Եվ այսպես` խելահեղ արագությամբ եւ էլ ավելի խելահեղ տրամաբանությամբ ընթացող ներքաղաքական գործընթացների հանգուցալուծումը հանգում է ամսի 20-ին հրավիրված հանրահավաքին: Նախ` բավականին տարօրինակ էր, որ ընդդիմադիր եռյակը հունվարի 12-ին ԲՀԿ-ի առաջնորդին նետված ձեռնոցը վերցնելու շուրջ ամբողջ երկու օր տարբեր քննարկումներ ունեցավ, ապա, ի վերջո, որոշեց եռյակի բնութագրմամբ` «շտապ հավաքը» հրավիրել միայն ամսի 20-ին, ասել է թե` Սերժ Սարգսյանի հայտարարած «պատերազմից» ութ օր անց միայն՝ հստակ գիտակցելով, որ այդ ընթացքում իշխանությունները «ձեռքերը ծալած» չեն նստելու եւ գործարկելու են ռեպրեսիվ մեքենան: Ինչի հստակ զգուշացումն, ի դեպ, Սերժ Սարգսյանը միանգամայն բացահայտ արեց հենց հունվարի12-ին:
Երեկ էլ հայտնի դարձավ, որ եռյակը նոր հայտ է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան` այս անգամ ամսի 23-28-ին համապետական հանրահավաք անցկացնելու համար, ընդ որում՝ ամսի 20-ի չարտոնված հավաքը ուժի մեջ պահելով: Թե որն է դրա նպատակը, դժվար չէ հասկանալ: Ըստ ամենայնի՝ այդպիսով եռյակը փորձում է իր համար մանեւրելու հնարավորություն թողնել, որպեսզի, եթե հանկարծ երեկվա հանդիպման արդյունքում Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը, ի վերջո, որոշեն չեղարկել հայտարարված պատերազմը, եռյակը կարողանա ամսի 20-ի շտապ հավաքը չեղյալ հայտարարել` հղում անելով քաղաքապետարանի մերժմանը: Դե, իսկ մինչեւ ամսի 23-ն էլ բավականին ջրեր կհոսեն, եւ առավել հստակ կդառնա, թե ով ինչի համար եւ ում հետ է գնալու Ազատության հրապարակ:
Հնարավոր երկրորդ տարբերակի դեպքում, եթե, այդուամենայնիվ, կողմերի ռադիկալ տրամադրությունները չմեղմանան (թեեւ երեկ՝ օրվա վերջում, կարծես թե այդ հարցի պատասխանն արդեն իսկ տրված էր` Սարգսյան-Ծառուկյան, ապա Հովիկ Աբրահամյանի տանն ընթացող բանակցությունների շրջանակում), այդ դեպքում եռյակը ամսի 20-ին Ազատության հրապարակում ամեն դեպքում կփորձի հավաքն անցկացնել, սակայն տեւական ակցիաները` նստացույցի եւ հացադուլի տեսքով, թերեւս կմեկնարկեն արդեն ամսի 23-ին: Եթե, իհարկե, դրանից առաջ արդեն իշխանությունն այնպիսի անհամաչափ ուժ չկիրառի շտապ հավաքի մասնակիցների նկատմամբ, որից հետո նրանց` նստացույց սկսելու ցանկությունն իսպառ վերանա:
Ամեն դեպքում, ՀՀ ներքաղաքական գործընթացներն այնպիսի անհեթեթության են հասցվել, որ դրանց զարգացման հետագա ընթացքի շուրջ որեւէ վերլուծություն կամ կանխատեսում անելը ոչ միայն անշնորհակալ, այլեւ անօգուտ զբաղմունք է: Փաստորեն, երբ Ս. Սարգսյանն իր հայտնի ելույթում ասում էր, թե ինքը կրկեսի վերածելու հայրենիք չունի, միանգամայն լուրջ էր, քանզի անգամ կրկեսում ներկայացումներն այս աստիճան էժանագին եւ բարոյազուրկ չեն լինում:
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթում