Հարստությունը կպչուն բան է ու դրան ձգտում են ոչ միայն հասարակ մահկանացուները, այլ նաև միանգամայն աստվածավախ մարդիկ։ Մենք ինչքան ուզենք կարող ենք երազել ավտոտնակում Ferrari ունենալու մասին, բայց դե մեր դրամապանակաների ֆինանսական հնարավորությունները անսահման չեն։ Փոխարենը, բարձրաստիճան եկեղեցկան այրերը, ճիշտ այնպես, ինչպես ոչ եկեղեցականները, իրենց քիչ բաներում են սահմանափակում։ Ճիշտ է՝ ոչ բոլորը․․․
Թանկարժեք ժամացույցների, զբոսանավերի ու զրահապատ մեքենաների լավագույն գիտակներից մեկն անկասկած Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլլն է։ Չնայած, որ Կիրիլլը պարբերաբար կոչ է անում ուղղափառ հոգևորականներին չափավորել իրենց՝ շքեղության հարցում, ինքը՝ պատրիարքը, չի խորշում սլանալ բացառապես գերթանկարժեք ու զրահավորված մեքենաներով։
Բայց պետք չէ միանգամից հարձակվել պատրիարքի վրա։ Ինչպես պնդում է Կիրիլլը, Mercedes-Benz S-Class Pullman-ը, մեկ զույգ Cadillac Escalade-ն ու G-Class-երը բնավ իր սեփականը չեն։ Դրանք պետական մեքենաներ են, ընդ որում, դրանք ամրագրված չեն եկեղեցուն, այլ Կրեմլի հատուկ նշանակության ավտոտնակում են հաշվառված։ Բանն այն է, որ պատրիարքը հույժ կարևոր և հսկվող դեմք է, ուստի օրենքով է սահմանված, որ նա չպետք է շրջագայի ինչով պատահի։
Այդուհանդերձ, ի բնե տրված ճոխության նկատմամբ ձիրգից զատ, Կիրիլլը մեծ սեր ունի ռարիտետային մեքենաների նկատմամբ։ Օրինակ՝ տարին մի քանի անգամ, նա Քրիստոս Փրկիչի տաճար է գալիս Չայկա մակնիշի մեքենայով, ընդ որում, ոչ թե սովորական, այլ դեռ նախորդ դարի կեսերից Ռուս Ուղղափառ Եկեղեցուն սպասարկող Չայկայով։
Կիրիլլի կոլլեգաները դեռ շատ բան պետք է անեն՝ Ռուսիո պատրիարքին հասնելու համար, բայց ասենք ուկրաինական մրցակիցները աշխատում են հետ չմնալ։ Կիևյան և ամենայն Ուկրաինիո անջատական պատրիարքը ևս գերադասում է Mercedes-Benz-ը։ Ճիշտ է, ֆիլարետը չունի հատուկ պատվերով ստեղծված Pullman լիմուզին, այլ ընդհամենը համեստ ու երկարեցված S 500 4Matic ․․․
Բելառուսիայում էլ տեղի միտրոպոլիտ Պավելը որոշել է առանձնանալ։ Նրա ավտոտնակում երկար ժամանակ շահագործվում էր ձյունաճերմակ BMW 7 Series-ը, որը դեռ շահագործում էր նրա նախորդողը։ Ասում են, որ Մինսկյան ու Սլուցկյան միտրոպալիտը երկու այսպիսի մեքենաներ ունի, բայց այս ասեկոսեները չեն հաստատվել։ Փոխարենը, հստակ հայտնի է, որ միտրոպոլիտի առաջին բացարձակ նոր մեքենան Range Rover է՝ ռուսական պետհամարանիշերով։ Այլ բան է բելառուսական կաթոլիկների պարագայում․ Մինսկ-Մոգիլևսկայն միտրոպոլիտ Թադեուշ Կոնդրուսևիչը հաճախ երթևեկում է․․․ հեծանվով։
Իսկ ինչո՞վ է երթևեկում աշխարհի ամենամեծ եկեղեցու հովվապետը՝ Հռոմի Պապը։ Ի տարբերություն իր արևելյան կոլլեգաների, որոնց ավտոպարկերը գաղտնի են, Պապը ոչինչ չի թաքցնում՝ զիլ Harley-Davidson-ներից, մինչև հնամաշ Renault 4, շքեղ Cadillac DeVille-ից մինչև սովորական Fiat Ducato… Պոնտիֆիկոսի աբտոտնակում նույնիսկ շքեղագույն Ferrari Mondial կա՝ 1988 թվականի արտադրության։
Սակայն իհարկե Պապի ամենահայտնի մեքենան միշտ եղել է, կա ու կմնա հատուկ պատրաստված Mercedes-Benz 230G-ը, որը նաև «Պապամոբիլ» են անվանում։ Մեքենան ունի զրահապատ ապակուց կցորդ, որը ցանկության դեպքում կարող են հանել և մեքենան դառնում է կաբրիոլետ։
Արդարության համար պետք է նշել, որ ինչպես Ֆրանցիսկոս Պապը, այնպես էլ իր նախորդող՝ Բենեդիկտոսը, կոչ են անում զսպվածության։ Ավելին, ի տարբերություն իրենց արևելյան կոլլեգաների, նրանք հենց իրենց օրինակով սկսեցին կրճատել անհարկի ծախսերը ու նույն Բենեդիկտոսը առօրյայում երթևեկում էր սովորական Ford Focus-ով, իսկ Ֆրանցիսկոսը՝ Hyundai Santa Fe-ը, որը մի քիչ լրամշակվեց ու զրկվեց տանիքից, որպեսզի Պապը կարողանա հոտնկայս ողջունի իր հոտին։
Չափի զգացողության բացակայության մեջ դժվար է մեղադրել նաև մեկ այլ հոգևոր առաջնորդի՝ Դալայ լամային։ Այսօր այդ կենսուրախ ծերունին հաճախ հայտնվում է հանրության առջև հին Suzuki XL-7-ի ուղևորի նստատեղում նստած։ Ճիշտ է, նման դեպքերում նրան ուղեկցում է թիկնազոր, իսկ 70-ականներին, բուդդիստական առաջնորդը երթևեկում էր Հիմմալայներում Land Rover-ով, որը հետագայում նա հանձնեց Դալայ-լամայի հիմնադրամին, որը գտնվում է Կալիֆորնիայում։
Սակայն ինչպես պարզվում է, հոգևոր առաջնորդներն էլ տարբեր են լինում։ Ինչպե՞ս չհիշել Սերբ Ուղղափառ Եկեղեցու պատրիարք Պավելին։ Նա չէր սիրում ավտոմեքենաներ, ինքն էր նորոգում իր կոշիկները, ինքն էր հագնվում ծեսերից առաջ։ Նրան հաճախ կարելի էր հանդիպել հանրային տրանսպորտում՝ Ատվածաշունչ կարդալիս։ Թիկնազո՞ր․․․ մինչև կյանքի վերջը Պողոսը քարոզում էր համեստություն ու դեմ էր նյութապաշտությանը և իր օրինակով էր ծառայում հավատացյալներին, թեև պատրիարքի կոչումը շատ բաներ էր նրան թույլ տալիս․․