Հայաստան-Արցախ կայքը գրում է. Վերջերս ադրբեջանցիները հերթական «սենսացիոն» հայտարարությունն արեցին, թե 400-ից ավելի ժամանակակից հայկական ազգանուններ ադրբեջանական ծագում ունեն:
Այս «բացահայտման» հեղինակները Ադրբեջանի ԳԱԱ ֆոլկլորի ինստիտուտի աշխատակիցներն են: Նրանց «հայտնագործությունը», սակայն, զուտ հայտարարությամբ չավարտվեց. ընթերցողի սեղանին հայտնվեց «Թուրքական ծագմամբ հայկական ազգանուններ» գիրքը, որում քոչվորը նույնիսկ հեռուն գնացող հետեւություն է անում. «Սա լույս է սփռում հայերի գենետիկ ծագման վրա, այդ էթնոսի լեզվի, գիտակցության, մշակույթի վրա ադրբեջանա-թուրքական մշակութային շրջապատի ազդեցության, լեզվային առնչությունների եւ այլ հարցերի վրա»:
Սա Ադրբեջանի իրականացրած հակահայ քարոզչական քայլերից է, որը պետք չէ մեծահոգաբար անտեսել, ինչպես հաճախ վարվում են հայ գիտնականները: Սակայն առ այսօր չի լսվում Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի համարժեք պատասխանը: Եվ միայն հայ մտավորականների մի նեղ շրջանակ, գիտակցելով հայկական ազգանուններում թաքնված օտարաշունչ արմատների վտանգը, ահազանգում է` հայկական ազգանունները պետք է սրբել օտարաշունչ աղբից` թուրքական բառ-արմատներից:
Երբեւէ ուշադրություն դարձրե՞լ ենք, թե մեր հայկական «յան» մասնիկը որքա՜ն ենք տկարացրել օտարահունչ ամիրա- բեկ- ռաշիդ- հասան- ջավադ- իսմայիլ-ներով, թե մեր շրջապատում որքա՜ն շատ են Ալավերդյանները, Աղաբաբյաններն ու Բաբուխանյանները, Կարաքեշիշյաններն ու Ամիրզադյանները, Փալանդուզյաններն ու Իսագուլյանները… Տեղին է նկատել Գուսան Հայկազունը. «Չունենք գեթ մեկ Հայաստանյան, բայց կա հազար Իսրայելյան, չկա գեթ մեկ Երեւանյան, բայց կա հազարավոր Ստամբուլցյան: Մեկ Իշխանյան, տասը՝ Խանոյան, չունենք անգամ մեկ Աստվածյան, տեսեք ինչքան Ալահվերդյան…»:
Համոզված կարող ենք ասել, որ հայերս չգիտենք էլ, թե ինչ բացատրություն ունեն մեր ազգանունների կազմության մեջ խցկված թուրքական բառ-արմատները: Հետաքրքիր է, եթե ամեն մի Էլօղլյան (օտարի տղա), Ղասաբօղլյան (մսագործի որդի), Ղուլյան ու Ղուլանյան (ստրուկ, ծառա), Եորդակյան (բադ), Գյոդակյան (կարճլիկ), էքմեքչյան (հացագործ), Թերլեմեզյան (չքրտնող), Չեքիջյան (կշռավար), Խզմալյան (անզուսպ), Նավալյան (ապուշ), Գավուկյան (խաբեբա), Համալմազյան (իրավազուրկ), Ղարաջյան (բամբասող) իմանա իր ազգանվան հիմնական մաս կազմող թուրքական բառերի այս բացատրությունը, կշարունակի՞ կառչած մնալ թուրքի կողմից իր տոհմին տրված արհամարհական մականվանը:
Մինչեւ ե՞րբ պիտի կրենք քոչվորի կնքած վիրավորական մակդիրները` չոփուռ (ծաղկատար), թոփալ (կաղ), չոլախ (կռնատ), բիշար (անխոհեմ), խզմալ (անզուսպ), չոփիկ (կեղտոտ), յալանդուզ (ստախոս), ղաթրջի (ջորեպան), ղամազ (բանսարկու)… Սա մե՛ր ամոթն է:
Ցանկացած հայ, երբ առաջին անգամ լսում է սեփական ազգանունը փոխելու մասին, արձագանքը լինում է հակազդեցությունը, քանզի այն ընկալվում է մեր պապերի հետ ունեցած հոգեւոր կապից հրաժարում: Եվ սա հասկանալի է. հայի համար դժվար է սերնդեսերունդ ժառանգված սեփական ազգանունից հրաժարվելը:
Սակայն երբ գիտակցենք, թե իրականում ինչ է կատարվել մեր պապենական անաղարտ տոհմանունների հետ, որ դրանց թրքացումը եղել է Թուրքիայի հակահայ քաղաքականության մի մասը, այլեւս թուրքի կնքած անվայելուչ մականուններից ազատվելն ու սեփական ազգանունը հայաշունչ դարձնելը կդառնա հոգու պարտադիր պահանջ:
Պատմաբան Անահիտ Տերյանը, որը թրքաբառ ազգանուններից հրաժարվելու գաղափարի ջատագովներից է, տեղին է նկատել. «Ամոթ ու տխրություն ես զգում, երբ լսում ես թուրքական, հրեական, պարսկական, արաբական ծագում ունեցող հայի անուն-ազգանուն: Ցավ, քանի որ անմիջապես հիշում ես հայոց պատմության ցավոտ էջերը»:
Պատմաբանը ժամանակակիցներիս սթափեցնելու նպատակով հիշեցնում է այն հայ անվանի գործիչներին, որոնք, բարձր գնահատելով հայ մարդու համար հայեցի անուն-ազգանուն ունենալու կարեւորությունն ու խորհուրդը, սեփական օրինակով են դա հաստատել, ինչպես Արամ Մանուկյանն է հրաժարվել իր նախկին Սերգեյ Հովհաննիսյան անուն-ազգանունից, Հովհաննես Քաջազնունին` Իգիթխանյանից, հայ մեծահարուստ Գալուստ Գյուլբենկյանը հաճախ հանդես է եկել Վարդ Պատրիկ անունով, եւ այլն:
Եվ ուրեմն, մինչեւ ե՞րբ պիտի հայերը ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Սփյուռքում համառորեն շարունակեն կրել թուրքական անպատվությունն իրենց ազգանուններում: Ժամանակն է վճռական լինել ու աղբը վանել մեր տոհմանուններից: Ժամանակն է մեր «յան» մասնիկն ազատել «խան»-երից, «բեկ»-երից, «սուլթան»-ներից, «փաշա»-ներից, եւ ինչո՞ւ ոչ, գուցե նաեւ մտածել Թագավորյան, Նախարարյան ազգանուններ ունենալու մասին, ինչպես` Իշխանյանը:
Այստեղ մեծ դեր ունեն հայրենի գործադիր եւ օրենսդիր մարմինները, քանզի օտար` թուրքական, հրեական, պարսկական անուն-ազգանուններից հրաժարումը ոչ թե պետք է թողնվի անհատի կամքին, այլ դառնա պետական ծրագիր: Բայց մինչ գործը պետական այրերին հասնելը պատմաբան Տերյանն առաջարկում է չսպասել դրան. թող յուրաքանչյուր հայրենասեր անհատ ինքը ձեռնամուխ լինի իր ոչ հայեցի անուն-ազգանվան փոփոխման գործընթացին:
Պատմաբանն անգամ ճանապարհներ է առաջարկում. ա) ազգանունը թարգմանել, եթե հնարավոր է. բ) նախնիներից մեկի հայեցի անունը դարձնել ազգանուն. գ) եթե մարդը ինչ-ինչ պատճառներով չի կարող փոխել իր ազգանունը, ապա գոնե թող փոխի երեխաների ազգանունը:
Ազգանունը ազգային-մշակութային արժեք է, ուրեմն մաքրենք մեր տոհմանունները` հայանալով:
Հեղինակ՝ Արմինե Սիմոնյան
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում