Նոյեմբերի 13-ին լուրեր տարածվեցին, որ Աժ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանն ու Սամվել Ֆարմանյանը քաշքշել են միմյանց: Ֆարմանյանը հայտարարեց, թե ոչ հարիր բառապաշարով էր Զուրաբյանը փորձել խոսել իր հետ, ինչի համար «դաստիարակչական ապտակ» էր տվել: Երեկ էլ Զուրաբյանը հակադարձեց, թե «իմ ոտքը, այնուամենայնիվ, անցել է անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմանները: Ես դատապարտում եմ իմ ոտքի արարքը»: Հիշո՞ւմ եք՝ 2010թ. դեկտեմբերին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւս «դաստիարակչական ապտակ» տվեց ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին, երբ վերջինս Պլասիդո Դոմինգոյի համերգի ժամանակ վիրավորել էր իր կնոջը: Եւ ի՞նչ եղավ հետո. ՀՀ նախագահի նստավայրի երիտասարդները, այդ թվում եւ Ս. Ֆարմանյանը, կուլիսային «վերջնագիր» ներկայացրեցին Սերժ Սարգսյանին՝ պնդելով, որ Բեգլարյանը պետք է հրաժարական տա: Այդպես էլ եղավ: Հիմա դերերը փոխվել են՝ ՀՀ նախագահի նախկին մամլո խոսնակ Ֆարմանյանն է ապտակել իր գործընկերոջը: Ինչո՞ւ մանդատից հրաժարվելու դիմում չի գրում:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Հոդվածը կարող եք կարդալ նաև ստորև.
ԻՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՊՏԱԿՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Նախօրեին ՀՀ Ազգային ժողովի շենքում տեղի ունեցած քաշքշուկը ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Սամվել Ֆարմանյանի միջեւ այնքան զվարճալի չէր, որքան դրան հաջորդած գործընթացներն ու ազգընտիրների պահվածքը:
Նախ արձանագրենք, որ աշխարհի տարբեր երկրների խորհրդարաններում հաճախ են իրար քաշքշում, ուստի այդ առումով զարմանալի բան չկար ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցածի մեջ: Առավել եւս, որ բախումը չէր գրանցվել տեսախցիկների առջեւ: Ընդամենը ԱԺ դահլիճում ծավալված քննարկումից հետո կովկասյան տաքարյունությունը դրսեւորվել էր նիստի ավարտից հետո, երբ Լեւոն Զուրաբյանը, Ֆարմանյանի խոսքերով ասած՝ ոչ հարիր բառապաշարով էր փորձել խոսել իր հետ: Ի պատասխան՝ Ֆարմանյանը «դաստիարակչական ապտակ» էր հասցրել Զուրաբյանին: Վերջինս էլ, բնականաբար, համարժեք պատասխան էր փորձել տալ: Այսինքն՝ տղամարդկային զրույց էր եղել, որն ունեցել էր բուռն հետեւնքներ, ընդամենը: Այս պատմության մեջ զավեշտալին այն էր, որ նախ՝ դեպքից կարճ ժամանակ անց պատգամավոր Ֆարմանյանը շտապեց պատմել «դաստիարակչական ապտակի» մանրամասները, երեկ էլ «ընդհատակ անցած» Զուրաբյանը որոշեց պատմել իր ոտքի արկածների մասին՝ հայտնելով, թե. «Ես օբյեկտիվ մարդ եմ եւ ականատես եմ եղել այդ պատահարին: Կարող եմ հաստատել, որ իմ ոտքը, այնուամենայնիվ, անցել է անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմանները: Ես դատապարտում եմ իմ ոտքի արարքը: Ես խիստ բարկացել եմ ոտքիս վրա»:
Թե ինչու են «աքլորացել» պատգամավորները, դժվար չէ հասկանալ՝ յուրաքանչյուրն իր շրջապատում խնդիր ունի ապացուցելու, թե ինչքան համարձակ է եւ ինչպես կարող է «ոչնչացնել» իր ընդդիմախոսին: Մինչդեռ մեր երկրում բազում չլուծված խնդիրներ կան, որ լավ կլիներ ազգընտիրները նույնպիսի ջերմեռանդությամբ ու քաջությամբ նպաստեին դրանց լուծմանը:
Բայց այստեղ ուշագրավ է նաեւ մեկ այլ հանգամանք. հիշո՞ւմ եք՝ 2010թ. դեկտեմբերին Երեւանի ընտրված քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւս «դաստիարակչական ապտակ» տվեց ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին: Ընդ որում, ի տարբերություն Ֆարմանյանի հասցրած ապտակի, Բեգլարյանի ապտակն ավելի «դաստիարակչական նշանակություն» ուներ, քանի որ Կանդայանն աշխարհահռչակ իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյի համերգի ժամանակ վիրավորել էր նախկին քաղաքապետի կնոջը: Եւ ի՞նչ եղավ հետո. ՀՀ նախագահի նստավայրում աշխատող գրեթե բոլոր երիտասարդները կուլիսային «վերջնագիր» ներկայացրեցին Սերժ Սարգսյանին՝ պնդելով, որ Գագիկ Բեգլարյանը պետք է հրաժարական տա քաղաքապետի պաշտոնից, քանի որ համարձակվել է նախագահի աշխատակազմի ներկայացուցչին «դաստիարակել»: Բեգլարյանն էլ գրեց հրաժարականի դիմումը եւ հեռացավ քաղաքապետի սիրելի պաշտոնից:
Հիմա դերերը փոխվել են՝ ՀՀ նախագահի նախկին մամլո խոսնակ, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն է ապտակել իր գործընկերոջը: Ինչո՞ւ նա չի շտապում մանդատից հրաժարվելու դիմում գրել: Ի վերջո, ապտակն ապտակ է: Արդյո՞ք Ֆարմանյանի ապտակն ավելի «զորավոր» է, եւ նա պետք է անպատիժ մնա, թե՞ պարզապես այդ ընթացքում անհրաժեշտ էր Գագիկ Բեգլարյանի «հարցերը լուծել»:
Համաձայնեք՝ տգեղ իրավիճակ է՝ համեմատության մեջ: Այս առիթով «Ժողովուրդ»-ը հարցեր ուղղեց ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանին.
1. Պարո՛ն Ֆարմանյան, Լեւոն Զուրաբյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո Դուք հայտարարեցիք, որ «դաստիարակչական ապտակ» եք տվել նրան: Երեկ Զուրաբյանն էլ իր հերթին հայտարարել է, որ Դուք մոտիկից ծանոթացել եք իր ոտքի հետ: Իսկապե՞ս այդպես է եղել:
2. Դուք ինչո՞ւ այդ մասին չէիք ասել Ձեր հարցազրույցում: Թաքցնելու ինչ-որ բան կա՞ր:
3. Տեղի ունեցած միջադեպը հետաքրքիր նախադեպ ունի՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, երբ Երեւանի քաղաքապետն էր, 2010-ին «դաստիարակչական ապտակ» հասցրեց ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգային բաժնի աշխատակից Կանդայանին, որից հետո ՀՀ նախագահի նստավայրի երիտասարդների թիմը, «երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած», կուլիսային պայքարի արդյունքում հասավ Գագիկ Բեգլարյանի հրաժարականին: Դուք եւս այդ երիտասարդների խմբում էիք եւ գործուն մասնակցություն ունեցաք Բեգլարյանի հրաժարականի հարցում: Հարց՝ ունենալով այս նախադեպը՝ հնարավո՞ր է Ձեր դեպքում էլ «դաստիարակչական ապտակը» ավարտվի՝ մանդատը վայր դնելով կամ գոնե հրապարակային ներողություն խնդրելով:
Այս հարցերը ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այդպես էլ անպատասխան թողեց:
Հիշեցնենք, որ այսօրվա «Հանրապետական կուսակցության» անդամ Սամվել Ֆարմանյանը նախկինում «Օրինաց երկիր» կուսակցության երիտասարդական թեւի ղեկավարն էր, ապա դարձավ «Միացյալ ազատական ազգային» կուսակցության՝ ՄԻԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ գրեթե միաժամանակ նշանակվելով ՀՀ նախագահի մամլո խոսնակ:
ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ