▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ի քեմբրիջյան կադրը. Ե՞վ...«Ժողովուրդ»

ՀՀԿ քվոտայով պատգամավոր ու նախարար դարձած քչերը կարող են պարծենալ այնպիսի կենսագրությամբ, ինչպիսին ունի Սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանը: Հենց միայն այն, որ երիտասարդ նախարարը ծառայել է հայոց բանակում, արդեն իսկ նրան շահեկանորեն առանձնացնում է երիտհանրապետական գվարդիայի շատուշատ ներկայացուցիչներից:

 

Տնտեսագիտության թեկնածու է, սակայն գիտական աստիճանը միջոց չի դարձրել՝ բանակից ազատվելու համար: Արտեմ Ասատրյանը 1994 թվականին ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի էկոնոմիկայի պետական կարգավորում ֆակուլտետը: Նրա ավարտած տարում այլեւս ծիծաղելի էր հնչում էկոնոմիկայի պետական կարգավորում հասկացությունը, որովհետեւ ամեն ինչ գլխիվայր շրջվել էր: Ու գուցե դա էր պատճառը, որ նա ընդունվել է ՀՀ կառավարման դպրոց եւ  ավարտել 1997 թվականին: 2000 թվականին էլ ավարտել է նույն այս դպրոցի ասպիրանտուրան:

Իսկ 1998-ից Ասատրյանը սկսել է իր աշխատանքային գործունեությունը. 1998 թ. - ՀՀ կենսաթոշակային եւ զբաղվածության հիմնադրամ՝ կենսաթոշակային ապահովագրության վարչության նպաստների  բաժնի պետ, 1998-2006թթ. - ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն՝ կենսաթոշակային ապահովության (2002 թ. հունվարից՝ սոցիալական ապահովագրության եւ կենսաթոշակային ապահովության) վարչության պետ, 2006-2007թթ. - ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն` «Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն, 2007-2011թթ. - ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ,  2011թ. - համատեղությամբ նաեւ ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար։

2011թ. ՀՀ վարչապետի՝ մարտի 25-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, իսկ 2012թ. հունիսի 16-ից՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար: Հիշեցնենք, որ այս պաշտոնում նա  երկու անգամ վերանշանակվեց՝ 2013թ. մայիսին, ապա այս տարվա ապրիլին: 

Ինչպես նկատեցիք, մեր հիշատակած Քեմբրիջը բացակայում է: Հարվարդը նույնպես: Բանն այն է, որ պարոն նախարարը մասնակցել է  այդ հռչակավոր բուհերում սեմինարների եւ հավաստագրեր ստացել: Դե, դա էլ վատ չէ: Բայց նրա կենսագրության մեջ մեզ ուրիշ բան է հետարքրքրում: Արտեմ Ասատրյանը նախարարությունում մշտապես զբաղվել է կենսաթոշակներով, այսինքն՝ մերթ Վազգեն Խաչիկյանի ենթական է եղել, մերթ՝ նրա շեֆը: Եվ Խաչիկյանի ու «ընկերների» բոլոր ապօրինությունները տեղի են ունեցել Ասատրյանի կառավարման շրջանում: Ինչպե՞ս է պատահել, որ նա չի նկատել բազմաթիվ յուրացումներն ու խախտումները, իսկ Խաչիկյանի հեռացումից հետո զբաղեցրել նրա պաշտոնը... Մի՞թե նրան բանի տեղ չեն դրել եւ բաժին չեն հանել եւ կամ արհամարհել են... Բայց այդպես չի լինում: Ամենասովորական տրամաբանությունը հուշում է, որ Ասատրյանն առնվազն պիտի տեղյակ լիներ կատարվածի մասին:

Մի հանգամանք էլ. Արտեմ Ասատրյանը չափազանց արագ է բարձրացել կարիերայի աստիճաններով, ընդամենը 35 տարեկան հասակում, ունենալով 9 տարվա աշխատանքային ստաժ, դարձել է փոխնախարար: Կարելի է վստահորեն ասել, որ ունենք հրաշամանուկ, որն էլ հետո արդեն նշանակվել է նախարար... Նկատենք, որ նրա կարեւորագույն վերելքներն արձանագրվել են այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը հայտնվեց վարչապետի պաշտոնում: Այստեղ այլեւս մեկնաբանությունները դառնում են ավելորդ:

Արտեմ Ասատրյանը խնամքով թաքցնում է իր ունեցվածքը, չնայած որեւէ մեկի համար  գաղտնիք չէ, որ նախարարը բիզնեսներ ունի, որ չի ապրում իր համեստ աշխատավարձով: Ճիշտ է, նրա ընտանիքը երբեք ի ցույց չի դնում իր ֆինանսական հնարավորությունները, սակայն հպանցիկ հայացքն էլ թույլ է տալիս ասել, որ նա համեստ կենսակերպով ապրողներից չէ: Բայց եթե իր ֆինանսական կարողությունները թաքցնում է նախարարը, ապա չի կարողանում թաքցնել իր հակասական հայտարարությունները, միեւնույն հարցի վերաբերյալ տարբեր, տրամագծորեն հակառակ դիրքորոշումները: Այդպիսով նա ակնհայտ է դարձնում այն իրողությունը, որ իրեն վերեւից  ինչպես թելադրում են, այնպես էլ ինքը խոսում է: Օրինակները բազմաթիվ են: Հիշենք միայն պարտադիր կուտակային կենսաթոշակայինի շուրջ ծավալված քննարկումներում նախարարի հակասական դիրքորոշումները:

Օրինակ` մտաբերենք, թե ինչպես ԱԺ-ում նախարարը պատգամավոր Սամվել Ֆարմանյանի՝ վաղօրոք համաձայնեցված հարցին ի պատասխան, հայտարարեց. «Մասնավորապես, ներկայացված երեք մոտեցում էր, որոնցից առաջինն այն էր, որ պետք է լինի կամավոր, երկրորդը՝ որ տնօրինվող եկամուտը չպետք է նվազի։ Եթե մենք նայում ենք այս առաջարկների բովանդակությանը, հասկանալի էր, որ եթե անձը կամավոր որոշում է կայացնում մասնակցել համակարգին, դա իր որոշումն է, եւ իր աշխատավարձից կատարվող հատկացման հաշվին, բնականաբար, ապահովում է իր լրացուցիչ կենսաթոշակային ապահովվածությունը»... «Դրանք այս օրենսդրական փաթեթով առաջարկվող լուծումները պարունակում են»: Դրանից հետո ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հրապարակավ ստախոս անվանեց նախարարին, ով խորհրդարանի առջեւ ստում էր... բայց, Ա. Ասատրյանի համար, դա, բնականաբար, առանձնապես նշանակություն չունեցավ:  Առավելեւս, որ նման դեպքեր մինչ այդ էլ էին գրանցվել:

Ի դեպ, Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականից հետո խոսակցություններ էին շրջանառվում այն մասին, որ  Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանն այլեւս մտադիր չեն Ասատրյանին պահել կառավարության կազմում, անգամ հայտնի էր, թե ով էր փոխարինելու նրան: Բայց մի որոշակի պահի Սերժ Սարգսյանը մտափոխվեց եւ Ասատրյանին նորից նշանակեց: Փաստորեն Ասատրյանը շատ արժեքավոր կադր է Սերժ Սարգսյանի համար, առավելեւս, որ  կրծքով պաշտպանում է «տխրահռչակ կուտակայինը» եւ շոյվում, երբ իրեն հայտարարում են  «կուտակային համակարգի հայրը»: 

Թեպետ` այն բանից հետո, երբ ՀՅԴ-ն դուրս եկավ Քառյակից, նորից է խոսվում Ասատրյանի պաշտոնանկության հավանականության մասին, քանզի ընկեր դաշնակները ցանկանում են իրենց վերադարձնել սոցիալական ապահովության համակարգը...

Հեղինակ` ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ

 Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее