Ամերիկացի դիետոլոգները հայտարարել են, թե պարզել են` որն է ամենաօգտակար բանջարեղենը: «Ամենաօգտակար բանջարեղեն» տիտղոսին արժանացել է ծաղկակաղամբը. Դրանում պարունակվող վիտամիններն ու միկրոտարրերն անհրաժեշտ են մարդու օրգանիզմի համար:
Այս բանջարեղենն օգտակար է նաև նրանով, որ շատ արագ է յուրացվում օրգանիզմի կողմից: Դիետոլոգների կարծիքով` ծաղկակաղամբի 50 գրամում պարունակվում է C վիտամինի օրվա անհրաժեշտ չափաբաժինը: Ծաղկակաղամբում պարունակվում է նաև մեծ քանակությամբ A վիտամին, որը մեծ նշանակություն ունի տեսողության և մաշկի համար: Կան նաև B խմբի վիտամիններ, որոնք ամրացնում են սրտանոթային և նյարդային համակարգերը: Ծաղկակաղամբը հարուստ է մագնիումով, երկաթով, ինչպես նաև հանքանյութերով, լիմոնաթթվով:
Մասնագետները խորհուրդ են տալիս ծաղկակաղամբն օգտագործել լյարդի, լեղապարկի, աղիքային հիվանդությունների, ինչպես նաև ճարպակալման դեպքում: Այս բանջարեղենը նվազեցնում է օրգանիզմում խոլեստերինի պարունակությունը, նշանակում է` նվազեցնում է սրտի նոպայի, ուղեղի և սրտի կաթվածի հավանականությունը:
Ծաղկակաղամբը շատ օգտակար է նաև երեխաների համար, քանի որ պարունակում է օգտակար բուսական սպիտակուցներ, որոնք կարևոր են աճող օրգանիզմի համար: