Անկեղծորեն… դժվարանում եմ սահմանել՝ մեր օրերի անզուսպ ու վավերական ցինիզմը, թե՞ ողբերգությունն է դրդել Անահիտ Բախշյանին ու Ստյոպա Սաֆարյանին դատական հայց ներկայացնել ի պաշտպանություն հայոց լեզվի, նույնն է, թե՝ ի պաշտպանություն մեր պետականության ու ինքնության խորհրդանիշի (ՀՀ Սահմանադրություն, Հոդված 12. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է):
Դժվար թե քսաներեք տարի առաջ, Երևանի կենտրոնն օղակած ռուսական տանկերի հռնդյունի ներքո Օպերայի շենքում Գերագույն Խորհրդի արտահերթ նիստում մեր անկախությանը իրավական տեսք տվող որևէ մեկի մտքով անցներ, որ քսաներեք տարի հետո ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունում մայրենիի իրավունքները դատարանում պիտի փորձենք պաշտպանել։ Այս օրվա մասին չէր կարող անցնել նաև ադ օրը դրսում՝ Ազատության հրապարակում խարույկների շուրջը պետականության երազը փայփայողների մտքով և, հաստատ, այս օրվա մասին չէր էլ կարող անցնել սեփական արյամբ Գետաշենի անտառներում անկախությունը նվաճող հայ ազատամարտիկի մտքով։
Այն ժամանակ մեզանից և ոչ մեկի մտքով չէր անցնի, որովհետև մենք զոհաբերվելու չափ նվիրված էինք անկախության գաղափարին, որովհետև մենք հավատում էինք ու համոզված էինք. մեր գենետիկ հիշողությունը մի բանաձև էր բյուրեղացել՝ դարերի անղեկ ընթացքներում մեր ինքնության կոդը մեր լեզուն է, լեզուն հայրենիք է, լեզուն ուրանալը նույնն է թե հայրենիքը ….։
Ու, այնուամենայնիվ, անկախության առաջին օրերին հասցրել էինք «Լեզվի մասին» ՀՀ օրենք ունենալ ու Հոդված 1-ում սահմանել, որ պետական լեզուն` հայերենը, ՀՀ տարածքում գերակայություն ունեցող լեզու է` ամրագրված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով, և պետության պարտավորությունն է միջոցառումների ամբողջություն իրականացնել՝ ուղղված պետական լեզվի շահերի պաշտպանությանը։
Լեզվի մասին չենք մոռացել նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում՝ Հոդված 5-ում ամրագրելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների լեզուն գրական հայերենն է։
Ի դեպ, նույն օրենքում չենք մոռացել նաև ազգային փոքրամասնություններին՝ Հոդված 26- ում ՀՀ ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերի եւ հաղորդումների հեռարձակման համար եթերային ժամանակ տրամադրելու հնարավորություն նախատեսելով։ Բայց նույնիսկ այս պարագայում ՀՀ ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերը և հեռուստահաղորդումները պետք է ուղեկցվեն հայերեն լուսագրով:
Եվ, իհարկե, ինչպես յուրաքանչյուր օրենք, այս օրենքների պահանջները խախտելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պատասխանատվություն է սահմանվում։
Բայց ցավն ու ողբերգությունն էլ հենց այս է. Անկախության 23-րդ տարում մեր ազգային, ինքնիշխան, սոցիալական ու իրավական պետության մեջ դատական հայցով պիտի՞ պաշտպանենք մեր ինքնությունը։
Անբացատրելի և անհասկանալի բաներ են կատարվում մեր երկրում, բայց այսքա՞ն.....
Էս ի՞նչ արժեքներով ու արժանապատվությամբ ենք ապրում, մարդիք…
Ո՞նց կարողացանք չարժևորել Անկախ պետականության գինը, ո՞նց կարողացանք ամեն օր, կաթիլ կաթիլ նահանջել մեզանից, դավաճանել ինքներս մեզ։
Հանկարծ ցավս ինչ-որ հաղորդման տիրույթում չտեղավորեք, այդ հաղորդումն ընդամենը ցուցիչ է, մեր պարտությունների, ցինիզմի ու ողբերգության այսբերգից ընդամենը մի փշրանք…
Եվ, այնուամենայնիվ, անունս արձանագրեք հայցի տակ, հենց այնպես, ժամանակը սղագրող պատմության համար…
Լիլիթ Գալստյան
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ». մեր պարտությունների ու ողբերգության այսբերգից մի փշրանք
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet