▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնահայտարարագրվելուն մնաց մեկ ամիս. ինչո՞ւ են խուսափում պատասխանել

«Փաստ» թերթը գրում է.  ԱԺ–ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով հարկեր մուծելուց խուսափելու նախկին «սովորույթին», իր խոսքում նշել էր, որ մարդիկ չեն ցանկանում հարկ վճարել, քանի որ մեկը հայտնի երաժիշտ է, մյուսը՝ հայտնի երգիչ, երրորդը՝ լավ տղա, չորրորդը՝ լավ եղբոր տղա, և այդպես շարունակ: Նա հորդորել էր, որ բոլորը վերջ տան այս մոտեցմանը և, անկախ նրանից, թե հայտնիության ինչ աստիճան ունեն, ինքնահայտարարագրեն սեփական եկամուտներն ու սկսեն այսուհետ հարկ վճարել: 

 

 

 

Վարչապետի այս հորդորն ավելի շատ ուղղված էր գեղարվեստական գործունեությամբ զբաղվողներին և շոու–բիզնեսի ներկայացուցիչներին, քանի որ արդեն մի քանի ամիս է՝ ՊԵԿ–ը փորձում է նրանց հորդորել, որ հարկային դաշտ մտնեն, ինչն, ամենայն հավանականությամբ, դժվար է գլուխ գալիս:

«Փաստին» հասած տեղեկությունների համաձայն, այս մոտեցման պատճառով անհանգիստ օրեր են ապրում մի շարք գեղարվեստական խմբերի ղեկավարներն ու հովանավորները, ինչպես նաև անհատ կատարողները: Ասում են՝ նրանք անհանգստացած են այն լուրից, որ շոու–բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվող բոլոր ընկերություններն ու անհատներն այսուհետ պետք է բարեխղճորեն ինքնահայտարարագրեն սեփական եկամուտները և Հարկային օրենսգրքով սահմանված կարգով հարկեր վճարեն:

Ըստ շշուկների, տարիներ շարունակ տարբեր խմբերի ղեկավարներն իրենց երգիչների, նվագողների, պարողների հետ ֆինանսական հարաբերություններն ու պայմանավորվածությունները հիմնականում իրականացրել են «սև» ցուցակով: Բացի այդ, լուրեր են շրջանառվում, որ մի շարք ընկերությունների կողմից բազմաթիվ տեսասկավառակներ են ներմուծվում, որոնք դրսում են տպագրվում , հետո են բերվում Հայաստան, որը նույնպես չի հարկվում: 

Թերթին ահազանգած քաղաքացիներից մեկը նշում էր, թե համերգների ժամանակ տարբեր երգիչների ու խմբերի ելույթների կազմակերպության հետ կապված հարկային պարտավորությունները ևս առանձնապես չեն փայլել իրենց թափանցիկությամբ: Այսինքն, խնդիրը միայն մեկ անհատը, կամ մեկ խումբը չէ: Խնդիրը համատարած է, ինչին վերջ տալու ժամանակն է եկել: 

Եվ հիմա, քանի որ երկրում իրավիճակ է փոխվել, ու խնդիր է դրված ինքնակամ ինքնահայտարարագրվել, ուստի համույթի ղեկավարները փորձում են իրենց ուղղվելիք հարցերը մեղմելու օրենսդրական ուղիներ գտնել:

Այս թեմայի շրջանակներում մեզ հասած տեղեկությունների մեջ շրջանառվում էր հատկապես «Գոհար» («Կոհար»)մշակութային համալիրի, երգչախմբի, սիմֆոնիկ նվագախմբի անունը: Միակողմանի չլինելու համար, վերջինիս մասով տեղեկությունները ճշտելու համար «Փաստը» փորձեց կապ հաստատել ղեկավարության հետ: Մեր ձեռքի տակ եղած հեռախոսահամարներից մեկի զանգին մի տղամարդ պատասխանեց, ով լսելով, որ իրենց զանգահարողը լրագրող է, առանց հարցը լսելու ասաց, որ սխալ ենք զանգահարել, անջատեց հեռախոսը և այլևս չպատասխանեց մեր զանգերին: Այնինչ, կոնկրետ այդ հեռախոսահամարը նշված էր նաև «Ֆեյսբուքի» իրենց պաշտոնական էջում և, բնականաբար, սխալ լինել չէր կարող:

 

 

 

Փորձեցինք կապ հաստատել նաև կազմակերպության մյուս բոլոր հեռախոսահամարներով, սակայն մեր զանգերն այդպես էլ մնացին անպատասխան: «Ֆեսյբուքի» միջոցով կապ հաստատելու փորձերը ևս անհաջող էին, քանի որ այս դեպքում էլ, երբ տեղեկացան, որ լրագրողը հարցեր ունի կազմակերպության ղեկավարությանը, լռեցին: Կարճ ասած՝ մեր բոլոր ջանքերն ապարդյուն անցան, քանի որ, կարծես թե, համույթի ղեկավարները չեն ցանկանում որևէ հարցի պատասխանել: Այնուամենայնիվ, եթե հնչեցված հարցերի մասին ցանկություն ունենան պարզաբանումներ տալ, մենք սիրով կներկայացնենք նաև իրենց խոսքը: 

 

 

 

Ոլորտը հարկման դաշտ բերելու հարցի մասին տեղեկանալու համար ՊԵԿ–ից փորձեցինք ճշտել, թե այս ընթացքում արդյո՞ք շոու–բիզնեսի որևէ ներկայացուցիչ կամ գեղարվեստական համույթ ինքնահայտարարագրվելու ցանկությամբ դիմել է իրենց, և տեղեկացանք, որ դիմողները թեև շատ չեն, բայց կան:

Ի դեպ, տեղեկացնենք նաև, որ 2018 թվականի եկամուտն ինքնահայտարարգրելուն մնացել է մեկ ամիս, հակառակ դեպքում հարկային մարմինը կսկսի հարկային հսկողություն իրականացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее