▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու Սերժ Թանկյանը քաղաքականություն չի մտնում

blognews.am-ը գրում է. Այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հանդիպեց համալսարանի անձնակազմի, ուսանողների ու շրջանավարտների հետ: ԶԼՄ-ների ներկայացուցիչներին թույլ չէին տալիս ներկա գտնվել այս փակ հանդիպմանը, սակայն կես կատակ-կես լուրջ նշենք, որ Blognews-ի առջև փակ դռներ չկան, ուստի մեզ հաջողվեց այս բացառիկ հանդիպման մասնակիցը դառնալ:

 Հանդիպման սկզբում Սերժ Թանկյանը նշեց, որ ատում է հրապարակայնորեն ելույթ ունենալ, փոխարենը սիրում է պարզապես զրուցել մարդկանց հետ: Այսպիսով, համալսարանի ղեկավարության կողմից նախապես հայտարարված ելույթին փոխարինեց անմիջական երկխոսությունը հռչակավոր երգչի հետ: Ուսանողներին ու շրջանավարտներին հնարավորություն էր ընձեռվել Սերժ Թանկյանին ուղղված հարցերը նախապես ուղարկել համալսարանի դասախոս Հիլդա Գրիգորյանին, ով էլ հանդիպման ընթացքում ուսանողների հարցերի հիման վրա հարցազրույց վարեց Թանկյանի հետ:

Ինչպես հայտնի է, Թանկյանն իր երգերում մշտապես արծարծում է Հայոց ցեղասպանության թեման: Նա համարում է, որ ցեղասպանությունը համամարդկային խնդիր է ու ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված ակտիվ հասարակական գործունեություն է ծավալում: Թանկյանը խուսափում է քաղաքականություն մտնելուց, որովհետև, ինչպես ինքը նշեց, այդ դեպքում ստիպված կլիներ ստել, կաշառակեր դառնալ ու բանակցություններ վարել: Մեծանուն երաժիշտը նախընտրում է աշխարհի հետ բանակցել իր ստեղծագործությունների միջոցով: 2006 թ.-ին թողարկվեց Թանկյանի մասնակցությամբ «Ճչացողները» կինոնկարը, որը AFI-ի (ամերիկյան կինոընկերություն) կողմից տարվա լավագույն վավերագրական կինոնկար ճանաչվեց և նպաստեց մարդկանց՝ Հայոց ցեղասպանության մասին իրազեկության մակարդակի բարձրացմանը:

Կինոնկարով տպավորված շրջանավարտներից մեկը մտահոգություն էր հայտնում, որ ցեղասպանության միջազգային ընդունման վրա կարող է բացասաբար անդրադառնալ ոչ միայն Թուրքիայի ու այլ երկրների ժխտողական քաղաքականությունը, այլև երկրի ներսում տիրող անմխիթար իրավիճակը.

«Ճչացողները» կինոնկարում Դուք ասում եք, որ բոլորս պետք է ճչացող լինենք: Շատերը ներկայումս Հայաստանում տիրող իրավիճակը բնորոշում են որպես սպիտակ ցեղասպանություն: Ի՞նչ եք կարծում, երկրի ներսում տեղի ունեցող սպիտակ ցեղասպանության պայմաններում հնարավոր կլինի՞ այնքան բարձր ճչալ, որպեսզի այդ ճիչն արթնացնի արտաքին աշխարհին, որը հիմնականում խոր նիրհի մեջ է, երբ հարցը վերաբերում է Հայոց ցեղասպանության ընդունմանը:

Թանկյանը պատասխանեց, որ եթե հարցը վերաբերում է ներքին խնդիրներին, օրինակ՝ արտագաղթին, այս դեպքում ներսում ճչալն ավելի կարևոր է, քան դրսում ճչալը: Աշխարհահռչակ երաժիշտը նշեց, որ անարդարության դեմ պայքարելը ոչ մի տեղ էլ դյուրին չէ՝ լինի դա Ամերիկայում, Թուրքիայում, թե որևէ այլ տեղ, և կոչ արեց քշտել թևերն ու գործի անցնել: Թանկյանը գտնում է, որ պետք է նաև ավելի ակտիվորեն համագործակցել սփյուռքի կազմակերպությունների հետ: Սփյուռքը լավագույն մղումներն ունի հայրենիքի նկատմամբ, սակայն շատ քիչ է տեղեկացված, թե ինչ է կատարվում այստեղ, ինչն անջրպետ է առաջացնում տեղացիների ու սփյուռքահայերի միջև:

Թանկյանը նշեց, որ իշխող անարդարությունը ու արդարության վերահաստատման ձգտումն են ցեղասպանության մասին երգեր գրելու խթան հանդիսացել իր համար: Նա պատմեց, որ իր ընտանիքը ծանր ֆինանսական կացության մեջ էր, երբ ինքն սկսց լրջորեն զբաղվել երաժշտությամբ: Այդ շրջանում Թանկյանը իրավաբանական կրթություն էր ստանում, սակայն ոգևորված չէր այս մասնագիտությամբ: Նա միաժամանակ հորեղբոր հետ միասին զարդերի բիզնեսով էր զբաղվում՝ օգնելով հոգալ ընտանիքի ծախսերը: Երիտասարդ Սերժը վստահ չէր, որ երաժշտության միջոցով կարող էր բավականաչափ գումար վաստակել ընտանիքին նյութապես աջակցելու համար, սակայն չնայած նյութական խնդիրներին՝ նրա հայրը, ով ևս երիտասարդության տարիներին ցանկացել է երգիչ դառնալ, մղեց որդուն գնալ իր երազանքի հետևից ու պրոֆեսիոնալ երաժշտությամբ զբաղվել: Իր կյանքի այս հուզիչ դրվագը պատմելուց հետո հնչեց Սերժ Թանկյանի դուետը հոր՝ Խաչատուր Թանկյանի հետ:

Մի ուսանող հետաքրքրվում էր, թե որն է Սերժ Թանկյանի ամենասիրած հայկական ճաշատեսակը: Պարզվեց, որ Թանկյանը հայկական խոհանոցում ամենից շատ սիրում է մանթին: Իսկ երբ Թանկյանին հարցրին, թե որն է Հայաստանի ապագան, երգիչը հայացքն ուղղեց դահլիճում նստած երիտասարդներին՝ ջերմորեն ասելով. Հայաստանի ապագան հենց դուք եք, և ես իմ հույսը Ձեզ վրա եմ դնում:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее