▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենց ուժդ կպատի էս հարցի տակից ելնելու, կգաս մեզ «դիլխոր» կասես

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

 

«Պռապուսկատի ավետարան

Այստեղ կարող էր լինել մի շատ երկար հոդված գյումրեցի լրագրողներին դաս տվողների մասին, դաս տվողների դաս տվողների մասին, վարչապետի Գյումրի կատարած տուրիստական այցի եւ ԱԺ ընտրությունների համատեքստում պատմած Նյու Վասյուկի ապգրեյդի մասին, այն մասին, որ մենք այդ երգը վաղուց ու տարբեր գործիքավորմամբ ենք լսել եւ դրանից անօթեւան ընտանիքների հյուծված տնակները քարաշեն տների չեն վերածվում, այն մասին, որ կարող է ինչ-որ բան անեն քաղաքի հումանիտար աղետը մեղմելու համար, բայց պիտի արվի, որ լրագրողն ու մյուսները տեսնեն ու ձեւ չունենան հարցնելու խոստումների երաշխիքների մասին, ու քանի խոսվում է միայն ու չի արվում, կարող էր լինել նորից մի հոդված այն մասին, որ պետությունը, ի դեմս վարչապետ-սերժիկ-գալուստների Գյումրու փաստացի անօթեւան 3500 ընտանիքներից միայն հազիվ 10%-ին է անօթեւան համարում, իսկ մնացած 90%-ին չի համարում, պիտի գրվեր նաեւ գեղական փիարի այն զանգվածային զոհերի մասին, թե բա, «մարդը լավ բան է ուզում անել, ընչի եք ոտ զարկում», որ մարդու բարությամբ չպիտի արվի քաղաքացու փրկության գործը, այլ պաշտոնական ջանքով ու պարտականությամբ, պտի գրվեր այն մասին, որ քաղաքացուն խոտակերի տեղ չի կարելի դնել, առնվազն այն պատճառով, որ կարող է սոված լինել ու վերցնել ուտել իրեն խոտակերի տեղ դնողին, պիտի բացատրվեր, որ Գյումրին, կամ այն, ինչ մնացել է քաղաքից, միայն Աբովյան ու Շիրազի փողոցները չեն, Գյումրին նաեւ աղբանոցներում քջուջ անող հարյուրավոր մարդիկ են ու 96 տնակային թաղամասերում սառող-սատկող դիլխորներն են, որ իրեն հարց տվող լրագրողների կեսից ավելին տնակներում են մեծացել, ու գարուն-աշուն սեզոնին կրկնակոշիկներով են քաղաք ելնում դեռ, որ ցեխի մեջ չխեղդվեն։ Կարող էի պատմել ավելի մանրամասն, որ Գյումրու կամ Վանաձորի փողոցների ու բակերի միավոր մակերսի համար (կամ շնչին ընկնող հաշվով) տարեկան 3,5-8 անգամ պակաս փող է ծախսվում, քան Երեւանի փողոցների ու բակերի միավոր մակերեսի համար, ու անպատասխան հարցնեի՝ ինչո՞ւ, էս հո խտրականություն լինելուց բացի չաթլախություն է, մնացած համայնքների ավերը մտքներս դեռ, բացատրեի, թե ինչու են գյումրեցիք դիլխոր թվում գաստրոլների եկած «խփող» ու վերջը «խփվող» պաշտոնյաներին, ու, որ իրականում, լրագրողներից թթված պաշտոնյաներն են դիլխոր, հանգամանորեն բացատրեի, որ լրագրողի սխալի կամ վրիպման պատճառով դեռ ոչ ոք չի ցրտահարվել ու զրկվել մատներից կամ կյանքից, դեռ ոչ ոք ոչ մի լրագրողի դիլխոր հոդվածից չի արտագաղթել կամ զոհվել 80-ականների զենքի կամ փամփուշտի պակասի պատճառով, դեռ ոչ մի լրագրողի պատճառով ոչ մի ընտրություն չի կեղծվել ու ոչ մի խեռս նախագահի պաշտոնը չի զավթել այդպիսով։ Կուզեի պատմել, որ էս համատարած ցեխի մեջ վարչապետի տրամը գուցե հազարներին հույս է տվել ու ստամոքսներում թիթեռ են զգացել, եւ մեղադրելի չէ նրանց խանդավառությունը, բայց պիտի հաշվի առնեն նաեւ, որ տառապանքի փորձը հավայի չի անցնում, հարցի է վերածվում առնվազն՝ բա երաշխիքը՞ անուշ ախպեր, եւ պիտի հավելեի, որ էս հարցի պատասխանը լրագրողները չպիտի տան, սա վարորդական իրավունքի քննություն չէ շաբլոնով, խոստում տվողը, թե կուզի լուրջ ընդունեն, ինքը պիտի երաշխիքը պատմի, ոչ թե թողնի, որ հարցնեն։

Էս ամբողջը վայթե քսանհինգ տարի գրել եմ, հաչել ու խնդրել ու բացատրել…, էլ դուզ խոսքն իշուն են ասում։ Հմի մի մանր հարց մնաց վարչապետին.

-Այ իմ հավեսով ախպեր, ասա իմանանք, որ Գյումրու զարգացման հեռանկարի գեներալ վեկտորը տուրիզմն ես տեսնում, ի դեպ, լավ ես անում, ինչո՞ւ մեր Մինասի չորս շքեղ որմնանկարները, որ նախանախորդդ յուր նախարարի հետ փախցրեցին, տարան Երեւան, որոշեցիր չվերադարձնել քաղաքին, ու Ամիրյան նախարարիդ ձեռամբ պատասխան ղրկեցիր, թե «նպատակահարմար չէ վերադարձնել»։ Այսինքն՝ մեզ տուրիզմի զարգացման վասյուկի, ձեզ՝ մեր նյութական ու մշակութային հարստությունը, հա՞։ Հենց ուժդ կպատի էս հարցի տակից ելնելու, կգաս մեզ «դիլխոր» կասես, հենց պատասխան չունեցար՝ մենք կիմանանք դիլխորն ով է։

Պռապուսկատի տեսությունը մեղայական է հուշում, ու հատուցումը ներդնելիք ընտանեկան փողի չափից կախված չէ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее