Haynews.am-ը գրում է.
Եթե ես հաշմանդամ մնամ՝ ինձ կխփեմ...բանակ գնալու առաջին իսկ օրից 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի գլխում միշտ այս միտքն է եղել, այն նույն Ուրֆանյանի, ով, գիտակցելով մոտալուտ վտանգը, վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրեց իրեն շրջապատել փորձող հակառակորդին՝ կյանքի գնով փրկելով իր տղերքին:
«Այնքան վստահ էի, ընդհանրապես չէի մտածում, որ Արմենիս մի բան կլինի: Ախր Արմենս շատ պատրաստված էր»,-ասում է հերոսի մայրը՝ տիկին Համեստը:
Մայրը հպարտությամբ է խոսում հերոս որդու մասին, հետո խնդրում մյուս որդուն, որ մի բան էլ ինքը պատմի: «Ախպոր հետ շատ էր կիսվում, կարող ա ինձ օրերով չզանգեր, բայց առանց ախպոր կյանք չուներ: Նույնիսկ, որ Երևան էր գալիս, գնում ախպոր տանն էր մնում»,-ասում է նա:
Եղբայրը, ինչպես երևում է, խոսել չի սիրում: Միայն պատմում է, որ եղբոր զոհվելուց հետո գնացել է դիրքեր, ծանոթացել եղբոր հետ հավասար պայքար տված տղերքի հետ: Ուզում է շարունակել խոսակցությունը, բայց հյուրերը չեն թողնում. ծանոթ ու անծանոթ նրանց տուն են այցելում՝ շնորհակալության, գովեստի, երբեմն էլ ցավակցական խոսքեր ասելու, բայց տիկին Համեստին վերջին խոսքերը դուր չեն գալիս:
«Խնդրում եմ, մի ասեք ցավակցում եմ, իմ տղան ողջ ա, նա մեր հետ ա»,-ցավակցական խոսքերից շատ է հուզվում հերոսի մայրը, հետո էլի շարունակում. «Էնքան բան կա Արմենիս մասին պատմելու, իմ հերոս տղու, բայց մոռանում եմ, ընկերուհիներս են հիշեցնում, որ տարիներ առաջ էսպիսի պատմություններ ա եղել»,-ասում է նա, հետո հիշում, թե ինչ պետք է պատմեր:
«Արմենիս հետ հավասար սգացել եմ նաև էն խեղճ երեխու՝ Քյարամի մահը: Արմենս շատ էր պատմում իրա մասին: Պատմում էր, թե մի անգամ տղերքը նեղել են Քյարամին իր եզդի լինելու համար, էս Արմենս էլ ասել ա՝ եթե սրանից հետո մեկը Քյարամին նեղի՝ իր հետ ա գործ ունենալու: Ասում էր՝ «շատ լավ երեխա ա, մամ»: Հետո Քյարամը մոտեցել ա Արմենիս, ասել ա՝ «պարոն կապիտան, շնորհակալ եմ, որ իմ թիկունքին կանգնած եք: Հենց գնանք Երևան՝ հորս ասելու եմ ձեր համար մի գառ մորթի»...է՜հ, խեղճ բալա»,-պատմում է տիկին Համեստը, հետո նշում. «Ամեն անգամ Քյարամի մասին խոսելիս միայն մի բանում եմ հանգիստ, որ էտ անասունների ձեռը Արմենիս չի հասել, որ իմ երեխուն մատով չեն կպել»:
Մեր խոսակցությունը դարձյալ ընդմիջվում է. Ուրֆանյանները հյուրեր ունեն. երկու աղջիկ են եկել՝ ձեռքներին սպիտակ վարդեր. «Վարդերը ձեզ ենք բերել, ապրեք, որ Արմենի նման տղա եք դաստիարակել»,-ասում են նրանք, իսկ տիկին Համեստը ասում է. «Գիտե՞ք Արմենս ինչու էր էտքան քաջ, փոքր ժամանակ ամեն գիշեր հեքիաթի փոխարեն իրեն Վազգեն Սարգսյանի մասին եմ պատմել, իր համար հերոս էր դարձել, ասում էր՝ «մեծանամ՝ Վազգենի նման տղա եմ դառնալու»... ու դարձավ իմ բալեն»,-ասում է, հետո ավելացնում. «Արմենս, Վազգենը քեզ շուտ տարավ իրա մոտ, իր նման առանց ամուսնանալ գնացիր»,-սկսում է լացել տիկին Համեստը:
Արմենակ Ուրֆանյանը վերջերս էր նշանադրվել: Որոշել էր՝ հարսանիքը լինելու է սիրելիի՝ Գոհարիկի ծննդյան օրն ու իր սիրելի եկեղեցում՝ Նորք-Մարաշի Սուրբ Մարիամ Աստվածածինում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում