▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոկտեմբերի 27-ը մեր ընտանիքում

Ես այդ օրվա մասին շատ քիչ եմ պատմել: Ինձ համար սարսափելի են այդ հիշողությունները: 99 թվականի հոկտեմբերի 27-ին մեր տանը շատ մարդ կար: Այդ օրը հորս ծննդյան օրն է. նա դարձավ 40 տարեկան: 

Ժամը 4-ի կողմերն արդեն խորովածը քաշում էին: Տան կանայք հորդորում էին` «Անցե´ք, նստե´ք, արդեն ժամնա»: 

Մեր ընտանիքում մի վատ սովորություն է եղել, որը, կարծես, մինչ օրս իշխում է: Մենք քեֆերի ժամանակ չենք պարում: Անջատում ենք հեռուստացույցը, նստում ենք, ուտում-խմում, և, որ ամենակարևորն է, ասում ենք կենացներ: Դրա համար մինչ օրս ինձ համար դժվար է քեֆերի ժամանակ բարձր երաժշտությունը: Ես սիրում եմ կենացներ լսել: Հիմա մեծացել եմ, և ինքս էլ մեկ-մեկ ասում եմ:
Մի խոսքով, մենք նստած էինք, խորովածը բերեցին, իսկ նախկին դատախազ հորեղբայրս բարձրացրեց բաժակն ու կենաց ասաց: Ուղիղ չեմ կարող կենացը շարադրել, բայց բովանդակությունը շնորհավորանքն էր` առողջությունը, երջանկությունը, շառ ու փորձանքից հեռու լինելն ու էրեխեքի գլխից անպակաս լինելը:

Հետո, զանգ եկավ... Չէինք հասցրել խորովածի առաջին կտորը վերջացնել... Տան բոլոր հյուրերը ահաբեկվեցին: ՆՏՎ-ն ցույց էր տվել, թե ինչպես են մեր խորհրդարանում այդքան մարդ սպանվել: Այդ օրը հարամվեց մեր խնջույքը, հորս ծնունդը, իսկ գլոբալ առումով, այդ օրը ոչ միայն այդ խնջույքը հարամվեց, այլ ամբողջ հայ ժողովուրդը դարձավ որբ ու անտեր:

Ես այդ ժամանակ 11 տարեկան էի, բայց 5 տարեկանից գիտեի քաղաքական շատ գործիչների. մեր ընտանիքը քաղաքական կյանքով էր ապրում: 

Գիշերը հայրսչքնեց, իսկ ես անկողնու մեջից «փակ» աչքերով հետևում էի հորս:

-Չէ´, էս պատահական բան չի´ կարա լինի: էսի ուրիշ բան ա, էսի վերջն ա: Լացելով խոսում էր պապան:

Լսում էի: Չէի հասկանում, չէի գիտակցում կատարվածի խորությունը:

-Էս ինչ տարի էր: Եգորյանը մահացավ (Էդվարդ Եգորյանը մեր ընտանիքի համար եղել է մեծություն), Վազգենին ու Դեմիրճյանին սպանեցին: Ա´յ քեզ անկախություն, ա´յ քեզ… 

Մինչև առավոտ հերս լացում էր ու դիտում կադրեր հիվանդանոցից, Ազգային ժողովից, տարբեր տեղերից:

Հարություն Մկրտչյան

Ֆեյսբուք 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее