Իսկ ինչու չունենանք հեռուստահաղորդում` ԻՆՉ ԿԱՐԴԱԼ ԱՅՍՕՐ, կամ ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ԽՈՍԵԼ: Օրինակ եթե չեմ սխալվում կա այսպիսի հեռուստահողորդում` ԻՆՉ ԵՓԵԼ ԱՅՍՕՐ: Իսկ ինչու չլինի մի հեռուստահաղորդում էլ ԻՆՉ ԿԱՐԴԱԼ ԱՅՍՕՐ խորագրով, կամ ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ԽՈՍԵԼ խորագրով, որտեղ առաջին դեպքում կխոսվի գրական աշխարհի նորությունների մասին ու ոլորտի գիտակները կփորձեն խորհուրդ տալ, թե ինչ արժի կարդալ ինչ չի կարելի, իսկ երկրորդ դեպքում էլ կսովորեցնեն ճիշտ հայերենով խոսել:
Մի նրբերանգ միայն պիտի հաշվի առնել, որ երկու դեպքում էլ պիտի խուսափել իրար կողք կողքի հավաքել ինչպես գրականության աշխարհի մարդկանց, նույնպես էլ լեզվաբաններին, քանի որ առհասարակ մտավորականության մեջ կա ձևավորված մոտեցում, թե իրենցից այն կողմ աշխարհ չկա, իսկ մի քանի հոգի նման ինքնահամարում ունեցողի մի սենյակում հավաքելն արդեն կնշանակի հօդս ցնդեցնել ամեն բան ու գալ զրոյական կետի` թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա:
Ի դեպ, ասում են բրիտանական խորհրդարանում յուրաքանչյուր տարի ամառային արձակուրդներից առաջ խորհրդարանի երկու պալատների անդամների համար էլ մասնագիտական հանձնախումբը սահմանում է արձակուրդների ժամանակ պարտադիր ընթերցվելիք գրքերի նվազագույն ցանկ, իսկ արձակուրդի վերադարձից հետո, ինչպես Համայնքների պալատի անդամները, այնպես էլ լորդերը համապատասխան քննություն են հանձնում, թե որքանով են կատարել հանձնարարականը: