Թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցներն առաջին իսկ օրվանից արձագանքել են մայսիսի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 4-րդ նիստում ունեցած ելույթին: ՀՀ նախագահն այդ ժամանակ Թուրքիայի ընտրվելիք նախագահին պաշտոնապես հրավիրել էր Ցեղասպանության 100 ամյակի կապակցությամբ 2015 թվականին ներկա գտնվել Հայաստանում և հայ ժողովդրի հետ միասին ոգեկոչել անմեղ զոհերի հիշատակը:
«Եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան: Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի Նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց Ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»,- ասել էր Սերժ Սագսյանը:
Առաջին արձագանքը եղավ գյուլենական համարվող ընդդիմադիր ուղղվածության թուրքական «Ջիհան» լրատվական գործակալության կողմից լայնորեն տարածված նյութի տեսքով, որտեղ նախագահի ելույթից առանձնացվել ու շեշտադրվել էր 3 առանցքային դետալ.
1. Պաշտոնական հրավերի փաստը (առանց դրական բացասական գնահատականի)
2. Հայաստանի կողմից թուրք ժողովրդին թշնամի չդիտելու գաղափարը
3. ՀՀ նախագահի «Դատապարտումը այլընտրանք չունի: Կիսաքայլերով լուրջ արդյունքի հասնել հնարավոր չէ» խոսքը համարվեց իբրև ակնարկի ժանրով պատասխան`Թուրքիայի վարչապետի ապրիլի 23-ին արած ցավակցական ուղերձին:
ՀՀ նախագահի ելույթի հաջորդ օրվանից սկսած թուրքական լրատվամիջոցների հրապարակումներում արդեն տեղ գտան նշյալ հրավերի հասցեին արված գնահատականներ, որոնք արտահայտվում են բացառապես նյութերի վերնագրերի ու գլխագրերի միջոցով:
Այդօրինակ վերնագրերը` ստորև
Սարգսյանից Թուրքիային արված «1915»-ի անակնկալ (kanalb.com.tr)
Հետաքրքիր հրավեր Հայաստանից Թուրքիային (milliyet.com.tr)
Հայաստանից Թուրքիային արված նենգ հրավեր (haber7.com)
Հայաստանից Թուքրիային ուղղված տարօրինակ հրավեր (haber10.com)
Հայաստանի կողմից մեծ ամբարտավանություն (mansettv.com)
Սերժ Սարգսյանի` Թուրքիան շոկի մեջ գցող հրավերը (gazetebalikesir.com)
Թեմայի լուսաբանման երկու համընդհանուր բնորոշիչ գիծ կա, որ նկատվում է թե իշխանական և թե ընդդիմադիր լրատվամիջոցների նյութերում: ՀՀ նախագահի հրավերի վերաբերյալ լրատվությանը կից ներկայացվում է
1. Հիշեցում վարչապետ Էրդողանի ցավակցական ուղերձի մասին:
2. Հայերի կողմից 20-րդ դարասկզբին 300-500 հազար թուրք կոտորելու մասին պնդումներ:
Աղբյուրը՝ Ermenihaber.am