Lragir.am-ը գրում է.
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հուլիսի 19-ին տարածել է մի հաղորդագրություն, ըստ որի Հայաստան է ժամանում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր օպերատիվ և ռազմավարական վարչության պատվիրակությունը: Ըստ ՊՆ հաղորդագրության, պատվիրակությունը Երեւան է գալիս երկկողմ բանակցության համար, որի շրջանակում նաեւ քննարկվելու է Հայաստանի եւ Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագրի վերջնական տարբերակն ու այն նախապատրաստվելու է ստորագրման:
ՊՆ հաղորդագրությունն ուշագրավ է երկու առումով:
Առաջին հերթին այն, որ ՌԴ ԶՈՒ գլխավոր օպերատիվ եւ ռազմավարական վարչության պատվիրակությունը Երեւան է ժամանում մի պահի, երբ Հայաստանում ստեղծվել է աննախադեպ իրավիճակ, կապված Երեւանի ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված հայտնի իրադրության հետ:
Հստակ չէ՝ այցելությունը նախապես պլանավորված էր, թե այսպես ասած ոչ պլանային է:
Մյուս հանգամանքն այն է, որ Հայաստանի եւ ՌԴ զինված ուժերի միացյալ խմբավորում արդեն իսկ առկա է մի քանի տարի: Խմբավորումը, որը կազմված է Հայաստանի զինուժի եւ ՌԴ 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումներից եւ որի ղեկավարն է գեներալ Միքայել Գրիգորյանը, իրականացրել է մի քանի վարժանքներ: Դրանցից մեկը, օրինակ, 2015 թվականի սեպտեմբերին:
Հետեւաբար հարց է առաջանում, թե ի՞նչ համաձայնագրի վերջնական քննարկման եւ ստորագրման մասին է խոսքը: Եթե կա արդեն իսկ ստեղծված միացյալ զորախումբ, ապա դրա վերաբերյալ ի՞նչ պայմանագիր պետք է վերջնականապես համաձայնեցվի եւ պատրաստվի ստորագրման: Թե՞ խոսքը արդեն իսկ առկա պայմանագրում որոշակի փոփոխություն կատարելու մասին է:
Առկա է անորոշություն եւ որոշակի հակասականություն, որն ունի պարզաբանման կարիք:
Ըստ այդմ էլ առավել հասկանալի կլինի, արդյոք կա որոշակի կապ ՌԴ պատվիրակության Երեւան ժամանելու եւ Հայաստանում ստեղծված աննախադեպ, ներքին մեծ լարվածություն պարունակող իրավիճակի մեջ, երբ Հայաստանի իշխանությունը կանգնած է զինված ապստամբության թնջուկի առաջ:
Ըստ այդմ, արդյոք խոսքը վերաբերում է հայ-ռուսական ռազմական գործակցության ընթացակարգային դրվագի, թե՞ Ռուսաստանը հենց ներկայիս պահն է հարմար դիտարկում Հայաստանի իշխանությունից միացյալ խմբավորման հարցում որեւէ նոր իրավասություն կամ լիազորություն կորզելու համար:
Բոլորովին վերջերս Հայաստանի խորհրդարանը վավերացրեց հայ-ռուսական համատեղ ՀՕՊ համաձայնագիրը, որը Ռուսաստանի ռազմական ղեկավարությանը տվեց Հայաստանի երկնքում որոշում կայացնելու իրավասություն:
Շատ հավանական է, որ Ռուսաստանը կփորձի նաեւ հնարավորինս նոր ու լայն լիազորություններ ձեռք բերել նաեւ Հայաստանի ԶՈՒ ցամաքային սեգմենտում, այդ գործընթացը առաջ մղելով «փուլային» տարբերակով:
Միաժամանակ, հետաքրքիր է իհարկե նաեւ այն, որ միացյալ խմբավորման շուրջ բանակցությունը եւ համաձայնագրի վերջնական տարբերակի քննարկումը տեղի է ունենում Թուրքիայում անհաջող հեղաշրջման ֆոնին: Այստեղ եւս առկա են ուշագրավ զարգացումներ, կապված Թուրքիայի թե ներքին վիճակի, թե նաեւ Թուրքիա-Արեւմուտք հարաբերության հետ: Այդ հարաբերությունը հեղաշրջման անհաջող փորձից հետո միտված է առավել լարվելու: Թուրքիայի իշխանությունը գրեթե բացահայտորեն հենց Արեւմուտքին մեղադրեց հեղաշրջման կազմակերպիչներին աջակցելու համար: Արեւմտյան երկրներն Էրդողանին կոչ են անում հեղաշրջման փորձ իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու հարցում չանցնել չափը, մնալ ժողովրդավարության շրջանակում, հակառակ դեպքում սպառնալով ընդհուպ ՆԱՏՕ-ից հեռացումով:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում