▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կամ ավանդապահները, կամ դրսից եկածները

Ապագայի մասին հոռետեսական ու պարտվողական արտահայտություններ հաճախ ենք լսում խոպանչիներից ու գաղթականներից: Նրանք ասում են, թե չեն հավատում, որ լավ է լինելու:

Իրականում, հավատի դեֆիցիտը կապ չունի տնտեսական ցուցանիշների հետ, ինչպես հավատն առ Աստված պայմանավորված չէ հավատացյալի բարեկեցության մակարդակով: Հավատը չի պահանջում տրամաբանական հիմնավորում կամ ապացույց: Այն ամրացնում է հասարակության արժեքային համակարգը, որը փոփոխվում է համաշխարհային քաղաքակրթական տեղաշարժերի ազդեցությամբ:

Ավանդույթներին կառչած հասարակությունը դիմադրում է համաշխարհային զարգացումներին, ինչը լուրջ փորձությունների է ենթարկում ժողովրդին: Իսկ բաց հասարակությունը կարողանում է արդյունավետ համատեղել հինն ու նորը, ազգայինն ու համամարդկայինը, ապահովում ներդաշնակ զարգացում և համաքայլ առաջընթաց:

Հաջորդ շաբաթ նշվելու է տրընդեզն ու Սուրբ Սարգսի տոնը: Այդ տոներին մարդիկ ցատկում են խարույկների վրայով, ազատվում չարից և լցվում բարությամբ: Իսկ աղի բլիթ ուտելով երազում մեծ և անխախտ սիրո մասին: Հաջորդ շաբաթ նշվելու է նաև մինչև վերջերս անծանոթ նոր տոն՝ Վալենտինի օրը, կամ ինչպես ասում են՝ սիրահարների տոնը: Այդ օրը սիրո խոստովանական բացիկով և քաղցրավենիքով ցույց են տալիս իրենց նվիրվածությունը սիրելիի նկատմամբ:

Ներկա սոցիալական մտածողության մեջ չեն համատեղվում այս տոները, ինչը վկայում է, որ հասարակությունը աշխարհի անբաժան մասնիկը լինելու խնդիր ունի: Այս երկփեղկված վիճակը երկար չի կարող շարունակվել: Կա՛մ ավանդապահները պաշտպանելու են դիրքերը հետ մղելով դրսից եկածներին, կա՛մ հասարակությունը ենթարկվելու է քաղաքակրթական տրանսֆորմացիայի:

Վահե Ղազարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее