ՀՀԿ-ականների խոստումը, թե ՀՀ նոր վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանը Սինգապուր է դարձնելու՝ իր համարձակ տնտեսական քայլերով, առիթ է տալիս հիշել ասիական այդ պետության արագ թռիչքն ու դրա համար նախադրյալներն, և համբերատար հետևել, թե դրանցից որոնք են կյանքի կոչվելու Հայաստանում՝ Կարեն Կարապետյանի կողմից:
Եվ այսպես՝ Սինգապուրը «տնտեսական հրաշքի» օրինակն է, որի հայրը Լի Կուան Յուն է, ով 40 տարվա ընթացքում Սինգապուրն «աշխարհի երրորդ» երկրից վերածեց ամենազարգացածներից մեկը:
Սինգապուրը տառապում էր կոռուպցիայի բարձր մակարդակից: Լի Կուան Յուն այսպես է բնութագրել իրավիճակը. «Կոռուպցիան ասիական ապրելակերպի հատկանիշներից մեկն է համարվում: Մարդիկ բացահայտ կերպով ընդունում էին վարձատրություններ, դա նրանց կյանքի մի մասն էր»:
Կոռուպցիայի դեմ պայքարը սկսվեց «որոշումների կայացման, ընթացակարգերի պարզեցման եւ օրենքի մեջ ցանկացած երկիմաստության հեռացման ճանապարհով հստակ եւ պարզ կանոնների հրապարակման հետեւանքում, ընդհուպ մինչեւ թույլտվությունների եւ լիցենզավորման վերացում»:
Կտրուկ բարձրացվեցին դատավորների աշխատավարձերը, դատական պաշտոններում ներգրավվեցին «լավագույն մասնավոր փաստաբանները»: Սինգապուրյան դատավորի աշխատավարձը տարեկան հասավ մի քանի հարյուր հազար դոլարի (իսկ 1990-ական թվականներին արդեն ավելի քան 1 մլն. դոլարի): Խստորեն ճնշվեցին տրիադաները (մաֆիոզ խմբավորումները): Ոստիկանության առավելապես մալայացիներից բաղկացած անձնակազմը փոխարինվեց չինացիներով, քանզի նրանք ավելի կարգապահ են:
Պատասխանատու պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների աշխատավարձերը բարձրացվեցին մասնավոր ձեռնարկությունների թոփ-մենեջերներին բնորոշ մակարդակի: Ստեղծվեց անկախ մարմին` իշխանության բարձրագույն էշելոններում (հետաքննություններ էին նախաձեռնվում նույնիսկ Լի Կուան Յուի հարազատներին դեմ) կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով: Կոռուպցիայի մեջ կասկածվող մի շարք նախարարներ դատապարտվեցին տարբեր ժամկետների ազատազրկման կամ կյանքն ավարտեցին ինքնասպանությամբ կամ էլ ճողոպրեցին երկրից:
Արդյունքում Սինգապուրը (միջազգային վարկանիշների համաձայն) դարձավ աշխարհի նվազագույն չափով կոռումպացված երկրներից մեկը: Լի Կուան Յուն իր հիշողություններում ընդգծել է, որ նա մշտապես արմատավորել է օրենքի գերակայության եւ օրենքի առջեւ բոլորի հավասարությունը, այդ թվում `բարձրաստիճան պաշտոնյաների եւ իր հարազատների:
Կառավարությունը սկսեց հսկայական գումարներ ծախսել աշխարհի լավագույն համալսարաններում սինգապուրցի ուսանողների ուսուցման համար, նաև մեծ կարեւորություն տվեց այն բանին, որ բնակչության մեծամասնությանը կացարանի սեփականատեր դարձնի:
Սրան զուգահեռ Լի Կուան Յուն հրապարակում է շատ անսովոր եւ խիստ օրենքներ, ինչպես օրինակ արգելվում է թքել գետնին (տուգանք սինգապուրյան 1,500 դոլար), ծխել հասարակական վայրերում (տուգանք սինգապուրյան 1,500 դոլար), նետել օգտագործված թուղթը (տուգանք սինգապուրյան 1,500 դոլար), ծաղիկները ջրելուց հետո ջուրը թողնել ծաղկամանների ափսեների մեջ (դա գրավում է մոծակներին, տուգանք սինգապուրյան 1,500 դոլար), մեքենաները կայանել քաղաքի կենտրոնում: Պետությունը սկսում է բուրել օճառով:
Երեկոյան ժամը 18:00-ից հետո արգելվում է մենակ գնալ սեփական մեքենայով, դուք պետք է կոլեգաներին կամ ուղեկիցներին հասցնեք ինչ-որ մի տեղ, դա նվազեցնում է խցանումների եւ գազով թունավորվածության հավանականությունը (հակառակ դեպքում տուգանք սինգապուրյան 1,500 դոլար): Ոստիկանությունը պարտադրել է սինգապուրցիներին մեքենաներում ցուցիչներ տեղադրել, որպեսզի բոլորն իմանան համաքաղաքացիների երթուղիները:
Գողության, բռնության, թմրանյութերի, կոռուպցիայի գործերով մեղավորները մահվան են դատապարտվում` կախաղանի միջոցով: Մինչ այժմ գոյություն ունեն պատիժներ` մտրակով:
...Ահա այսպես՝ համառորեն կիրառելով ընտրված ռազմավարությունը` Սինգապուրը կարողացավ չափազանց կարճ ժամանակահատվածում վերածվել աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը (ընդամենը մեկ սերնդի ընթացքում):
Ну что, слабо? Բայց Կարեն Կարապետյանի «դրայվը» պետք է որ բավականացնի այս ամենին:
Ահա այս ենք մենք սպասելու ու ակնկալելու ՀՀ նոր վարչապետ Կարեն Կարապետյանից, իսկ թե ինչքան ենք համբերելու՝ այլ հարց է:
Պատմությունը ցույց տվեց, որ մենք համբերող ժողովուրդ ենք, բայց նաև՝ մենք թացը չորից, կեղծն իրականից, սուտը ճշտից տարբերող ժողովուրդ ենք:
Այնպես որ՝ կարող ենք համբերել, բայց կասկածել...
Իսկ մենք համբերատարության ընթացքում ավելի լավ է առաջնորդվենք Լի Կուան Յուի այս մտքով՝ «Մարդու մասին կարծիք մի հայտնեք, քանի դեռ չեն փակել նրա դագաղի կափարիչը։ Մինչև մահանալս ես դեռ կարող եմ հիմարություններ անել»։
Հենց ինքը՝ սինգապուրյան հրաշքի հեղինակը, շատ վերելքներ ու ապրումներ է ունեցել և հասուն տարիքում է ն մտածել միայն այն մասին, թե ինչպես ստիպել, որ իր երկիրն աշխատի։
Ա.Մաթևոսյան