▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրական գուրգուրանքից զրկված 5 փոքրիկներ... Որովհետև հրահանգվել է`«քաղաքականապես այդպես է պետք»

Oգոստոսի 2-ն է:  Կիզիչ արևը ավելի տառապալի է դարձնում օրը:  Կարինը և ես  դժվար բայց կարեվոր այցելություններ ունենք:

Առաջին կանգառը Արմենենց տունն է:

Նա ունի երեք քնքուշ  աղջիկներ: Ամենակրտսերը 1.5 տարեկան է, չնայած գիտակցաբար չի ընկալում պահի տխրությունը, բայց բնազդը նրան այնուամենայնիվ հուշում է, որ ինչ որ մի բան այն չէ:

Ավագ աղջիկը, 12 տարեկան , կանգնած է միջանցքում և ներս է մտնում միայն կարճ ժամանակով՝ փոքրիկին հանգստացնելու համար:

Նա լսում է մեծահասակների խոսակցությունը պատի այն կողմից:

Մենք բոլորս անհանգստացած ենք Արմենի համար:

Մենք համակարծիք ենք, որ ապացույցները հստակ մատնանշում են ճիշտ հակառակը` նրա մտադրությունները և ակտիվ կոչը՝ հանգստությունն ու խաղաղությունը պահպանելու համար էին:

Մենք բոլորս դիտել ենք տեսանյութերը մի քանի անգամ:

 

Արմենի մայրը պատմում է, որ մեղադրանք ներկայացնելուց հետո, իրավապահները որդուն  թույլ են տվել վերադառնալ  տուն ընդամենը մի քանի ժամով` իրերը կարգի բերելու համար:

Հեռանալիս նա գրկել է իր երեք աղջիկներին և ասել. «Ձեր հայրը գնում է բանտ, բայց նա վատ մարդ չէ, նա արել է այն, ինչը ճիշտ է»:

Հուսով եմ որ  աղջիկները այս անգամ էլ անվերապահորեն հավատացել են հայրիկին:

Դուրս գալուց ես գրկում եմ ավագ աղջկան և ասում. «Գիտե՞ս, ձեր հայրը լավ մարդ է ևվ  նա ուզում է ավելի լավ Հայաստան՝ բոլորիս համար»:

 

Մեր հաջորդ կանգառը Էրեբունի ամրոցի մյուս կողմում է:

Սա ծանոթ վայր է, քանի որ ես ծնվել եմ այս սարի հակառակ կողմում:

Մենք կանգ ենք առնում սեփական տան դարպասների մոտ:

Առաջին դուռը Դավիթի հորեղբոր տունն է և մեզ բարեհամբույր ձևով ուղղորդում են դեպի հաջորդ դուռը:

Այստեղ մեզ սկզբում դիմավորում են Դավիթի ծնողները, որից հետ նրա գեղեցիկ կինը:

Տարոնը համակարգչի մոտ է: Ծնված օրվանից նա իմ ամենասիրելին է, հավանաբար՝ նաև այն պատճառով, որ կրում է իմ որդիներից մեկի անունը: Չնայած Տարոնն ընդհամենը 8 տարեկան է,  նրա ուժեղ, առնական անհատականությունը առկայծում է ներսից: Նա հպարտանում է իր հորով և ուշի ուշի հետևում է իրադարձություններին՝ համացանցի միջոցով: Նրա կրտսեր եղբայրը լուռ է, նա զգում է, որ արտառոց ժամանակներ են:

Նայում եմ Դավիթի մորը և հիշում  տեսանյութը`  Դավիթին անգիտակից  վիճակում կոպտորեն քարշ են տալիս չորս քողարկված ոստիկաններ:

Մոր ձայնը զնգում է ականջիս մեջ.  « Ջուր բերեք….  երեխա եմ  ծնել, աշխարհ բերել ….»: Նա պատմում է  թե այդ խառնաշփոթի մեջ ինչպես է Դավիթը կանգ առել օգնելու մի երիտասարդ աղջկա, որի հագուստը բռնկվել էր խլացնող նռնակների կրակից այդ տխրահռչակ գիշերը: Նա մեղանչելով ընդունում է, որ ավելի շատ մտահոգված  էր Դավիթի համար: Ես արագ հանգստացնում եմ նրան` ասելով, որ ինքս հինգ երեխաների մայր եմ և լավ ծանոթ այդ զգացմունքին:    

Մեկնելիս, ես գրկախառնվում եմ Տարոնի հետ և փորձում մի քանի բառ ասել, որպեսզի նա իրեն ավելի լավ զգա:

Երբ նստում ենք մեքենան, Կարինը և ես լուռ ենք: Սարսափելի զգացում է խեղդում մեզ: Հինգ փոքրիկներ, որոնք զրկված են հայրական գուրգուրանքից, և այս բոլորը  որովհետև  հրահանգվել է «քաղաքականապես այդպես է պետք»:  Մտքումս  Սիամանթոյի խոսքերն  են` « Ո՛վ մարդկային արդարություն, թո՜ղ ես ...»:

 

Արմինե Հովհաննիսյան

Օրրանի հիմնադիր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее