Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հատված է տեղադրել «Հայ ընտանիք» գրքից ու գրել.
բոլոր աղջիկների համար հատկապես .... ԿՈՒՍՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ:
Մինչեւ մեր դարասկիզբը, հայոց մեջ կուսությամբ հպարտանալու կամ, առավել եւս ամաչելու խնդիր չկար, քանզի, վերոհիշյալ ժամանակաշրջանում ընդունված էին վաղ ամուսնությունները (աղջիկների համար՝ 12-15, տղաների համար՝ 15 եւ բարձր տարիքը), երբ նոր-նոր միայն ի հայտ էին գալիս սեռերի հասունացման նշանները: Այդքան վաղ տարիքում կատարվող ամուսնություններն, ինքնստինքյան, հիմնականում բացառում էին նման հարցի ծագումը:
Աղջկա կուսությունն արիական ժողովուրդների, բնականաբար նաեւ հայերի մեջ, խստորեն հսկվում էր ընտանիքի կողմից եւ արժանանում էր հասարակական պարսավանքի, եթե առագաստ մտնելուց առաջ նա կորցրել էր այն: Միջին դարերում, նույնիսկ եկեղեցական ժողովներն են անդրադարձել դրան. Շահապիվանի ժողովում որոշվել էր, որ եթե աղջիկը մինչեւ ամուսնությունը, ծնողների հսկողության պակասի կամ անփութության պատճառով, կույս չի մնացել, ապա նրա ծնողները տուգանքի էին ենթարկվում: Իսկ եթե դա կատարվել էր իր մեղքով, տուգանվում էին աղջիկն ու փեսան: Նույն միջին դարերում փեսան աղջկա կուսության դիմաց նրա ծնողներին փրկագին էր վճարում, որը կոչվում էր ՙերեսացտես՚: Եկեղեցին տարբերություն էր սահմանել անգամ պսակադրության արարողության մեջ. եթե աղջիկը պսակից առաջ
մերձեցել էր փեսացուին, ամուսնական արարողակարգը կատարվում էր այնպես, ինչպես այրու պսակադրությունը:
Որ կուսության անհրաժեշտությունը ժամանակին ճակատագրական նշանակություն է ունեցել, վկայում են նաեւ ազգագրական նյութերը: Դրա անժամանակ խախտման դեպք լինելիս՝ աղջիկը դառնում էր խոսակցության առարկա, հասարակությունը դատապարտում էր նրան, եւ նույնիսկ ընկերուհիները խուսափում էին նրանից: Նա դառնում էր ընտանիքի նախատինքը, եւ գյուղի տղաներից ոչ մեկը չէր ամուսնանում հետը: Ծնողները վերջապես ստիպված նրան ամուսնացնում էին կամ այրի մարդու կամ օտար գյուղացու հետ: Եթե այդ մասին իմացվում էր հարսանիքից հետո, հետեւանքը լինում էր բաժանությունը: Այդ էր նաեւ պատճառը, որ Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում կուսության ապացույցը խստորեն պահանջվում էր: Ինչպես տեսնում ենք, հայոց մեջ ընտանիքի, հասարակության ուժերով արվում էր
ամեն ինչ՝ կանխելու նախամուսնական մերձեցումները, որոնք երբեմն շատ խիստ լինելով հանդերձ (մանավանդ, երբ հարցը քննվում է այսօրվա մտածելակերպով), ունեին իրենց դրական դրսեւորումներն ու խորհուրդը՝ դաստիարակել առողջ սերունդ, հեռու պահել նրան զանազան այլասերումներից ու դրան հետեւող անցանկալի բարդություններից:
ՙՀանուն ինչի՞ ճնշենք, զսպենք, խեղենք, հաշմենք 16 տարեկանից զգացնել տվող սեքսուալ սեռական մղումը՚. հարցնում էր տարիներ առաջ մի հոդվածագիր (ՙԼրագիր՚ 15 դեկտեմբեր, 1995թ.), որը, ցավոք, նաեւ բժիշկ էր: Հանո՜ւն նրա, որ հայ մնալու համար՝ պահպանենք հազարամյակների խորքից ժառանգած մեր բարոյական որակները, որ ապագայում ամուր ընտանիքներ ունենա՜նք, հանո՜ւն նրա, որ մեր դեռահաս աղջիկները պարսիկների կամ թուրքերի հարճերը չդառնան, որ որբ մանուկներ չունենանք, հանո՜ւն նրա, որ ՙիդեալ մայրեր ունենանք՝ երջանիկ Հայրենիք ունենալու համար...՚ (Գ. Նժդեհ): Ու, թեկուզեւ, հանուն նրա, որ Հայաստան մուտք չգործի դարի չարիքը՝ ՍՊԻԴ-ը:
Ի գիտություն, հայտնենք, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նման ազատ բարքեր ունեցող երկրներում այսօր կանգնել են մի շատ լուրջ խնդրի առջեւ. ինչպե՞ս կանխել դպրոցահասակ աղջիկների անցանկալի հղիությունը: Ռուսաստանում մանկատները լցվել են այդ դպրոցականների մանուկներով: Եթե սա է պահպանողականության դեմ կոչի ու ազատ սիրո արդյունքը, ապա մեր պահպանողականությունը գերադասելի է անմայր ու անհայր երեխաների, նրանց անհեռատես մայրերի տխուր ճակատագրին արժանանալուց:
Չենք ժխտում, որ խնդիրն այսօր ունի նաեւ վերանայելի կողմեր՝անպայմանորեն ամուսնության առաջին գիշերը մերձենալը, կուսության ստուգմանը բարեկամների եւ հարեւանների մասնակցությունը եւ այլն: Նաեւ ողբերգական է, որ կուսության չհայտնաբերման դեպքում, մանավանդ, երբ դա բնական արատ է, վնասվածք, կամ էլ՝ բռնաբարության հետեւանք, քայքայվում է դեռեւս չձեւավորված ընտանիքը: Իրար հասկացող, գնահատող անհատների ամուսնության դեպքում, դա, թերեւս, չպետք է խանգարող հանգամանք դառնա ու պետք է թողնվի ամուսնացողների կամքին:
Անկասկած, անընդունելի է նաեւ, որ կուսությունը ձեւականորեն պահպանելու մտահոգությամբ (որպեսզի հետագայում ՙապացույց՚ լինի), գլխավորապես անառողջ մարմնական ցանկություններից ելնելով, հաճախ դեռահասները տարվում են անբնական սեռական կապերով:
Ինչ վերաբերում է ընտանիքին, ապա վիճակն այստեղ եւս, հիմնականում, մխիթարական չէ: Չհասկանալով, չգնահատելով սիրո հոգեբանական կողմը եւ թելադրվելով միայն մարմնական ցանկությամբ՝ հոգու կորուստ է կատարվում, որի համար այժմ արդեն թանկ ենք վճարում: Իսկ մարմնական սերը, սեռական դաստիարակությունը, անհրաժեշտ են հենց նրա համար, որպեսզի ապահովվի առողջ սերնդատվությունն ու ամուսինների սեռական ներդաշնակությունը, մի բան, որը հատկապես ուսուցանվում է Արեւելքում:
Եվ կոչ անել, թե ՙպետք է սիրեք, ամուսնանաք, սեռական կապ ունենաք այն ժամանակ, երբ որ հարմար եք գտնում, նրա հետ, ում հետ ուզում եք եւ ինչպես որ ուզում եք՚ (ՙԼրագիր՚, նույնը), ուղղակի կնշանակի խեղել ազգի բարոյականը: Իսկ թե ինչպես վարվել՝ դա միայն անհատի գործը չէ, այլ, առաջին հերթին, այն էթնիկական ընդհանրության (իմա՜ ազգի), որի ծնունդն ու բարոյականի կրողն է նա»: