Հելլադան ու Արևելքը հարստացնում էին միմյանց, Հռոմն ու Արևելքը`աստիճանաբար խորթանում: Հայաստանն այդ խորթության հաղթահարումն է, թեպետ այդ ճանապարհին, ավաղ, զոհաբերվեց մի քաղաքակրթական թռիչք`Կիլիկիան:
Բայց մեզ համար հասկանալի է այդ երկու աշխարհների լեզուն: Եվ մերն էլ`այդ աշխարհների համար: Փարաջանովի «Նռան գույնը» հարազատի պես խոսում է Արևելքի հետ: Պարսիկներն ու արաբները կարդում են այդ կախարդական գորգը` սեփական նշանային համակարգով: Բայց Արևելքից ամբողջապես դուրս լեհերը, նաև ֆրանսիացիք ու իտալացիք (վերջիններս`Արևելքը ,անուամենայնիվ, շոշափող), վերցնում են նույն ֆիլմը ազատորեն`իր քրիստոնեական հոգեհյուսվածքի ձգողականությամբ:
Մեծ հաշվով ամեն ինչ որոշում է տաղանդը, բայց արդյո՞ք միայն արվեստում: Քաղաքակրթական հարաբերությունների տաղանդ: Կյանքեր հարաբերելու տաղանդ: Արամ Խաչատրյանի «Սպարտակ» - ը: Եվ Ավետիք Իսահակյանի «Աբու Լալա...» - ն: Արևմտահայաստանի ֆրանսերենն ու Արևելահայաստանի ռուսերենը: Եվ նախաշխարհներից մինչև 21-րդ դար հասած հայերենը, որ ճյուղավորվում է Ելման կետից:
Ինչպիսի պատմական առավելություն: Եվ որքան հետաքրքիր հեռանկար: Հայկական կենտրոնաձիգ հայացք`«Մենք ենք, մեր սարերը»: Հայկական «Բարև, ես եմ» , որը սեփական սարերի հենակետից խոսում է ամենեքյան հետ:
Գրող, կինոգետ Դավիթ Մուրադյան
Ֆեյսբուք