▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաչ Քեշիշյանն ընդդեմ էժանագին հումորի

,,Մոսկվա,, կինոթատրոնում ցուցադրվում է Հրաչ Քեշիշյանի ,,Մեր սրտի տնակը,, քնարական կատակերգությունը: Իհարկե, այն բուռն հետաքրքրությունը չկա, որով շրջապատվեց նրա ,,Նժդեհ,, ֆիլմը, բայց ,,Մեր սրտի տնակն,, էլ իր հանդիսատեսներն ունի, իրենով հետաքրքրվողները: Եվ սա օրինաչափ է, որովհետև ամեն մի ժանր իր սիրահարներն ու երկրպագուներն ունի: 
Հրաչ Քեշիշյանի նոր ֆիլմի սցենարի հեղինակը Միքաել Պողոսովն է: Հայտնություններ չի արել սցենարիստը, չի դիմել սյուժետային բացառիկ գյուտերի ու հայտնությունների, այլ, հենվելով արդեն իսկ համաշխարհային կինոյում առկա նմանատիպ սյուժեների վրա, երբ խաղն ու պատահականությունը վերածվում են մեծ սիրո, ստեղծել է երբեմն կանխատեսվող իրադարձությունների և գործողությունների մի շարք, որոնց միջից ակնհայտվում են զգացմունքը, մարդկայնությունը, բարությունը: Ֆիլմի հենց սկզբից, երբ հերոսները ստիպողաբար մեկնում են Հայաստան, կանխատեսվում է ֆիլմի ավարտը, որը տանում է դեպի happy end, երջանիկ հանգուցալուծում՝ այնքան նման Է. Ռյազանովի ,,Ծառայողական սիրավեպին,,… Բայց այս ստեղծագործությունը մեծ խորհուրդ և մեծ իմաստ ունի, այն հուշում է ապրել հիշողությունների հետ՝ պատասխանատվություն կրելով այդ հիշողությունների առջև, սեփական խղճի առջև…
Հրաչ Քեշիշյանի ֆիլմն իր կինեմատոգրաֆիական ինքնատիպ լուծումներով, օպերատորական հրաշալի աշխատանքով, որը հիշեցնում է արևմտյան կինոյի լավագույն ավանդույթները, Հայկո Հակոբյանի սրտամոտ, ֆիլմի էությանը մոտ ու հարազատ երաժշտությամբ դառնում է ուշագրավ երևույթ մեր կինեմատոգրաֆում, արձանագրում բեմադրիչի ստեղծագործական և մասնագիտական աճը, հաստատում նրա ոճը, որը տևական ժամանակ անընդունելի էր համարվում շատերի համարվում: Հրաչ Քեշիշյանի ,,կլիպային,, արտահայտչաձևն այստեղ միավորվել է գեղարվեստական կինոյի առանձնահատկություններին և ձևավորել մի նոր գեղարվեստական վճիռ ու արդյունք: Բեմադրիչն ու օպերատորը ստեղծել են չափազանց հարուստ ներսույթներ, համայանապատկերներ, կոմբինացված ուշագրավ կադրեր, որոնք գրավչություն են հաղորդում այս ֆիլմին: 
Նպատակ ունենալով ստեղծել երկու հերոսի ֆիլմ, սցենարիստ, իհարկե, չափազանց սխեմատիկ է դարձրել մյուս կերպարները, որոնց կենսագրություններն ավարտուն ու ամբողջական չեն: Սակայն սրանց վրա ուշադրություն դարձնելն այս դեպքում անիմաստ է, որովհետև գրավում և հմայում է ֆիլմի տրամադրությունը, այն քնարականությունը, որն այս ստեղծագործության գլխավոր ձեռքբերումն է:
Ուրեմն, Հրաչ Քեշիշյանը յուրովի պայքարում է մեր գեղարվեստական և հեռուստատեսային կինոն ողողած էժանագին հումորի, կեղծ կատակերգությունների դեմ, մեր բարդ ու ամբողջապես տեխնիկանացած իրականության մեջ կարևորում մարդկային հոգին ու զգացմունքը…

 


Լևոն Մութաֆյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее