▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կարծում եմ՝ Արցախի բարձրաստիճան ղեկավարներն ամենավերջում են հայրենադարձվելու»․ Սիրանուշ Սահակյան

«Արցախի նախկին բարձրաստիճան ղեկավարները Ադրբեջանում գտնվում են նախնական կալանքի տակ, ի սկզբանե կիրառվել է կալանավորում խափանման միջոցը, որը երկարաձգվել է և արդեն մայիս-հունիս ամիսներին կլարանա այդ խափանման միջոցի վերջնաժամկետը»,- այսօր մամուլիս ասուլիսի ժամանակ ասել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ «Մենք չունենք հստակ տեղեկություններ, որ այս ժամկետի լրանալուց հետո կսկսկվեն դատավարությունները, չենք բացառում, որ լրացուցիչ ժամկետ պահանջվի ապացույցներ կեղծելու համար և Ադրբեջանի դատարանները կրկին անգամ երկարաձգեն խափանման միջոցը։ Նրանց վերադարձի առնչությամբ բնականաբար ընթանում են քաղաքական քննարկումներ, բայց բանակցությունների առաջնային օբյեկտը այս անձանց հայրենադարձումը չէ, բանակցությունները ընթանում են հիմնականում միջպետական բնույթի խնդիրների շուրջ, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի, և կողմերն ունեն համաձայնություն, որ այդ խնդիրները լուծելուց հետո, որպես ածանցվող երկրորդական հետևանք, կհայրենադարձվեն այնտեղ պահվող հայերը, կարծում եմ բարձրաստիճան ղեկավարները ամենավերջում են հայրենադարձվելու և այն պահին, երբ Ադրբեջանը առավելագույնս քաղաքական նպատակներով գործածած կլինի նրանց գործոնը»,- ասել է Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն միջպետական 4-րդ գանգատի շրջանակներում բարձրաձայնել է նոր գերիների և ԼՂ նախկին ղեկավարության հարցը․ «Ֆորմալ առումով մենք ունենք իրավական գործընթաց, սակայն եթե միջպետական գանգատներից հրաժարում տեղի ունենա, կստացվի, որ մենք կորցնելու ենք նաև այս անձանց հայրենադարձնելու իրավական լծակը»,- ասել է Սահակյանը:

***

Հարցին, թե ինչո՞ւ Բաքուն Արցախի նախկին ղեկավարության՝ նախապես հայտարարված հարցազրույցները չցուցադրեց, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն այսօրվա ասուլիսի ժամանակ ասել է․ «Մեր գնահատմամբ՝ պատճառը քաղաքական է, նրանք հետևում են տարբեր կենտրոնների հովանու ներքո տեղի ունեցած քաղաքական զարգացումներին, և նման իրավիճակում նպատակահարմար չեն գտել ֆիլմի ցուցադրումը, բայց կարծում եմ՝ այլ պայմաններում, այլ ժամանակահատվածում նման ֆիլմեր ցուցադրվելու են։ Նման հարցազրույցների միջոցով Ադրբեջանը փորձում է հիմնավորել ադրբեջանական թեզերը»,- նշել է նա՝ հորդորելով չտրվել սադրանքների, չդառնալ ադրբեջանական քարոզչության սպառողը։

***

Միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ՀՀ գանգատներից հրաժարվելու վտանգների մասին է ասուլիսի ժամանակ խոսել իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ Նրա պնդմամբ՝ նման մոտեցումը կհանգեցնի էական վնասների․ «Ես և իմ գործընկերներն այդ մոտեցումը դատապարտող հաղորդագրություն ենք տարածել՝ կոչ անելով ՀՀ իշխանություններին ձեռնպահ մնալ նման քայլերի իրականացումից, քանի որ դրանք կարող են վտանգել Հայաստանի և հայերի կենսական շահերը։ Արցախը, Հայաստանը և հայությունը ենթարկվեցին ադրբեջանական ագրեսիայի, որն ուղեկցվեց բազմաթիվ խախտումներով, սակայն Հայաստանը չկարողացավ քաղաքական կամ ռազմական ճանապարհով հակակշռել և զսպել այդ գործելակերպը և հիմա մենք ունենք ՀՀ տարածքի օկուպացիա, հետևաբար որոշակի նշանակություն կարող են ունենալ իրավական ջանքերը։ Այս պահի դրությամբ այդ գործընթացները գնում են, ունենք նաև դրական արդյունքներ, ժամանակային առումով ավելի ենք մոտենում դատական վերջնական ակտերի կայացմանը։ Ունենք միջանկյալ որոշումներ, որտեղ արձանագրվել են կարևոր նշանակության խնդիրներ, օրինակ, որ Լաչինի շրջափակումը եղել է ապօրինի կամ, որ Ադրբեջանի կողմից ռասիստական դրսևորումները ունեն շարունակական բնույթ և այլն։ Ադրբեջանը, հասկանալով, որ դատարանները և իրավական ձևակերպումները կարող են բեկումներ մտցնել այս գործընթացում և արգելափակել, պատկերավոր ասած, ադրբեջանական ավարի լեգիտիմացումը, սկսել է ճնշումներ գործադրել ՀՀ իշխանությունների վրա, որպեսզի նրանք հրաժարվեն միջպետական հայցերից։ Այն մոտեցումը, որ Ադրբեջանն էլ հավասար կերպով կհրաժարվի Հայաստանի դեմ հայցերից, ամենևին էլ տեղին փաստարկ չէ, քանի որ մենք չունենք սիմետրիկ վիճակ»,- ասել է Սիրանուշ Սահակյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее