▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչո՞ւ է Փաշինյանը վարչապետի աթոռին և ոչ ասենք՝ ծռերի հետ նույն խցում»․ Վարդ Սիմոնյան

Լրագրող Վարդ Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի կախվեք Հայաստանի ոտքերից, բաց թողեք ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻՆ

Հայկական գենետիկ կազմվածքի ամենակենսունակ միավորը եղել և մնում է առաքինի անհատն իր նվիրական վարքով և քաջությամբ։ Եվ ուրեմն, պետության գլխավոր կոդը, կենսական արժեքը հենց անհատի արժանապատվության, անվտանգության, ազգային շահերի և սեփականության իրավունքների պաշտպանությունն է։ Սա է ժամանակակից պետության ուղերձը, մնացածը պոեզիա է։
Գաղափարական անհատն է ստեղծում արժեքներ, գրավիտացիա՝ սասանելով հասարակության բարոյական անկումը, առաջադրում մրցունակ ու առաջադեմ պետության, արդյունավետ իշխանության հրամայականը։
Մի կառչեք արդարադատության տառից, եթե չեք պահելու արդարադատության ոգին․
Բաց թողեք «Սասնա ծռերին»
Իրավական սկզբունքը ոչինչ է առանց հիմնարար արժեքի՝ հանրային վստահության։ Այնտեղ, ուր հասարակությունն ու իշխանությունն արժեքային նույն կողմնորոշիչները չունեն՝ չի կարող լինել ոչ մի արդարադատություն։ Այստեղ մտածող մարդիկ դատապարտված են հարցնելու՝ իսկ դուք ո՞ւմ շահերն եք սպասարկում հասարակությունից մեկուսացնելով ռեժիմի դեմ ելած անհատներին։ Եթե արդարամիտ, ստեղծարար անհատը դուրս չգար շարունակական ռեժիմների դեմ, մենք կշարունակեինք ապրել քարե դարում։ Անհատներին է շնորհված պաշտպանել իրենց, երկրի և հանրության արժանապատվության սրբազան իրավունքը։ Վախեցեք, երբ նրանք կչքանան։
Ուրեմն սա ինչ պարադոքս է՝ Փաշինյանը հերոս է, որ ձեզ ցույց է տվել նույն արարքի բեմականացումը, իսկ ծռերը՝ հանցագո՞րծ։ Ռադիոտունն իր պետական նշանակությամբ տասը ՊՊԾ գունդ արժե։ Այդ դեպքում, ինչու է վերջինս վարչապետի աթոռին և ոչ ասենք՝ ծռերի հետ նույն խցում։ Այս հարցը պատասխանի կարիք չունի, որովհետև ճիշտ հարցը տեղով մեկ պատասխան է։ Խոսե՞նք պետությունը մինչև ոսկորը կերած տարրերի մասին, որոնք ոչ միայն մեկուսաարաններում չեն, այլև ընդդիմադիր ցուցափեղկից թուքումուր են տեղում հասարակության վրա, թե ինչու չի ծափահարում իրենց «յայլաների հեղափոխությանը»։ Ոչ, չխոսենք, յայլավորները փախան, իսկ ընկածին չեն խփում։
Վերադառնանք արդարադատության ոգուն․ Հայաստանը հեռու է իրավական պետություն լինելուց, իսկ քաղաքական հետապնդմանը մեղք է արդարադատություն կոչելը։
Սոցիումը չի ճանաչում «Սասնա ծռեր» անվամբ հանցագործների, փոխարենը ճանաչում է նախորդ իշխանությունն առանց հասարակական քվեի հեծած հարյուրավորների, որոնց մեկուսացումը ոչ միայն իրավական է, այլև՝ բարոյական, ասել է թե՝ համընկնում է հասարակության արժեհամակարգին և մանավանդ՝ արդարադատության պատկերացմանը։
Սահմանադրական արժեբանությունը ոչ այլ ինչ է, քան սոցիումի կողմից իմաստավորված կանոնների ամբողջություն, հասարակական համաձայնության և վստահության համակարգ։ Ուր է գնում այն պետությունը, որի արդարադատության պատկերացումը չունի բարոյական հենք և բովանդակություն և, որպես կանոն, խիստ հեռու է հանրային իդեալից։
Տասնամյակների արդարության դեֆիցիտը, իհարկե, պետք է բացասական սոցիալական էներգիա կուտակեր, իհարկե, պետք է հրապարակ հաներ դրա հետ անհաշտ վառ անհատների, իհարկե, պետք է խաթարեր երկրի հավասարակշռությունը, դժբախտաբար պետք է, իհարկե, հանգեցներ պատերազմի և պարտության․ եթե խաղաղությունը չի բալանսավորում արդարի և մեղավորի, հարուստի և աղքատի, թույլի և ուժեղի հարաբերությունը՝ գալիս է պատերազմը։ Պատերազմը հենց այս ամենի բռնի բալանսավորումն է, որ կա։
Այնպես որ, հնարավոր չէ, մարդուց խլել բանական ինքնադրսևորման բոլոր երաշխիքները և հույս տածել, թե արժանապատիվ անհատը չի գնա կոնտր քայլերի ու գործողությունների, մանավանդ, երբ դա իր բնական իրավունքն է։
Այո, դա արժանապատիվ քաղաքացու իրավունքն է։ Անգամ հները գիտեին՝ եթե մարդկային կյանքի օրենքները չեն բխում բնական իրավունքից, մարդը պարտավոր է կանխել այդ այլասերումը առնվազն՝ ապստամբությամբ։
Անհատի սոցիալական և իրավական վարքագծի հիմքում պետք է ընկած լինի հենց իրավունքի գերակայությունը։
Պետության քաղաքական ինստիտուտների քաղաքական վարքագծի հիմքում պետք է ընկած լինի հենց իրավունքի գերակայությունը
Հանրային իշխանությունների հանրային վարքագծի հիմքում պետք է ընկած լինի հենց իրավունքի գերակայությունը:
Եվ ուրեմն՝ մի կախվեք Հայաստանի ոտքերից, բաց թողեք «Ծռերին», որովհետև ապստամբությունը քաղաքացու անօտարելի, սրբազան իրավունք է։
Բարոյական արժեհամակարգ կրող ինքնությունը հենց արժեքների և քաղաքացիական որակների ամբողջություն է։ Հենց այդ պարտքի և պատասխանատվության միջից է ծնվում պետության լիարժեք քաղաքացին։ Եվ այդ քաղաքացին լռել չի կարող, երբ փորձ է արվում փլուզել նրա ինքնությունը, վաճառքի հանել իր հայրենիքը։ Չկա քաղաքացի առանց արժեքային հստակ համակարգի և խորը հավատի։ Նա միշտ հավատում է արդարության հաղթանակին և կյանքի գնով անգամ կանգնում այդ պայքարի առաջնագծում։
Արդարամտություն և բարոյական ինքնություն ունեցող անհատն ունի պատմական հիշողություն, նրա երկիրը հայրենիք է, ոչ թե՝ բնակատեղի, և նրա գենետիկ հիշողությունն իրեն վարք, կենսակերպ, իր ես-ի հաշվին մենք-ի պաշտպանության կոդեր է հուշում։ Հենց այս ինքնություն ունեցող քաղաքացին է երկրի հիմքը, արմատական էթնիկ տեսակը, էպիկական ծուռը․․․բաց թողեք ծռերին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее