Հետաքրքիր, փորձարկումներից երբեք չխուսափող, քննադատություններին միշտ պատրաստ, կյանքի յուրօրինակ ընկալում ունեցող անհատականություն…Ահա այսպիսի տպավորություն կարելի է ստանալ Անի Հովակի հետ զրույցի ընթացքում: 26-ամյա Անին մասնագիտությամբ երաժիշտ է, բայց շատ է սիրում նկարել, նկարչությունն այն աշխարհն է, որտեղ Անին իրեն լիովին ազատ է զգում: Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում Անին պատմել է իր նկարների, դրանց ասելիքի, ցուցահանդեսների մասին, անկեղծացել իր բնավորության և քննադատությունների նկատմամբ իր վերաբերմունքի մասին:
Ես ինձ չեմ համարում արվեստագետ…
Ես ինձ չեմ համարում արվեստագետ, ես պարզապես արվեստասեր մարդ եմ, ով անում է այն, ինչն իր սրտին մոտ է: Մասնագիտությամբ երաժիշտ եմ, սովորել եմ Երևանի պետական կոնսերվատորիայում և հիմա էլ «Հովեր» երգչախմբի անդամ եմ, նվագում եմ «Զանգակներ» խմբում: Նկարելու շնորհն ինձ համար բացահայտել եմ ընդամենը 4 տարի առաջ, կարող եմ ասել, որ որոշեցի ու սկսեցի նկարել: Այժմ մեծ մասամբ անում եմ կոլաժներ, թեև գրաֆիկական աշխատանքներ նույնպես ունեմ:
Ամեն ինչ կախված է իմ տրամադրությունից…
Ամեն ինչ կախված է իմ տրամադրությունից, այն հոգեվիճակից, որում այդ պահին գտնվում եմ: Ինձ համար կարևոր են զգացմունքները, այն տրամադրությունը, որն այդ պահին ունեմ, այդ պատճառով էլ ինձ համար կարևոր չէ նյութը, կարևոր է ասելիքը: Բնավորությամբ շատ անհամբեր եմ, ուզում եմ միանգամից պատրաստի տեսնել այն, ինչն արդեն կա իմ մտքում: Երբեմն, իհարկե, անհամբերությունս խանգարում է ինձ թե՛ իմ ստեղծագործության մեջ, թե՛ կյանքում: Մեծ մասամբ սկսելուց առաջ նկարը պատկերացնում եմ արդեն պատրաստի վիճակում: Լինում են դեպքեր, երբ կիսատ եմ թողնում նկարը կամ մի կոլաժ, որն աշխատատար է և պահանջում է նույնիսկ ամիսների աշխատանք, կարող եմ անել մեկ օրում:
Իմ կոլաժներն իմ ներքին աշխարհի դրսևորումներն են…
Ինչպես ցանկացած նկարչի, այնպես էլ իմ կոլաժներն իմ ներքին աշխարհի դրսևորումներն են, իմ խոստովանությունները նախ և առաջ ինքս իմ առաջ: Կարող եմ ստեղծագործել և՛ լավ, և՛ վատ տրամադրության ժամանակ, կոլաժներս պարզապես իմ ցանկությունների ու զգացմուքների արտահայտությունն են: Ինձ թվում է՝ ես հավասարապես և´ սենտիմենտալ եմ, և´ ուժեղ մարդ: Ընդ որում, ես ներդաշնակ եմ ինքս ինձ հետ, իմ ներսում ապրող հակասությունների հետ:
Ինձ ավելի հետաքրքիր են կոպիտ, ոչ կանացի մետաղները…
Ես սիրում եմ ստեղծել ձեռքի աշխատանքներ և դրանով զբաղվում եմ շատ վաղուց: Ինձ հետաքրքիր է հատկապես աշխատել այնպիսի իրերի և հումքի հետ, որոնք առաջին հայացքից չէին կարող ծառայել որևէ նպատակի, հատկապես սիրում եմ գործ ունենալ բնական հումքի հետ: Ինձ միշտ հետաքրքիր է եղել՝ պարզ, անպետք նյութը բերել առաջին պլան: Չգիտեմ ինչու՝ հիմա ինձ ավելի հետաքրքիր են պինդ, կոպիտ, ոչ կանացի մետաղները:
Ես չեմ վախենում ընտրել ոչ ստանդարտ ֆորմաներ…
Իմ կոլաժներում գերակշռող դետալը ձուկն է: Ինձ շատ են հարցնում, թե ինչու եմ ընտրել հատապես այդ պատկերը և նույնսիկ զավեշտալի պատասխաններ են իրենք իրենց տալիս: Պարզապես, ես չեմ վախենում ընտրել ոչ ստանդարտ ֆորմաներ, այս գույնն այն գույնի կողքին օգտագործել, ի վերջո՝ ես չեմ վախենում այդքան շատ ձկներ պատկերելուց ու շարունակելու եմ ձկներ պատկերել: Ես սիրում եմ այդ տարածքը: Թող յուրաքանչյուրն ընկալի այդ պատկերն այնպես, ինչպես ինքն է ուզում ու զգում, ի վերջո, դրանից կան հարցեր, որոնց պետք չէ իրականում պատասխանել: Նույն բանն էլ պիտի ասեմ իմ կոլաժների մասին. դրանց ասելիքը յուրաքանչյուրը կարող է բացահայտել իր համար:
Ինձ վատ չեմ զգում, որ աշխատանքներս վաճառում եմ…
Ես իմ աշխատանքները վաճառում եմ, շատ դեպքերում նույնիսկ եվրոպացիներ են գնում: Կոլաժներիս գները տատանվում են 25.000-ից մինչև 250.000, գները որոշում եմ ինքս, ու ինձ բոլորովին վատ չեմ զգում, որ դրանք կախվում են տարբեր սրճարաններում վաճառքի համար: Ի վերձո, ես դրանք պատրաստում եմ մեծ սիրով, ու տեսնում եմ, որ դրանք մեծ բավականություն են պատճառում նաև գնորդին:
Արվեստը չի սիրում կաղապարներ…
Ստեղծագործելիս շատ եմ սիրում երաժշտություն լսել, բայց դա պարտադիր պայման չէ: Իմ դեպքում և, առհասարակ, արվեստում ոչ մի պարտադիր կանոն չկա, չէ՞ որ արվեստը չի սիրում կաղապարներ: Դրա վառ ապացույցը հենց իմ կոլաժներն են, որոնցից շատերին նայելիս նկատում ես, որ շշատերն են շրջանակներից դուրս եկել:
Ցուցահանդեսները հնարավորություն են տալիս առաջին հերթին գնահատված զգալ քեզ օտար մարդկանց կողմից…
Առաջին ցուցահանդեսը եղավ «Նարեկացի» արվեստի միությունում, երբ ես դեռ ընդամենը մի քանի արված աշխատանք ունեի: Երբ ինձ ասացին, որ նայել ու հավանել են աշխատանքներս և պատրաստ են տարածք տրամադրել ցուցահանդեսի համար, ես շատ ոգևորվեցի: Այս իմաստով ես շատ շնորհակալ եմ այդ կենտրոնին՝ առաջին հնարավորություն ընձեռելու համար և նաև ընկերներից, ովքեր շատ օգնեցին ինձ այդ հարցում: Շատ հետաքրքիր զգացողություններ էին, երբ դու ինչ-որ բան ես անում, ու դրանք տանն են, միայն քո ու մտերիմների համար, մեկ էլ հանկարծ դրանք դառնում են բոլորինը: Դրանից հետո եղան ևս մի քանի ցուցահանդեսներ, նույնիսկ հասցրել եմ ցուցահանդես-վաճառքներ ունենալ տարբեր սրճարաններում: Ցուցահանդեսները հնարավորություն են տալիս առաջին հերթին գնահատված զգալ քեզ օտար մարդկանց կողմից, քանի որ ընկերներդ, հարազատներդ, միևնույն է, տեսնում ու գնահատում են գործերդ: Նշեմ, որ փետրվարի 10–ին Արամի 42/1 հասցեում գտնվող «Նավավար» ձկնալի ըմպելարանում տեղի է ունենալու իմ կոլաժների ցուցահանդեսին նվիրված գինեձոն:
Քննադատությանը լավ եմ վերաբերվում…
Իմ դեպքում շատ են լինում քննադատություններ, որովհետև չունեմ նկարչական կրթություն, ընդամենը 26 տարեկան եմ, բայց առողջ քննադատությանը լավ եմ վերաբերվում: Եթե նույնիսկ այդ քննադատություններն ուղղված են ոչ թե իմ նկարների թերություններին, այլ ինձ, միևնույն է, ես հասկանում եմ, որ մարդիկ տարբեր են, որքան մարդ՝ այդքան էլ կարծիք:
Եթե ուզում եմ մի բան անել, անում եմ..
Ես միշտ ամեն ինչ հասցնում եմ: Իրականում ժամանակը ոչ միայն բավարարում է, այլև կարող եմ նոր բաներ նախաձեռնել: Այսինքն՝ եթե ես ուզում եմ անել որևէ բան, ես դա անում եմ, ժամանակը կարողանում եմ ճիշտ ու նպատակահարմար կերպով օգտագործել:
Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում…
Իրականում համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ ասում են, թե վառ գույներ օգտագործող մարդիկ իրենց գույների պես են: Օրինակ՝ նույն դեղինը կարող ես նաև օգտագործել խիստ բարկացած կամ հուզված վիճակներում, և դա կարող է հանգստացնող դեր ունենալ: Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, բայց իմ ներքին էությունն այդ գույներով չեմ պայմանավորում: Ես աշխատում եմ ազնիվ ապրել ու չվնասել մարդկանց ո՛չ ֆիզիկապես, ո՛չ հոգեպես:
Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան
Լուսանկարները՝ Անի Հովակի ֆեյսբուքյան էջից