Նախիջևանի հեռուստատեսությունը ռեպորտաժ է պատրաստել, որում ադրբեջանցիներն իրենց՝ ամեն ինչ իբրև ադրբեջանական ներկայացնելու մոլուցքով այս անգամ սեփականացրել են Երնջակաբերդը:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որի համաձայն՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում վերակառուցվում է Հին Ջուղայից ոչ հեռու գտնվող Ալինջա բերդը: Հատկանշականն այն է, որ ադրբեջանական կայքերը չէին խոսել ամրոցի հիմնադիրների և նախնական տերերի մասին՝ հիշատակելով միայն, որ ժամանակին բերդին տիրել են սելջուկներն ու Լենկ Թեմուրը։
Իրականում Ալինջան բերդի անունը բուն հայերեն՝ Երնջակ անվան փոխված տարբերակն է։ Այն կառուցված է Արաքսի ձախակոմյան վտակ Երնջակ գետի աջ ափին՝ հարթավայրում վեր խոյացող ապառաժոտ համանուն ժայռի վերնամասում։ Պատմական տեղեկությունների և հնագիտական որոշ տվյալների համաձայն, այստեղ ամրոց է կառուցվել դեռևս մեր թվարկությունից առաջ 8-7-րդ դդ․, իսկ մ․թ․ 5-8-րդ դարում այն վերակառուցվել է Սյունյաց իշխանների կողմից։ Ավանդության համաձայն՝ Երնջակ կամ Երինջո բերդն իր անունը ստացել է Սյունյաց Երնջիկ տիկնոջ անունից։ Այն համանուն գավառի նշանավոր ու անառիկ ամրություններից էր, որտեղ պահվում էին Սյունիքի ավագ իշխանների գանձերը։ Պատմիչ Ստեփանոս Օրբելյանը բերդն անվանել է «անհնարին ամուրն Երնջակ»։
Երնջակ բերդին և համանուն գավառին 698 թ․ տիրել են արաբները։ Սմբատ Բագրատունի հայոց թագավորը (895-914) այն հետ է գրավել, սակայն, 913 թ․արաբ Յուսուֆ էմիրը ավելի քան մեկ տարի պաշարումից հետո դարձյալ գրավել է Երնջակը։ Սելջուկ-թյուրքերի տիրապետությունից հետո՝ 13-րդ դարի սկզբին, եղել է Զաքարյան Հայաստանի կազմում, ապա եղել է Օրբելյան իշխանների տոհմական կալվածքը։ Հետագա դարերում Երնջակ բերդին տիրել են Լենկ Թեմուրը, թուրքմենական ցեղերը և Սեֆյան Իրանը։
Դիտել՝ 2:20 րոպեից