Երևանում կայացել է Գրիգոր Խաչատրյանի «Ան-զորություններ. իշխանություն ընդդեմ սիրո» ցուցահանդեսի բացումը (համադրող՝ Նազարեթ Կարոյան): Նախագծի նյութն անցյալ տարվա ամռանն էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ կապված սոցիալական ընդվզումն է: Ներգրավելով տեղի ունեցած դեպքերի, ի հայտ եկած ժեստերի, գրավոր ու բանավոր խոսքերի լուսանկարչական և վիդո նկարահանումները՝ Գրիգոր Խաչատրյանն ուսումնասիրում է Բաղրամյան փողոցը մի քանի շաբաթ փակած նստացույցի մասնակիցների և ոստիկանության հարաբերության խնդիրը։ Իշխանության և սիրո փոխկապակցված թեման կենտրոնական է Գրիգոր Խաչատրյանի ստեղծագործության մեջ։ Աշխատելով պերֆորմանսի ֆորմատում և իր անձը դարձնելով ստեղծագործության միջոց, արվեստագետը կերտում է բացարձակ իշխանությամբ օժտված մեկի ծաղրանկարչական մի կերպար։ Այս նախագծում նա երկու բան անում է առաջին անգամ և միաժամանակ։ Նախ հեռանում է իր պերֆորմանսի ֆորմատից և նախագիծը կառուցում է հետազոտության վրա։ Երկրորդ՝ հանում է խեղկատակի ուրախ զգեստները` հագնելու համար իշխանության օրինականության ակունքներն ուսումնասիրողի խստաոճ պատմուճանը։ Աղբամաններից կառուցված փխրուն բարիկադը փակել է Բաղրամայան փողոցը։ Դրա մի կողմում իր լեգիտիմության պակաս ունեցող իշխանության ոստիկանությունն է, որն օրենքով նախատեսված իր գործառույթների շրջանակում կարող է դիմել ուժի, մյուս կողմում՝ զայրացած քաղաքացիները, որոնց այլ բան չի մնացել, քան հասարակական նորմերի զանցումը։ Պնդելու համար արդարացի պահանջը՝ նրանք դիմում են իրենց զինապահեստում ունեցածը տարատեսակ միջոցներին՝ ցուցադրական սիրուց մինչև սեռական բնույթի ակնարկներ ու ուղերձներ պարունակող ժեստերն ու լոզունգները։ Արվեստագետի համար խնդրահարույցը այդ բաժանումն է։ Նա իր նախագծով, ասես, հարց է բարձրացնում. կարո՞ղ է արդյոք սերն, իբրև խոսք ու գործողություն, դառնալ հանրային դիմադրության ու պայքարի միջոց՝ ընդդեմ ոստիկանական բռնության։ Ենթադրական այս հարցի պատասխանը նա բխեցնում է նստացույցը ցրելու՝ 60-70 թվականների սիրային հիթերով հնչունավորած տեսարաններից։ Ջրցանի փողից արձակված ջրի սառցե շիթը պարուրելով թախծոտ երգերի կրկնվող ռիթմերով՝ Գրիգոր Խաչատրյանն, ասես, գալիս է դիտողին մղելու տխուր մտորումների գիրկը. որքան անզոր պիտի լինի իշխանությունը, որ նման բիրտ ու անտաշ միջոցներով հակադրվի իրեն իսկ ընտրող քաղաքացուն, կամ որքան հուսահատ՝ այդ շարքային ցուցարարը, որ ապավինի սեռական բռնության սպառնալիք փոխանցող ժեստի՝ վեր ցցված միջնամատի զորությանը։ Արվեստագետի ասույթը, որ ներառված է ցուցադրանքում, նշում է այդ բինար հակադրությունը և ճգնաժամը հաղթահարելու ուղին. Ինձ վրա իշխանություն ունի նա, ով ինձ սիրում է, ավելի մեծ իշխանություն ունի նա, ում ես եմ սիրում:
Լուսանկարները՝ Գերման Ավագյանի
72157665209017926