«Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Ծովինար Նազարյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով գերեվարված հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի՝ ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցին:
Ժողովուրդ։ Ադրբեջանում նախագահական ընտրություններ են սպասվում։ Ադրբեջանում վերջին բողոքի ակցիաները, որոնք ամենաշատ մարդկանց քանակություն են ապահովել, կապված են եղել բանակում ոչ մարտական զոհերի հետ։ Բնական է, որ Ադրբեջանը պիտի մկանների ցուցադրության դիմեր` Ալիևի կլանի հարատևության համար։ Էդ մասին ես նույնիսկ զգուշացրել եմ «Բանակն իրականում» խմբում՝ խնդրելով, որ այս ամիսներին ուշադիր լինեն։ Ադրբեջանը էսօր հայ զինվոր է սպանել Մեղրիի շրջանում, երեկ էլ էդ վիդեոն է տարածել։
Միանգամայն կանխատեսելի է, որ ամեն ինչ պիտի անեին` գերի ձեռք բերելու և այդ գերուն քարոզչական նպատակներով օգտագործելու համար։ Նրանք հիմա փորձում են ադրբեջանական ժողովրդին ցույց տալ, իբր իրենց բանակի վիճակը վատ չի, վատ է միայն Հայաստանի բանակի վիճակը։ Իրականում, սա քարոզչություն է` ուղղված սեփական ժողովրդին։ Մեր բանակի մասին ադրբեջանցիներից չէ, որ մենք պիտի իմանայինք։ Իհարկե, Հայլուրից էլ չենք իմանա։ Մեզ մոտ գոնե հասարակական մակարդակում այդ մասին մշտապես խոսվում է։ Ադրբեջանում խոսքի ազատության վիճակն ավելի վատ է, բայց հանկարծ ոչ մարտական մահերի շուրջ էդ բողոքը պոռթկաց։ Հիմա իրենք էդ պոռթկումը ստվերելու համար ամեն միջոցի դիմելու են։ Մանավանդ, որ առջևում ընտրություններ են։
Երբ ես ասում եմ՝ «ամեն ինչ անելու են», իսկապես նկատի ունեմ ԱՄԵՆ ԻՆՉ։ Էնպես որ, խնդրում եմ, Հակոբին քիչ մեղադրեք. մեր երևակայությունն անգամ չի հերիքում պատկերացնելու, թե ինչ վիճակի մեջ է տղան։ Ադրբեջանական նախընտրական քարոզչությունը իր գործն անում է։ Դրանից պետք չի նեղվել, թե մեր տղան բերանբացություն է անում։ Ի վերջո, նա հանրահայտ բաներ է պատմում, ոչ թե ռազմական գաղտնիքներ, որոնց չէր էլ կարող տիրապետել որպես շարքային։ Հակոբի եղբայրը էս պահին ծառայում է Արցախում։ Համեստ ընտանիք են… Պետք չի շեղվել քարոզչության բովանդակության վրա, դա հարկադրանքի տակ կորզված խոսք է` անկախ դրա ճշմարտացի լինել–չլինելուց։ Սպասենք տղայի վերադարձին։
Հայաստանը ճիշտ դիրքորոշում է բռնել` անկախ ամեն ինչից, մենք նրան սպասում ենք, ու իրավական հետևանքներ չեն լինի։ Իսկ երբ նրա վերադարձին Հայաստանն իրեն դարձյալ պատշաճ պահի, էդ ժամանակ ադրբեջանցի ագիտատորների լեզուն կկարճանա, երբ իրենց քաղաքացիներին հալածում են նույնիսկ շարքային միջազգային սեմինարներում հայերին բարև տալու համար։ Դիմանալ է պետք մինչև հոկտեմբերի 9–ի ընտրություններ, ու նորից եմ կրկնում` ուշադիր լինել սահմանին, հոգատար լինել իրար նկատմամբ։ Ադրբեջանը էսպիսի զենքից կզրկվի միայն էն ժամանակ, երբ հայկական բանակը օրինակելի դառնա տարածաշրջանում ու ոչ մի հայ ռազմագերու ոչ մի էսպիսի պատմության ոչ մի ադրբեջանցի չհավատա։
Էնպես որ, հիմա բանակում և բանակին կից իրավապահ համակարգում պետք է կոստանյան–շոուներին փոխարինեն իրական բարեփոխումներ` քաղաքականության փոփոխության (policy making) մակարդակով։