▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանուկ Բեյ` Բեսարաբիայի ամենահայտնի հայն ու նրա դղյակը

Ամենուր նույնն էին ասում՝ Մանուկ Բեյի ամրոցը տեսե՞լ եք: Հեռվից էինք լսում պատմությունները, ու քանի դեռ  պատահմամբ բնակություն էինք հաստատել Մոլդովայում, որոշեցինք այցելել տեղի ամենահայտնի մշակութային օջախներից մեկը, այն պատմական ամրոցը, որի մասին այդպես հիացմունքով խոսում էին բնիկները:

-Ոնց թե, դուք դեռ չեք եղե՞լ էնտեղ,-հարցնում է Մոլդովային հայ համայնքի առաջնորդի որդին՝ Դավիթը:

Ու հաջորդ օրն առավոտյան McDonalds-ի համբուրգերներով ճամփա ենք ընկնում ընկերներով: Եվ հավատացնում եմ՝ լավագույն ուղեկից, քան Մոլդովայում ապրող ու արմատներով արցախցի հայն է, դուք չեք կարող ունենալ: Նա հայհոյում է հայատյացությունը, ու ծրագրեր կազմում սիրիահայերին օգնելու համար:

Հինչեշտի շրջան: Ու հենց քաղաքի կենտրոնից հսկայական աստիճանները բարձրանում են դեպի ամրոց, ավելի ճիշտ՝ Մանուկ Բեյ հայի դղյակ: Ավերակ-պատերից, որ հիմա վերանորոգում են, պատմության ծուխն ու խունացած լուսանկարներն են մնացել: Երբեմնի ճարտարապեական գլուխգործոցն ասես նախկին մղումով դեռ կանգուն է…

Մեզ դիմավորում է թանգարանի աշխատակիցը՝ ռումինացին մի պապիկ: Եվ ի՞նչն է նրան այստեղ բերել, դեռ չգիտեմ, բայց նրա կլոր-փոքր աչքերը մի կերպ մեծանում են մերթընդմերթ, երբ ոգևորված պամություններ է պատմում Բեյի մասին ու լուսանկարները քրքրում-հանում պահոցից:

Այս լուսանկարները պահպանվել են շնորհիվ մի հրեա լուսանկարչի, ով իտալական փոստին էր վաճառում իր ճամփորդական լուսանկարները:  Մանուկ Միզոյանը Օսմանյան Կայսրությունում դրագոմանի տիտղոս էր ստացել (դա համարժեք էր ֆինանսների փոխնախարարի պատշոնին), և, աչքի ընկնելով լավ ծառայության համար, արժանացել է Բեյ կոչմանը: Նա նաև մեծ մասնակցություն է ունեցել 1812 թվականին Բուխարեստի հաշտության պայմանագրի կնքման աշխատանքներում, ու այդ պայմանագիրը ստորագրվել է հենց իր բուխարեստյան ամրոցում: Սակայն Օսմանյան ղեկավարությունը նրան դավաճան է համարում, և նա տեղափոխվում ու մինչև կյանքի վերջ ապրում է  Բեսարաբիայի այն հատվածում, որը Ցարական Ռուսաստանին էր բաժին ընկել:

-Գիտեք՝ այնքան լեգենդներ կան Մանուկ Բեյի մասին, շատ պատմություններ, ու չգիտես՝ որն է ճիշտ, որը՝  սխալ: Ասում են նաև, որ նա գաղտնի ծառայություն էր ղեկավարում, և անգամ ուներ լրտեսների բանակ, ռուս լրտեսներ, պակերացնու՞մ եք, թե որքան պետք է հարուստ և ուժեղ լիներ մարդն այդ ժամանակներերում, որ կարողանար այսպես ապրել,-ասում է թանգարանի աշխատակից Տուդոր Պլաչենտեն:

Այդ մասին է վկայում նաև այս հյուրանոց-դղյակը. մենք ուզում ենք գնալ-տեսնել ավելի մոտիկից, բայց ռումինացի գիդի պատմություններն անսպառ են: Անընդհատ շեղվում ենք, պտտվում թանգարանով, որպեսզի ավելին տեսնենք, ու շուտ տեսնենք, մեկ էլ Դավիթն է գոռում (այնքան, որքան թույլատրելի էր թանգարանում).« Էկեք ստեղ, ես ինչի համար եմ ձեզ հետ եկել, չեք ուզու՞մ լսեք»:

Վերջապես՝ գնում ենք դեպի ավերակները: Ու Տուդոր Պլաչենտեի ոգևորությունն էլ ավելանում է.

- Գեղեցկուհի-դղյակը, տեսե՛ք… Աստիճանները բերում էին դեպի շքամուտք… Ահա՝ ներքևում կանգնում էին կառքերը, հյուրերը վերև էին բարձրանում… Ժամանակի առաջավոր դեմքերը, քաղաքական ու մշակութային գործիչները եղել են այստտեղ… Հասկանու՞մ եք, բարձրացել են, նստել են, հյուրընկալվել են Մանուկ Բեյին… Վերևում լողավազաններն էին, նաև՝ արևայրուք ընդունելու համար հաուկ նախատեսված այս տեղը…(ցույց է տալիս լուսանկարները):

-Տեսեք, մեր Հայը ոնց է ապրել… ութհարյուրական թվականներն էին, է, տեսեք…,- ոգևորությունը փոխանցվում է Դավիթին:

-Լրիվ Թագավոր…

-Օլիգարխ…

-Օլիգարխները մանր մունր բաներ են  նրա համեմատ,-մեր մեջբերումներն ընդհատում է ռումինացին: -Ահա, 1941 թվականից հետո, երբ խորհրդային զինվորները հեռանում էին այս կողմիերից,  այրեցին ամենը, ավիրեցին…

-Բայց պատճա՞ռը,-հարցնում եմ:

-Ո՞նց թե. ոչ մեզ, ոչ՝ ձեզ: Հենց այնպես, առանց պատճառ, նախանձից…

Իսկ Մանուկ Բեյը ամրոցը կառուցել էր նաև որպես հյուրանոց: Նա չէր ուզում, որ այդ ժամանակների համար մոդեռն համարվող իր դղյակը միայն 19-րդ դարի ճարտարապետական գլուխգործոց համարվեր. «Նա ծառայել է, պարտքով գումար է տվել պետությանը, տոկոսներ չի վերցրել, նա իսկապես մեծ հոգի ուներ,  շատ ներդրումներ է արել հենց եկեղցու կառուցման ժամանակ, կրոնական դպրոց է բացել, Լազարյան ճեմարանին է մշտապես աջակցել: Հասկանու՞մ եք,-ռումինացի գիդի մեջբերումներն են: -Նա շատ նվիրված էր նախ և առաջ ազգին, ապա՝ ընտանիքն ու իր հարստությանը»:

Ու չնայած կարող էի գուշակել, թե ինչու է ոգևորվում անընդհատ Տուդոր Պլաչենտեն, բայց մեկ է, ուզում եմ հարցնել… Մեկ էլ լսում եմ՝ «եկեք, ես որոշել եմ ձեզ մի բան էլ ցույց տալ»: Ու չնայած ամենուր վերանորոգման աշխատանքներ են, բայց նա շինափայտից ազատում է դեպի ընդհատակ տանող մի մուտք, ու մեզ ներս հրավիրում. Մանուկ Բեյի գինու պահոցներն են: Ի դեպ, ամբողջ Մոլդովան է հայտնի գինու մառաններով: Լուսավորում ենք՝ ով ինչպես կարող է, ու մտնում ենք երկար թունելի նմանվող այս նկուղ: Մենք դիպչում ենք պամությանը: Մանուկ Բեյը նաև առանձին կառույց է ունեցել, որտեղ հաուկ սառույց է պատրաստվել խմիչքների համար, բայց ռսները հավանաբար մեծ հաճույքով դա էլ են այրել: Ասում են նաև, որ ամրոցը ստորգետնյա թունելներով էլ է հայտնի, բայց այդ լաբիրինթոսի նմանվող թունելների քարտեզը քանդակված է եղել, իսկ քանդակները վերացել են խորհրդային միության տարիներին՝ մինչ եկեղացական բախումների ժամանակ, ու լաբիրինթոսային թունելներում էլ պահված են մնացել Մանուկ Բեյի գանձերը:  Ու ես չեմ դիմանում, հարցնում եմ, թե ինչու է ռումինացի այս մարդն ամբողջությամբ նվիրվել այս վայրերին. «Ես հիմա 65  տարեկան եմ, այստեղ գործուղվեցի, երբ թոշակի անցա, ու հենց առաջին գործս այն էր, որ սկսեցի համացանցով նյութեր տարածել Մանուկ Բեյի ու նրա ամրոցի մասին: Մանուկ Բեյն իր ընտանիքով այստեղ է ապրել,  նրանք նույնպես մեր պատմության մասն են, և մեծ ներդրում ունեն: Ես երկար ժամանակ չէ, որ այստեղ եմ, բայց ուսումնասիրում եմ այս մշակութային ժառանգության պատմությունը: Այստեղ հայերը հազվադեպ են այցելում, մշակույթի նախարարն է եկել նաև: Բայց ընդհանրապես՝ այցելուներ շատ են լինում, սա շատ հայտնի պատմական վայր է: Իսկ ես մշակույթի և տուրիզմի ղեկավարման մասնագետ եմ: Ես մի բան գիտեմ՝ ով էլ եղած լինի Մանուկ Բեյը, միևնույն է, մենք ժառանգության տերն եք, մերը՝ պատմությունն է, իսկ Մանուկ Բեյն արդեն վաղուց հողի տակ է անցել»:

 

Հեղինակ` 

Վրույր Թադևոսյան

Մոլդովա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее