Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ Իրանի Ատրպատական նահանգի և Սյունիքի մարզպետարանի միջև կնքվել է հուշագիր, ըստ որի՝ նախատեսվում է իրանցի ֆերմերներին Սյունիքի մարզում 50 հազ. հեկտար տարածք տրամադրել՝ 50-ից մինչև 100 հազ. գլուխ ոչխար արոտացնելու նպատակով: Թեմայի առնչությամբ ուշագրավ հոդված է հրապարակել անգլալեզու The Moscow Times պարբերականը, որը թարգմանաբար ներկայացրել է Թերթ.am-ը: Հոդվածագիր Ջեյմս Բրուքը կարծիք է հայտնում, որ «ոչխարի ծրագիրն» իր հետ կարող է Հայաստան բերել առնվազն 10 հազ. անասնապահի, որոնք Հայաստան կգան զինված՝ գայլերից ու այլ գիշատիչներից պաշտպանվելու համար:
«Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյսին Հայաստանին առաջարկում է վարձակալության նպատակով հազարավոր հեկտար լեռնային արոտավայրեր տրամադրել իրանական կողմին:…. Առաջարկն առաջին հայացքից լավն է թվում: Վերջ ի վերջո, շատ չեն այն մարդիկ, որոնք ցանկանում են ներդրումներ կատարել Հայաստանում՝ դեպի ծով ելք չունեցող փոքր երկրում, որը վատ հարաբերությունների մեջ է իր 4 հարևաններից երկուսի հետ: Ավելին, արևելքում փակ է սահմանը Ադրբեջանի հետ, իսկ արևմուտքում՝ Թուրքիայի»,-գրում է Բրուքը:
Հոդվածագիրն այնուհետև ընդգծում է, որ իրանական ոչխարները նախատեսում են արածեցնել Սյունիքի մարզում, որտեղ մինչև 1988թ-ը մեծ թվով ադրբեջանցիներ էին բնակվում:«Ոչխարներն արածեցվելու են Հայաստանի հարավային մար Սյունիքում, որը Հայաստանն Իրանին կապող օղակն է: Թեև այն Հայաստանի երկրորդ խոշոր մարզն է, այդուհանդերձ ամենանոսր բնակեցված շրջաններից է: Զբաղեցնելով Հայաստանի տարածքի 15 տոկոսը՝ մարզում է բնակվում Հայաստանի բնակչության 5 տոկոսից էլ պակաս մարդ: Բնակչության թիվը կրճատվեց հատկապես 1980-ականներին, երբ էթնիկ հակամարտությունը ստիպեց ադրբեջանցի փոքրամասնությանը գաղթել Ադրբեջան ու Հյուսիսային Իրան»,-գրում է նա:
Հոդվածագիրն ընդգծում է, որ վերոնշյալ ծրագիրը ենթադրում է, որ մեծ թվով անասնապահներ պետք է գան Հայաստան: «Հաշվի առնելով հանգամանքը, որ տեղի բնակչության թիվը քիչ է, ծրագիրը նշանակում է, որ իրանցի անասապահներ պետք է գան Հայաստան, հնարավոր է նաև նրանց ընտանիքիները: Իրանի դեսպանը նշել է, թե արոտավայրերը շահագործելու դեպքում Հայաստանը կարող է տարեկան 2-3 միլիոն գլուխ ոչխար արտահանել Իրան: Նախնական մոտավոր հաշվարկների համաձայն՝ տարեկան 2,5 մլն ոչխար արտահանել կնշանակի առնվազն 5 միլիոն ոչխարի առկայություն Հայաստանի հարավում: Հաշվի առնելով տեղանքի աշխարհագրական դիրքը՝ կարելի է ասել, որ մեկ անասնապահի համար դժվար կլինի ավելի քան 500 ոչխար պահել: Մոտավոր հաշվարկները ցույց են տալիս, որ ոչխարները պահելու համար ավելի քան 10 հազ, անասնապահ է պետք:
Իսկ որտեղի՞ց կգան այդ անասնապահները: Հոդվածագիրը հիշեցնում է, որ հուշագիրը ստորագրվել է մի շրջանի հետ, որտեղ 17 միլիոն էթնիկ ադրբեջանցի է ապրում:
«Փոխհամաձայնության հուշագիրը ստորագրվել է Սյունիքի և իրանական այն շրջանի միջև, որի անունը չարագույժ է հայերի համար՝ Արևելյան Ադրբեջան, կամ Արևելյան Ատրպատական: Այս շրջանի բնակչությունը 20 անգամ գերազանցում է Սյունիքի բնակչությունը, այդ շրջանն անկյունաքարային նշանակություն ունի Հյուսիսային Իրանի ադրբեջանցի փոքրամասության համար, որի թիվը մոտ 17 միլիոն է կազմում:
Իսկ վերոնշյալ գործարքը կարող է նշանակել, որ ավելի քան 10 հազ. էթնիկ ադրբեջանցի իրենց ընտանիքներով ու որսաշներով կտեղափոխվեն Հայաստան»:
Հոդվածագիրն անդրադառնում է մեկ այլ ուշագրավ փաստի ևս՝ Հայաստանի կառավարության որոշմանը, որի համաձայն՝ յուրաքանչյուր ոչնչացված գայլի դիմաց որսորդները պարգևատրվում են 100 հազ. դրամով մոտ 275 դոլար: Նա կարծիք է հայտնում, որ իրանցի անասանապահներն իրենց հետ կբերեն հրացաններ՝ գայլերից ու այլ գիշատիչներից պաշտպանեվելու համար:
«Կարճ ասած՝ հայերն ասում են, որ ոչխարների գործարքն իր հետ կբերի հազարավոր էթնիկ ադրբեջանցիների, որոնք զինված կլինեն ու կգան ու կբնակեցնեն ռազմավարական նշանակություն ունեցող շրջանում»-,-գրում է նա:
«Ես հիշում եմ, թե ադրբեջանցիներն խորհրդային տարիներին ինչպես էին վերահսկողություն սահմանել Սյունիքի մարզի վրա: Մենք ազատագրել ենք այդ տարածքները: Եվ այժմ ցանկանում ենք կրկին դա նրանց տալ: Մի՞թե չենք կարող հասկանալ, որ նրանք Իրանի քաղաքացի դարձած նույն ադրբեջանցիներն են, որոնք կվերադառնան Սյունիք... և այս հողերի համար թափված արյունը զուր կլինի»,-ՀՀ քաղաքացի Սիլվա Ադամյանի խոսքերն է մեջբերում հոդվածագիրը: