրինակ՝ սլավոնական արտաքինով երիտասարդն ու գանգրահեր, ծանր աքսեսուարներով աղջիկը, թերևս նրանք հիմա էլ չեն աշխատում, վաղուց չեն երևացել: Ժան Պոլում ծուխ է, բայց լավ երաժշտություն ու հետաքրքիր ակցիաներ: Պարբերաբար ստեղծվում են նոր կոկտեյլներ, իսկ շաբաթվա մենյուն յուրաքանչյուր օր առաջարկում է մեկ խմիչք ընդամենը 1000 դրամով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդհանրապես, House cafe-ները մեծ տարածում ունեն ամբողջ աշխարհում, բայց եկեք հեռու չգնանք. միայն մեր հարևան Թբիլիսիում տուն-սրճարանները բավականին տարածված են: Գուցե հենց դրանք ոգևորեցին մերոնց բացելու հյուրընկալ սրճարանների հայկական տարբերակը: Եթե եղել եք Թբիլիսիի ամենահայտնի Purpur -ում, ապա գիտեք՝ ինչի մասին է խոսքը: Այս սրճարանները, որպես կանոն, բացվում են սովորական շենքերի բնակարաններում, համենայն դեպս, ցանկալի է, որ դա հենց այդպես լինի: Տուն-սրճարանները տարբերվում են իրենց ինտերիերով, որի վրա երբեմն տերերը կարող են հազարավոր դոլարներ ծախսել, որպեսզի ստանան ընտանեկան ջերմ մթնոլորտը, սակայն դա երևանյան տուն-սրճարանների մասին չէ: Մեծ հաշվով դրա կարիքը չկա էլ, որովհետև մրցակցություն էլ չկա, դաշտում կա ընդամենը մի քանի այդպիսի սրճարան, որոնցից մեկն ու թերևս ամենատիպիկը Տերյան 25 հասցեում՝ բնակարան 19-ում գտնվող Soviet House Cafe-ն է:


Soviet House Cafe

Սա տուն սրճարանի վառ օրինակ է: Դուք գալիս եք նշված հասցեով, զանգը տալիս և դուռը բացում են: Այստեղ չեն հարցնում՝ «ո՞վ է», եթե այստեղ եք, ուրեմն Սովետ սրճարանի հյուրն եք: Սովետական նրբանցքով առաջ եք ընթանում ու հայտնվում բնակարանում: Ինչպես բոլոր բնակարաններն, այստեղ կա խոհանոց, սանհանգույց, հյուրասրահներ և մեկ մեծ պլյուս՝ չծխողների սրահ: Սովետական ոճով կահավորված տանը ձմռան ընթացքում դրվեց փայտե վառարան, որի վրա պատրաստվեց ամենահամեղ ու ավանդական պլեճը: Սովետում հնչում է միմիայն սովետական երաժշտություն՝ ինչպես հայկական, այդպես էլ՝ ռուսական: Երբեմն այստեղ Բաբաջանյանի Նոկտյուրն է թևածում, իսկ երբեմն՝ «Сплин» -ն ու Ցոյը: Սովետի ուտեստների մատյանն իսկապես սովետական է՝ կարտոֆիլե պյուրե, կիևյան կոտլետ և մեկ բաժակ կոմպոտ, էլ ի՞նչ է պետք հին ու բարի ժամանակներ վերադառնալու համար: Մատուցումն այստեղ միշտ հրաշալի է, վերջերս նոր ու շատ բարեկիրթ միջին տարիքի մի մատուցողի են ընդունել, ով իր կերպարով ամբողջովին հիշեցնում է այն թվերի բարեհամբույր ու «Красный мак »–ով օծված տղամարդկանց: Սովետում, ի տարբերություն մյուս սրճարանների, կա չծխողների սենյակ, որտեղ, ի դեպ, առաստաղից կախված են հին սովետական օլիմպիական օղակներ, որոնցով երևի ժամանակին մարզվել են տանտերերը: Սովետը լքելուց հետո, կցանկանաք նորից վերադառնալ, որովհետև այստեղ Ձեզ միշտ սպասում են:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее