2014-ի վերջին աշխատանքային օրը՝ դեկտեմբերի 30-ին կայացած խորհրդի նիստի ընթացքում ՀՀ Կենտրոնական բանկը որոշում է կայացրել բարձրացնել բանկերին առաջադրվող ընդհանուր կապիտալի նվազագույն չափը: ՀՀ-ում գործող յուրաքանչյուր (այդ թվում եւ՝ նոր բացվող) բանկ մինչեւ 2017-ի հունվարի 1-ը պետք է ունենա ոչ թե նվազագույնը 5 միլիարդ դրամ կապիտալ, այլ 30 միլիարդ դրամ:
Armlur.am-ը որոշեց պարզել, թե վերոնշյալ որոշման պատճառով ՀՀ 21 բանկերից որոնք են գտնվում ռիսկային գոտում:
Հայաստանյան բանկերից թերեւս ամենաքիչ կապիտալ ունի «ԲՏԱ բանկ»-ը: 2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը 5 մլրդ 727 մլն դրամ է կազմում: Սա նշանակում է, որ մինչեւ 2017 թվականը այս բանկը պետք է իր ընդհանուր կապիտալին գումարի մոտ 25 մլրդ դրամ, որպեսզի չլուծարվի կամ չմիավորվի որեւէ այլ բանկի:
2014 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Զարգացման հայկական բանկ»-ի ընդհանուր կապիտալը կազմել է 9 մլրդ 601 մլն 690 հազար դրամ: Նույն պատկերն է «Բիբլոս Բանկ Արմենիա»-ի մոտ. 2012-ի հունիսի դրությամբ այս բանկի կապիտալը 9 մլրդ 28 մլն է: Այսինքն՝ մինչեւ 2017 թվականը այս բանկերը պետք է 20 մլրդ դրամով ավելացնեն իրենց կապիտալը:
Նախանձելի վիճակում չէ նաեւ Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ը: 2013թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ այս բանկի ընդհանուր կապիտալը 10 մլրդ 224 մլն դրամ է: «Մելլաթ Բանկ»-ն էլ 2012-ի հունիսի դրությամբ ունի 10 մլրդ 60 մլն դրամ ընդհանուր կապիտալ: Երկու տարում այս բանկերը պետք է երկու անգամ ավելացնեն իրենց կապիտալը:
Փայլուն վիճակում չէ նաեւ «Պրոկրեդիտ բանկ»-ը: 2014թ. հունիսի 30-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը 11 մլրդ 794 մլն 197 հազ. 505 ՀՀ դրամ է: Երկու տարում բանկը մոտ 21 մլրդ դրամով պետք է ավելացնի իր կապիտալը:
«Անելիք բանկ»-ի ընդհանուր կապիտալը 2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 12 մլրդ 938 մլն դրամ է: Շուրջ 17 մլրդ դրամ էլ այս բանկը պետք է ավելացնի իր կապիտալին:
«Արմսվիսբանկ»-ի ընդհանուր կապիտալը 2013 թվականի հունիսի 30-ի դրությամբ 13 մլրդ 683 մլն դրամ է: Գրեթե նույն վիճակում են գտնվում «Արցախբանկ»-ը, որը 2014թ. մարտի 1-ի դրությամբ ունի 13 մլրդ 31 մլն հազ. ՀՀ դրամ ընդհանուր կապիտալ, եւ «Յունիբանկ»-ը, որը 2014 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ունի 13 մլրդ 100 մլն դրամ կապիտալ: Այս բանկերը գրեթե պետք է կրկնապատկեն իրենց կապիտալը:
«Առէկսիմբանկ»-ը 2014 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ունի 20 մլրդ 388 մլն դրամ. անհրաժեշտ կլինի երկու տարում շուրջ 10 մլրդ դրամով ավելացնել «Առեքսիմբանկի» ընդհանուր կապիտալը:
Նույն պատկերն է «ՎՏԲ-Հայաստան» եւ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի պարագայում: «ՎՏԲ-Հայաստան»-ը 2014 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ունի 20 մլրդ 775 մլն 690 հազար դրամ, իսկ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի ընդհանուր կապիտալը 2014թ. մայիսի 31-ի դրությամբ 20 մլրդ 739 մլն դրամ է:
«Հայբիզնեսբանկ»-ը, որ 2013թ. մարտի 31-ի դրությամբ ունի 21 մլրդ 67 մլն դրամ, պետք է երկու տարում մոտ 8 մլրդ-ով ավելացնի իր կապիտալը:
2014 սեպտեմբերի 30-ի դրությամբ «Պրոմեթեյ բանկ»-ի ընդհանուր կապիտալը կազմել է 22 մլրդ 75 մլն 159 հազար դրամ: Նրան էլ պակասում է շուրջ 8 մլրդ դրամ: «Կոնվերս բանկ»-ն էլ գրեթե նույն վիճակում է. 2014-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ այս բանկն ունի 22 մլրդ 396 մլն դրամ:
«Ինեկոբանկ»-ի տվյալները բավականին հին են. 2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը 23 մլրդ 469 մլն դրամ է: 7 մլրդ էլ նրան անհրաժեշտ կլինի երկու տարում կուտակել, որպեսզի պահպանի իր դիրքերը:
Վերջում արձանագրենք, որ այս պահի դրությամբ գործող 21 բանկերից ընդամենը 4-ն են պատրաստ աշխատելու ՀՀ Կենտրոնական բանկի թելադրած նոր կանոններով. «Արդշինբանկ»-ը, որը 2014 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ունի 47 մլրդ 137 մլն դրամ, «Էյչ էյս Բի Սի բանկ»-ը, որի կապիտալը 2014 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ 46 մլրդ 848 մլն 004 հազար դրամ է կազմում, «Ամերիաբանկ»-ը, որի կապիտալը 2014-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ 40 մլրդ 907 մլն է, եւ «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկը»՝ իր 52 մլրդ 998 մլն դրամ կապիտալով: Մյուս բոլոր բանկերը պետք է ներդրումներ կատարեն, ֆինանսական լրացուցիչ հոսքեր ապահովեն, որպեսզի կարողանան պահպանել իրենց դիրքերը. հակառակ դեպքում կա՛մ կմիավորվեն մեկը մյուսի հետ, որպեսզի ընդհանուր կապիտալը հասնի 30 մլրդ դրամի, կա՛մ էլ պարզապես կլուծարվեն՝ ընթացակարգային նորմատիվները պահպանելով:
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթում