Վերջին շրջանում սահմանամերձ գոտում պարբերաբար հիմնարկներ են փակվում, հաստիքներ կրճատվում: Տավուշի մարզի 4 տարածաշրջաններում փակվեցին գանձապետական բաժանմունքները, հարկային տեսչության եւ անշարժ գույքի կադաստրի հիմնարկությունների տեղական գրասենյակներում հաստիքների կրճատումներ եղան:
Կրճատումների հերթը հասավ «Հայփոստ» ՓԲԸ-ին, որի հավատարմագրային կառավարումը հանձնված է արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանին: Տավուշում փակվել են «Հայփոստի» Իջեւանի, Նոյեմբերյանի, Բերդի եւ Դիլիջանի մասնաճյուղերը: Այս մասնաճյուղերը դարձել են բաժանմունքներ: Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերի նախկին մասնաճյուղերը միավորվելով՝ ստեղծել են «Հայփոստ արեւելք» մասնաճյուղը, որը ղեկավարում է Սեւանի նախկին մասնաճյուղի տնօրեն Վահրամ Հովհաննիսյանը: Տավուշի մարզի 4 տարածաշրջաններում մասնաճյուղերի վերացումով բավական թվով աշխատողներ են կրճատվել: Դա պայմանավորված է նրանով, որ բաժանմունքներում այլեւս հաշվապահական գործունեություն չի իրականացվում, հաշվապահ, գանձապահ «Հայփոստ»-ին անհրաժեշտ չեն:
Եթե նախկինում կենսաթոշակների գումարները «Հայփոստի» մասնաճյուղերից էր ուղարկվում գյուղեր, ապա այժմ այդ գումարները ստացվում են բանկերի միջոցով: «Հայփոստի» բաժանմունքներից ստացված տվյալներով՝ Նոյեմբերյանի բաժանմունքից կրճատվել է անձնակազմի կեսը՝ 6 հոգի: Իջեւանի բաժանմունքում նախկինում 2 հոգի ատեստացիայից «կտրվել էր», զրկվել աշխատանքից, 3 հոգի էլ հիմա է կրճատվել: Նույն կրճատումները եղել են նաեւ Բերդի եւ Դիլիջանի բաժանմունքներում: Մարդիկ, ովքեր տասնյակ տարիներ աշխատել են փոստային համակարգում, ստիպված են հեռանալ իրենց համար երկրորդ տուն դարձած աշխատավայրից:
Կրճատումներ են սպասվում նաեւ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում: Ադրբեջանի հետ 38 կմ սահման ունեցող Կոթի գյուղի հեռուստատեսային աշտարակի աշխատողներից մի քանիսը «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ իրենց աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2015թ. հունիսի 1-ին: Դրանից հետո, թվային հեռարձակման անցնելու պատճառով, իրենց հաստիքները կրճատվելու են: Վերոհիշյալ 5 աշխատակիցներից 2-ը աշխատանքի են անցել սահմանամերձ Բաղանիս գյուղի հեռուստաաշտարակում, ուր աշխատակիցների մի մասի կենսաթոշակի անցնելու պատճառով թափուր հաստիքներ էին առաջացել:
Թվային հեռարձակման անցնելու կապակցությամբ Բաղանիսի հեռուստատեսային աշտարակի աշխատողները եւս կրճատվելու են:
Տեղեկացնենք, որ Կոթիի հեռուստաաշտարակի աշխատողներից մեկը՝ խիզախ ազատամարտիկ, մարտադաշտում ստացած վերքերից 2-րդ խմբի հաշմանդամ դարձած Արայիկ Պետրոսյանը, աչքի առաջ ունենալով եկող տարվա հունիսին աշխատանքը կորցնելու տխուր հեռանկարը՝ իր դիմումի համաձայն արդեն ազատվել է աշխատանքից եւ մեկնել Ռուսաստան:
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում