Armtimes.com-ը գրում է.
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական մարմինների համատեղ նիստը, որ տեղի ունեցավ երկուօրառաջ Երեւանում, ապրիլյան պատերազմից հետո առաջինն էր: Հեռուստամարաթոնն այս տարի նվիրված կլինի Թալիշին եւ պատերազմից տուժած մյուս բնակավայրերին, ու չնայած դրան` վտանգը, որ հավաքված գումարը խայտառակ փոքր կլինի, մեծ է:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ներկայացնելով «Մարաթոն-2016»-ի նպատակաուղղվածության մասին իր զեկույցը, առաջարկել է հեռուստամարաթոնի ծրագրում ներառել Արցախի՝ ապրիլյան պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնումը, ինչը խորհրդի անդամների կողմից միաձայն հաստատվել է: Խոսքը Մարտակերտի շրջանի բնակավայրերի մասին է՝ Մարտակերտ եւ Մատաղիս քաղաքների եւ Թալիշ գյուղի, որոնք առավել մեծ չափով են տուժել չորսօրյա պատերազմի օրերին: Ճակատագրի հեգնանքով «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2005թ. հեռուստամարաթոնից ստացված ողջ հասույթը նույնպես ուղղվել է «պատերազմից առավել մեծ չափով տուժած ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքային զարգացմանը»: Տասնմեկ տարի անց, պատմությունը կրկնվում է, եւ աշխարհասփյուռ հայությունը գումար է հանգանակելու կրկին Մարտակերտի շրջանը վերակենդանացնելու նպատակով:
Այս ընթացքում հիմնադրամը նաեւ նույն նպատակի համար միջանկյալ-արտահերթ դրամահավաք կազմակերպեց` ապրիլի 25-ին հատուկ ուղերձով դիմելով հայությանը, որտեղ կոչ էր արվում համախմբվել Արցախի շուրջ եւ հանգանակություն կատարել չորսօրյա պատերազմից տուժած ենթակառուցվածքները վերականգնելու եւ ընտանիքներին օգնելու համար: Իսկ մայիսի 14-ին ԱՄՆ-ում արտահերթ հեռուստամարաթոն կազմակերպվեց, որի ընթացքում Արցախին օգնելու համար 1 միլիոն 102 հազար 357 դոլար հանգանակվեց: Այս գումարը նույնպես կուղղվի պատերազմից հետեւանքները վերացնելուն:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը ավանդաբար կազմակերպվում է նոյեմբերի վերջերին եւ ամեն տարի՝ հատուկ խորագրով: Այս տարի հեռուստամարաթոնի խորագիրն, ըստ ամենայնի, ապրիլյան պատերազմի ու ավերված բնակավայրերը վերակառուցելու մոտիվներով կլինի:
Վերջին տարիներին հիմնադրամին տրված հանգանակությունները տարին տարվա վրա միայն նվազում են: Հիմնադրամի գործունեությունն էլ լավագույն ձեւով չի ընթանում, առաջին տարիների էնտուզիազմն արդեն վաղուց չկա: Նախկինում հիմնական միջոցառումը` տարեկան հեռուստամարաթոնը ուղեկցվում էր գրեթե բոլոր տեղական մարմիններում կազմակերպվող դրամահավաք-ճաշկերույթներով, բարեգործական համերգներով, ցուցահանդեսներով: Անցյալ տարի, սակայն, նման միջոցառումներ կազմակերպվեցին ընդամենը երեք երկրում, այն դեպքում, երբ հիմնադրամը աշխարհի 30 երկրում տեղական մարմիններ ունի:
2012 թվականից այս կողմ չի կազմակերպվում Մոսկվայի ավանդական դրամահավաք-ճաշկերույթը, որի շրջանակներում ռուսաստանաբնակ հայ մեծահարուստները, որպես կանոն, հանգանակում էին ողջ մարաթոնի ժամանակ հավաքված գումարի առյուծի բաժինը: Առաջին տարին Մոսկվայի ճաշկերույթի չեղարկումը հիմնադրամի ներկայացուցիչները բացատրեցին Ռուսաստանում տիրող վատ վիճակով: Հայաստանի քաղաքական շրջանակները, սակայն, ավելի շատ քաղաքական բացատրություններ էին փնտրում դրա մեջ: Ապրիլյան պատերազմի եւ վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների պրիզմայով հետ նայելով՝ ակնհայտ է դառնում, որ իսկապես Մոսկվայի ճաշկերույթի չեղարկման պատճառները պետք է փնտրել ոչ թե ՌԴ-ում, այլ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում:
Նույնը չի կարելի ասել մյուս երկրներում եւ քաղաքներում հիմնադրամի տեղական մարմինների աշխատանքների պասիվության եւ առհասարակ ավելի քիչ հանգանակություն անելու՝ աշխարհասփյուռ հայության տրամադրվածության մասին: Սրանց հիմքում մեկ բան է. Հայաստանի կառավարման համակարգում եւ իշխանությունների շրջանում կոռուպցիայի անասելի բարձր մակարդակը, ինչը էլ ավելի սուր աչք ծակեց հենց պատերազմի ֆոնին: Սփյուռքահայերը, ինչպես հայտնի է, չեն սիրում, երբ իրենց փորձում են հիմարացնել: 2013 թվականին հիմնադրամը ստացել է 22 661 372 դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում, 2014 թվականին` 12 399 550 դոլարի, 2015 թվականին` 10 378 465 դոլարի:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում