▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես հայերը թաղեցին Լև Տոլստոյին

Որտե՞ղ է կատարվել Լև Տոլստոյի հուղարկավորության արարողությունը («Իմ Պետերբուրգ» շարքից)

Նոյեմբերի 9, 1910 թ.
«Ի լրացումն սույն թվականի նոյեմբերի 8-ին ուղարկած իմ հաղորդագրությունների` ձերդ պայծառափայլությանը զեկուցում եմ ինձ վստահված բաժանմունքից ստացված տեղեկությունները՝ նոյեմբերին 9-ին Լ. Ն. Տոլստոյի հուղարկավորության կապակցությամբ մայրաքաղաքի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների շրջանում սկսված խռովությունների մասին»:

 Այսպես է սկսվում Պետերբուրգի պահնորդական բաժանմունքի գնդապետ ֆոն Կոտենի 1910 թ. նոյեմբերի 9-ի զեկույցը ներքին գործերի նախարար Ստոլիպինին` մայրաքաղաքում կազմակերպված ուսանողական ցույցերի մասին: Ուսանողներին Պետերբուրգի փողոցներ էր դուրս բերել Լև Տոլստոյի` Ռուսաստանի երիտասարդների կուռքի մահը: 
 Ահա հատված մասնավոր նամակից, որը Տոմսկ է ուղարկվել նկարագրված իրադարձություններից տասն օր անց: 
 «Թանկագին հայրիկ և մայրիկ: Կներեք, որ վաղուց չեմ գրել ձեզ, անհանգիստ ժամանակներ էին, հետաքրքրական: Տոլստոյի մահը խմորումներ է առաջացրել մարդկանց` մանավանդ երիտասարդների շրջանում: Բոլորս սարսափելի մտահոգված էինք, ամեն օր հավաքվում էինք, մշակում Լև Նիկոլաևիչի հիշատակը մեծարելու ծրագիր: Չերտկովին (Տոլստոյի հրատարակիչը - Ա. Մ.) մոտավորապես նման բովանդակության հեռագիր ուղարկեցինք. «Մենք` Լեսգաֆտի դասընթացների ուսանողուհիներս, խորապես սգում ենք կյանքի լուսատուի, ժողովրդի կարեկցի ու ընկերոջ, մարդկային խիղճն արթնացնողի, բռնության ու ամենաթողության դեմ պայքարող մարտիկի անդառնալի կորուստը»: 
 «Կեսօրին` ժամը 12-ին հայկական եկեղեցում տեղի ունեցավ Լ. Ն. Տոլստոյի հոգեհանգստի արարողությունը, որին ներկա էին 200 աղոթողներ, մեծամասամբ հայեր, աննշան մասն էլ` ուսանողներ»,- շարունակում է ֆոն Կոտենը: Լուրերն այն մասին, թե հայկական եկեղեցում հիշատակման արարողություն է տեղի ունենում, ակնթարթորեն տարածվեց մայրաքաղաքում: Աղոթողները չհասցրին ցրվել, երբ եկեղեցին լցվեց համալսարանականներով և ուսանողուհիներով: Պարզվեց, որ Համալսարանի և Կանանց բարձրագույն դասընթացների մուտքի դռներին ինչ-որ մեկը հայտարարություն էր փակցրել առ այն, որ կեսօրին հայկական եկեղեցում տեղի է ունենալու հոգեհանգիստը: 
 Հիշատակման աղոթքը մի մարդու համար, ում վտարել էին Ռուսական ուղղափառ եկեղեցուց և ենթարկել բանադրանքի, այն էլ Ռուսական ու Հայկական եկեղեցիների միջև անմիջական հաղորդակցության բացակայության պարագայում, կարող էր լրջորեն սրել հարաբերությունները: Գրողի հանդեպ եկեղեցու բացասական վերաբերմունքն այնքան էր շիկացել, որ Կուրսկի նահանգի Տազով գյուղի եկեղեցու պատին գրություն էր հայտնվել՝ «Լև Տոլստոյն այրվում է դժոխքում»: Սինոդի հուշումով կոմսի նկարները տեղադրում էին արդուկների վրա, որպեսզի նա անընդհատ այրվեր, և յուրաքանչյուրը կարողանար թքել նրա վրա: 
 Ո՞վ էր այն քաջ հոգևորականը, ով մեծ գրողին հրաժեշտ տալն անհնար է համարել՝ առանց հիշատակման աղոթքի: Դժվար է ստույգ պատասխանել, թե զեկույցում նշված Սուրբ Եկատերինայի եկեղեցու երկու հոգևորականներից որ մեկն է ստանձնել նման պատասխանատվությունը` Գրիգորի Գրիգորևիչ Տեր-Գրիգորյա՞նցը, թե Նիկոլայ Իվանովիչ Քյուրդյանը (1880-1937): 
 Եթե առաջինի մասին պահպանվել են միայն բանավոր կցկտուր հիշողություններ, ապա երկրորդի մասին կան հավաստի տվյալներ: Երբ եկեղեցին փակեցին և ազգայնացրին Նևսկի պողոտայի եկեղեցական տները, որոնցից մեկում մինչև հեղափոխությունը եկեղեցականներ էին ապրում, Քյուրդյանը տիկնոջ հետ տեղափոխվեց Լենինգրադի մոտակայքում գտնվող Պավլովսկ քաղաք ու դեռ որոշ ժամանակ հակառակ արգելքին՝ շարունակում էր հոգևոր ծառայությունը: 1937 թ. ամռանը Քյուրդյանին բանտարկեցին «հակահեղափոխական գործունեության» համար և գնդակահարության դատապարտեցին հանրահայտ 58-րդ հոդվածով: Դեկտեմբերի 14-ին Նիկոլայ Իվանովիչին մահապատժի ենթարկեցին և թաղեցին Լևաշովսկի ընդհանուր գերեզմանոցում: 
Հիմա անդրադառնանք այն կերպարին, ով ամենայն հավանականությամբ ազդել է եկեղեցականների՝ Տոլստոյի հուղարկավորությունը կազմակերպելու որոշման վրա: Իշխան Սիմեոն Սիմեոնովիչ Աբամելեք-Լազարև: Խոշոր արդյունաբերող, Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, բարեգործ ու մեկենաս, նա Պետերբուրգի հայկական համայնքի ցմահ ղեկավարն էր և հսկայական ազդեցություն ուներ հայկական եկեղեցու կառավարման վրա: Սիմեոն Սիմեոնովիչը և նրա կին Մարիա Պավլովնան մտերիմ էին գրողի ավագ և սիրելի դստեր` Տատյանա Սուխոտինա-Տոլստայայի հետ: Այդ մտերմությունն սկսվել էր Տուլայի նահանգում, որտեղ Աբամելեք Լազարևը Յասնայա Պոլյանայի հարևանությամբ կալվածք ուներ: Իշխանը հաճախ էր հյուրընկալում Տոլստոյներին, սիրում էր իր ընտանիքի հետ գրողին լուսանկարել: Բացի դրանից՝ իշխանի հանգուցյալ հարազատ քեռին` գեներալ մայոր Արտեմի Դավիդովիչ Աբամելեքը, ամուսնացած էր Լև Նիկոլաևիչի դստեր` Եկատերինայի հետ, ով նույնպես այդ ժամանակ մահացած էր: 
 Վերադառնանք հոգեհանգստին: Շատերը կարծում են, որ եթե այն անցել է Սուրբ Եկատերինայի եկեղեցում, ուրեմն դին էլ են այնտեղից դուրս բերել: Իհարկե՝ ոչ: Տոլստոյը մահացել էր Լիպեցկի մոտակայքում և նոյեմբերի 10-ին թաղվել Յասնայա Պոլյանայի իր կալվածքում (Մոսկվայի hայ ուսանողները մասնակցել են մեծ գրողի թաղմանը, տարել նրա դագաղը. մի քանիսի ազգանունները հայտնի են` Մ. Բարխուդարյան, Ե. Խոջամիրյան, Ռ. Պարոն-Սարկիսով, Օ. Մեբուրնութով): 


 ...Իսկ մայրաքաղաքի երիտասարդները նոյեմբերի 8-ին հավաքվել էին Սուրբ Եկատերինա եկեղեցում: Եկել էին պատգամավորներ, գրողներ: Ովքեր ուշացել էին պատարագից, պահանջում էին կրկնել այն, և հայ հոգևորականները կրկնեցին: Եկեղեցին արդեն չէր տեղավորում բոլոր աղոթողներին, նրանց մի մասը կանգնած էր եկեղեցու գավիթում: Հոգեհանգստի ավարտից հետո նրանք երգեցին «Հավերժ հիշատակը», որից հետո ամբողջ ամբոխը սկսեց շարժվել դեպի Նևսկի պողոտա` երթ կազմակերպելու մտադրությամբ: Ոստիկաններն օղակել էին պողոտան և որոշ ժամանակ զսպում էին ամբոխին՝ պահանջելով դադարեցնել երգեցողությունը: Ոչ ոք նրանց ուշադրություն չէր դարձնում, երիտասարդները շարունակում էին ավելի համերաշխ և ոգևորված երգել՝ վճռականորեն ճեղքելով ոստիկանների օղակը և շարժվելով առաջ:
 «Նևսկի պողոտայի երկայնքով մեկ ոստիկանության պահակախմբեր էին: Տեղ-տեղ ժողովրդի կուտակումների պատճառով կանգ էին առնում տրամվայների վագոնները: Կազանյան տաճարի մերձակա պուրակն օղակված էր հրացաններով զինված ոստիկաններով: Խստացված էր Անիչկովի ու Պոլիցեյսկի կամուրջների հսկողությունը: Տեղ-տեղ հեծյալ ոստիկանները հայտնվում էին մայթերին: Ժանդարմների նոր ժամանած դասակը ցրեց երիտասարդներին, և այդ ժամանակ երթի առաջնորդները կոչ արեցին հավաքվել Վասիլևսկի կղզու համալսարանական ճաշարանի մոտ: Ոստիկանությունը կտրել էր դեպի Դվորցովի կամուրջ տանող ճանապարհը, բայց դա էլ չօգնեց՝ ուսանողները փոքր խմբերով հասնում էին պայմանավորված տեղեր ու սկսում նոր երթերը: Առաջին խումբը հավաքվել էր առափնյա Տուչկով փողոցի և Սրեդնի պողոտայի անկյունում: Մյուսները գլխաբաց, «Հավերժ հիշատակը» երգելով` քայլեցին դեպի Բոլշայա պողոտա, մեկ այլ խումբ շարժվում էր դեպի Երկրաբանական ինստիտուտ... Երեկոյան ոստիկանական ջոկատները նրանց ցրեցին: 
Աշխուժացել էին նաև հեղափոխական տրամադրությամբ համակված տարրերը, ովքեր ձգտում էին խաղաղ երթը վերածել քաղաքական գործողության: Հաջորդ առավոտյան նրանք փորձում էին քարոզչություն անել Կանանց բարձրագույն դասընթացներում, բղավում էին, որ ցուցարարներին Համալսարանական առափնյա փողոցում ծեծել են և ուսանողուհիներին կոչ էին անում դուրս գալ ոստիկանության դեմ` բողոքել հանրահավաքները ցրելու նրանց մեթոդների դեմ: Նկատենք, որ ոստիկանությունը զուսպ էր` ինչպես երբեք: Խելամիտ աղջիկները տեղի չտվեցին սադրանքին և որոշեցին. «Ուսանողուհիները համարում են, որ փողոցներում հանրահավաքներ կազմակերպելը շատ հաճախ ուղեկցվում է արյունահեղությամբ, ինչն ամբողջովին հակասում է Լև Նիկոլաևիչ Տոլստոյի համոզմունքներին»: 
 Այդուհանդերձ հանրահավաքներ եղան և ձերբակալվածներ՝ նույնպես: Բայց Տոլստոյի հետ դա արդեն ոչ մի առնչություն չուներ: 

 

Հայաստանի Զրուցակից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее